Էսսե

Երրորդ ուժ. ի՞նչ է դա և ե՞րբ է առաջանալու

03 / 06 / 2022

«Եվ արդեն որտեղի՞ց, ինչպե՞ս, ո՞րի բերանով հորջորջվեցին այս երկու հոսանքը՝ վարդանանք, վասակյանք»,- հեղինակային տարակուսանքով գրում էր «Վարդանանքի» առաջին գրքում Դերենիկ Դեմիրճյանը[1]։ Ճիշտ այս նույն անտեսանելի տարերայնությամբ 2020 թ․նոյեմբերին՝ Արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից և կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, առաջ եկավ «երրորդ ուժի», նույնն է թե՝ «նոր դեմքերի» մասին հանրային խոսույթը։ Փաստարկային շղթան հետևյալն էր՝ «նախկինները վատն են, ներկաները վատն են, հետևաբար՝ պետք է երրորդ ուժ»։

Կետ առ կետ փորձենք հասկանալ այս պնդման մեջ զետեղված հասկացությունների իմաստը և ըստ այդմ՝ բուն պնդման փաստարկվածությունն ու առարկայականությունը։ Հարցին պատասխանելու համար առաջնային է հասկանալ ժողովրդական խոսքում որպես «ուժ» սահմանվող վերնախավ կամ էլիտա հասկացության իմաստը։ Վերնախավ կամ ընտրանի է համարվում որևէ խմբի, մեծ հանրույթի (այս դեպքում՝ ազգի)՝ տվյալ խմբի, մեծ հանրույթի մյուս անդամներից անհամաչափորեն մեծ ռեսուրսի (մտավոր, հոգևոր, բնական, նյութատեխնիկական) տիրապետող փոքրաթիվ անդամներից բաղկացած շերտը, որն իր ներսում կապված է հորիզոնական և ուղղահայաց կապերով, ընդհանուր արժեքներով ու շահերով, և որի գործունեությունն ու կենսակերպն ամենօրյա կերպով ազդում են տվյալ խմբի, մեծ հանրույթի կյանքի վրա։ Ազգային վերնախավի պարտադիր հատկանիշներից է տվյալ ազգի կենսական շահերի հետ ինքնանույնացումը, այդ շահերին սպառնացող քաղաքակրթական մարտահրավերների ֆիքսումը և այդ շահերի պաշտպանության համար երկարաժամկետ ծրագրի հղացումն ու պատասխանատու կերպով իրականացումը։

Վերնախավի գոյության համար կա մեկ նախապայման՝ անընդհատ ժառանգական շարունակականություն, և մի քանի պայման՝ գաղափարներ, ինստիտուտներ, նյութական բազա և այն պայքարը, որում կոփվում է տվյալ վերնախավը։ Դիցուք՝ ՀՀ առաջին վերնախավի ներկայացուցիչներին «արտադրած» ինստիտուտները ԽՍՀՄ պետականաշինության, արդիականացման և 1960-ականների ազգայնականության արգասիքը հանդիսացող կառույցներն էին՝ Երևանի Մատենադարանից մինչև ստեփանակերտյան Կոմսոմոլ։ Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ապա դա տվյալ շրջանի համաշխարհային միտումների բովում առաջացած հակագաղութային-ազատագրական իդեան էր, որ միս ու արյուն ստացավ Ղարաբաղյան շարժման և «Ղարաբաղը մերն ա» կարգախոսի տեսքով։ 1994 թ․-ին Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո ազգային վերնախավը չարդիականացրեց իր սեփական գաղափարախոսությունը՝ Արցախի հարցն այնտեղ ապրող հայերի ինքնորոշման իրավունքի խնդրից փոխադրելով ամբողջ Հայաստանի անվտանգությանը վերաբերող և գոյաբանական թշնամուց պաշտպանվելու խնդրի համազգային մակարդակի։ Փոխարենն այս կամ այն կերպ որդեգրվեցին համաշխարհային գաղափարների շուկայում առկա գաղափարախոսական մոտեցումները՝ տեղ-տեղ դրանց կարկատելով ազգայինի աստառ։ Ի դեպ, հենց այս թույլ գաղափարականացվածությունն էլ հանգեցրեց 2018 թ․-ի շարժման հաղթարշավին։ Բանն այն է, որ հասարակական-քաղաքական սերնդափոխության, երկրի տնտեսության աճի համեմատ բնակչության սոցիալ-տնտեսական ակնկալիքների անհամաչափ աճը և էլիտար հավակնություններով մարդկանց՝ նորմայից մեծ թիվը վաղ թե ուշ հանգեցնելու էր արմատական իշխանափոխության՝ հաշվի առնելով, որ խոսքը բնական հարստություններից զուրկ երկրի մասին է։ Զսպող դեր կարող էր ունենալ ինքնության քաղաքականության և հանրային ֆրուստրացիայի ճիշտ կառավարումը՝ ապահովելով իշխող վերնախավի և հասարակության լայն շերտերի մոբիլիզացիա արտաքին թշնամու դեմ։ Բացառապես մատերիալիստական եղանակով վերնախավի ներսում իրար մեջ և վերնախավից դուրս վերջինիս դեմ հակամարտող խմբերի բալանսավորման փորձերը հանգեցրին համակարգի գաղափարական վակուումի, իսկ  կրակն ավելի արագ է տարածվում դատարկ, միայն օդով լցված տարածքում…

