«Ադրբեջանը վճռական է իր ծագումով հայ քաղաքացիներին երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական տարածություն վերաինտեգրելու հարցում՝ համաձայն երկրի օրենսդրության և Սահմանադրության՝ ապահովելով իր բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ՝ անկախ նրանց ազգային և էթնիկ ծագումից»,- այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռովշան Սադըգբեյլին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ։
Նրա խոսքերով՝ «Ադրբեջանն արդեն ջանքեր է գործադրել հարաբերություններ հաստատելու տեղի ծագումով հայ բնակիչների հետ՝ լուծելով տարածաշրջանի ջրամատակարարման, տրանսպորտի և էներգամատակարարման հետ կապված կարևոր հարցեր»։
Որպես ջանք ադրբեջանական կողմում, հավանաբար, ընկալվում է Արցախի շրջափակումը և Արցախցիներին տարրական կենսական պայմաններից զրկելը: Ադբեջանական կողմում արդեն կասկածներ չկան, որ Արցախն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին, իսկ արցախցիները Ադրբեջանի քաղաքացիներ են։ Դրա վկայությունն է արդեն տևական ժամանակ զարգացվող խոսույթը «Ադրբեջանի՝ ծագումով հայ բնակչությանը ադրբեջանցիների հետ հավասար իրավունքներ տրամադրելու» մասին։ Սա առաջին փորձը չէ լեգիտիմություն ապահովելու այդ թեզի համար։ Մեկ ամիս առաջ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, լուծում առաջարկելով իրենց իսկ ստեղծած հումանիտար աղետի համար, հայտարարել էր․ «Ղարաբաղի հայ բնակչությունը սննդի և բժշկական պարագաների խնդիր չունի։ Ադրբեջանական կողմը պատրաստ է տրամադրել ցանկացած մարդասիրական օգնություն»։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանցի ագրեսորները փակել են Բերձորի միջանցքը՝ Արցախը մատնելով լիակատար շրջափակման։ Թշնամին պարբերաբար կտրում է Արցախի գազամատարակարարումն ու էլեկտրականությունը՝ հումանիտար ու հոգեբանական տեռորի ենթարկելով մարդկանց։ Թե որքանո՞վ է մարդասիրական «սեփական բնակիչներին» զրկել ցրտաշունչ ձմռանը ջեռուցումից, հիվանդներին անհրաժեշտ դեղորայքից և հրատապ բժշկական միջամտությունից, հարցի այլ կողմն է: