Բոլոր տղաներն էլ խաղեր սիրում են: Այս տղան սիրում էր հատուկ խաղեր, խաղեր, որոնց ժամանակ պետք է մտածել: Նրանց տանը հաճախ էին պապիկներ հավաքվում` դեսից-դենից խոսելու, նարդի կամ շաշկի խաղալու համար: Փոքրիկ Տիգրանը սիրում էր խաղալ նրանց հետ և մեկը մյուսի հետևից հաղթում էր փորձառու մրցակիցներին:
Բայց շախմատից նա սկզբում ոչինչ չէր հասկանում և ամաչում էր հարցեր տալուց: Մի օր պատահմամբ Տիգրանի ձեռքն ընկավ շախմատի մասին մի գիրք: Նա կարդաց գիրքը, և ամեն ինչ փոխվեց… Տղան պարզապես հարձակվեց շախմատի վրա: Խաղն այնպես կլանեց նրան, որ մյուս խաղերը, անգամ ֆուտբոլը կորցրին իրենց հմայքը: Եվ Տիգրանը սկսեց շախմատի մրցաշարերի մասնակցել:
Նա մասնակցում էր Վրաստանի պատանեկան առաջնությանը, որտեղ շատ ուժեղ մրցակիցներ ուներ: Իսկ ինքը, թեև շատ տաղանդավոր էր, բայց այնքա՛ն ամաչկոտ էր, այնքա՛ն էր թերագնահատում իր ուժերը, որ կարծում էր՝ բոլոր հաղթանակները միայն բախտի բերմամբ են ստացվում: Երբ նա 16 տարեկանում դարձավ պատանիների առաջնության չեմպիոն, դեռ ոչ մի անգամ չէր պարտվել: Պատկերացրու՛, թե ոնց զարմացան հայտնի շախմատիստները.
– Ինչպե՞ս, երեխա է և ոչ մի անգամ չի՞ պարտվել:
Տարիներ անց Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը: Այդ օրերին, երբ ընթանում էր պայքարը չեմպիոնի տիտղոսի համար, Հայաստանում մարդիկ ապրում էին միայն շախմատով: Ամեն երեկո հազարավոր հայեր, հանգիստը կորցրած, տուն-տեղ թողած, հավաքվում էին զբոսայգիներում, հրապարակներում և սպասում էին լուրի, թե ինչպես է ընթանում պայքարը, որի գլխավոր հերոսը Տիգրան Պետրոսյանն էր: Ասում են՝ այդ տարի Հայաստանում հանցագործությունները խիստ նվազել են, քանի որ բոլորը, նույնիսկ հանցագործները տարված են եղել շախմատով։
Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին Թիֆլիսում։ Մասնագիտությամբ փիլիսոփա էր: Սովորել է ԵՊՀ-ում, ստացել է փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան, թեզը կոչվում էր «Շախմատային տրամաբանություն․ շախմատային մտածողության տրամաբանության որոշ խնդիրներ»:
Իր եզակի խաղաոճի համար շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոնին կոչում էին «Երկաթե Տիգրան»: Նա ուներ գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճ։ Պետրոսյանն ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար: Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը նրան դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պետրոսյանը որբացել է և ապրուստ վաստակելու համար ստիպված է եղել ավլել փողոցները։
Շախմատիստի վրա մեծ ազդեցություն է թողել դանիացի գրոսմայստեր Արոն Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Վերջինիս «Շախմատային պրակտիկա» գիրքը գնելու համար շախմատիստն օգտագործել է իր օրաբաժինը։ Եվ ինչպես հետագայում Պետրոսյանը նշել է, իր շախմատիստ դառնալու վրա այդ գիրքն ունցել է հսկայական ազդեցություն։ Մյուս խաղացողը, ով Տիգրան Պետրոսյանի վրա ունեցել է մեծ ազդեցություն, եղել է Խոսե Ռաուլ Կասաբլանկան։
Պետրոսյանը սահմանել է բազմաթիվ ռեկորդներ, միութենական 6 առաջնություն անցկացրել է առանց պարտության, շախմատի 10 համաշխարհային օլիմպիադաներում հասել է տպավորիչ արդյունքի՝ 79 հաղթանակ, 50 ոչ ոքի, ընդամենը 1 պարտություն: 50 տարեկանում 2-րդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող:
-Ի՞նչն է ավելի լավ՝ գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը,- ինքն իրեն հարցրել է շախմատի արքան և ինքն էլ պատասխանել,- ամենալավը հաղթելն է…
Հեղ.` Մարիամ Մարգարյան