Անդրադառնալով ներկա էլիտայի առաջացման գաղափարական պայմաններին՝ պետք է փաստենք, որ Հայաստանի պատմությանը, տարածաշրջանում ունեցած դերին, դժբախտությունների պատճառներին և ապագա հնարավոր զարգացմանը վերաբերող վերջինիս գաղափարները գերազանցապես հարում են թուրքական և ադրբեջանական քարոզչական թեզերին՝ համեմված ֆուկույամայական «պատմության ավարտի»[2] և «հավերժական դեմոկրատական խաղաղության»[3] կույր պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է ներկա էլիտայի անդամներին կերտած ինստիտուտներին, ապա դրանց ջախջախիչ մեծամասնությունը եղել են Հայաստանում գործող օտարերկրյա հակահայկական փափուկ ուժի կառույցները[4], որոնք, 1990-ականներից սկսած, հետևողականորեն իրենց շարքերում են առել ավանդական հասարակական-քաղաքական համակարգի կողմից մեկուսացված և/կամ իրենց այդպիսին համարող անձանց՝ նրանցից ձևավորելով, ակտիվ, շարժուն և գործունյա սոցիալական կապիտալ։

Առանձին ուշադրության են արժանի նաև այն պայքարները, որում գոյացել են նախորդ և ներկա էլիտաները։ Առաջինի դեպքում, ինչպես վերը նշեցինք, դա ազգային-ազատագրական պայքարն էր՝ հանուն Հայաստանի անկախության և Արցախի պաշտպանության։ Պայքարի այսօրինակ տեսակն էր, որ շուրջ 3 տասնամյակ պայմանավորեց այդ էլիտայի լեգիտիմությունը՝ 1998 թ․-ին հիմք ծառայելով նաև իր իսկ ներսում խաղաղ իշխանափոխության։ Ներկա էլիտան իր հերթին տասնամյակներով կոփվել է բացառապես ներքին պայքարի «մարտերում», որոնք ուղղված են եղել ավանդական համակարգի և այն պայմանավորող ուղղահայաց հիերարխիայի ինստիտուտների դեմ։ Այս տևական շարժման հանգուցալուծումն էլ հենց 2018 թ․-ի դեպքերն էին, որոնց լեգիտիմությունը հենվում էր վերոգրյալ պայքարի տրամաբանության վրա՝ համեմված եղածը քանդելու հեղափոխական անզուսպ մոլուցքով․

… Բռնության աշխարհը հիմքից կքանդենք՝

Չթողնելով նրանից ոչինչ։

Մենք մեր նոր աշխարհը կկերտենք,

Եվ ով ոչինչ էր, կդառնա ամեն ինչ [5]

Հենց այս է պատճառը, որ անգամ տնտեսական անկումից, ջախջախիչ պատերազմից հետո ու Հայաստանի տարածքի հանդեպ ամեն օր շարունակվող արտաքին սպառնալիքի պայմաններում ներկա իշխանությանը հաջողվում է պահել իր լեգիտիմության մի զգալի մասը․ըստ իրենց՝ նախորդներից մնացած «աշխարհը հիմքից չի քանդվել»։

Մենք միտումնավոր կերպով բաց թողեցինք վերնախավի գոյացման նյութական բաղկացուցիչը՝ դա թողնելով առանձին առարկայական քննարկման։ Այստեղ քննարկված նյութն արդեն իսկ բավական է պատասխանելու մեր սյունակի մայր հարցերին՝ «ի՞նչ է երրորդ ուժը» և «ե՞րբ է առաջանալու»։ Բայց մինչ այդ ևս մեկ անգամ մաթեմատիկական սահմանման պես ֆիքսենք վերևում մեր քննարկածը, այն է՝ ազգային էլիտան ինքն իրեն ազգի կենսական շահերի հետ (անվտանգություն, տարածքի պաշտպանություն, քանակական ու որակական վերարտադրություն) ինքնանույնացնող, այդ շահերի պաշտպանության համար մղվող ազգային պայքարի բովում առաջացող խումբն է, որի անդամներին և դավանած գաղափարները թողարկում են տվյալ ազգի բնականոն (էվոլյուցիոն) հոգևոր-հասարակական զարգացման արդյունք հանդիսացող ինստիտուտները։

Ազգային էլիտայի սահմանումը տալն ավելի դյուրին է, քան հասկանալ, թե ինչ է նկատի առնվում «երրորդ ուժ» մոգական բառակապակցության տակ։ Ուստի՝ «պետք է երրորդ ուժ» և/կամ «երրորդ ուժ որ լինի, նոր կպայքարենք» պնդումների վավերականությունն ստուգելու միակ միջոցը «երրորդ ուժի» տակ նկատի առնվող բոլոր հնարավոր տարբերակները մեր սահմանման պրիզմայով անցկացնելն է։

ՏԱՐԲԵՐԱԿ 1երրորդ ուժ=այլ ազգային ուժ

Այսպիսի մոտեցման մեջ որպես կանխադրույթ է ընդունվում, որ ասպարեզում պայքարում է ազգային վերնախավը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն լավը չէ, կամ որ առհասարակ պայքարողներն ազգային չեն, ուրեմն պետք է այլ ազգային ուժ։ Ֆորմալ առումով այսպիսի մոտեցումը խնդրահարույց չէ, բովանդակային առումով անվավեր է, քանզի որևէ ազգային ուժ չի կարող առաջանալ առանց ազգային պայքարի բովով անցնելու։ Այս պահին հայոց ազգային պայքարի բովանդակությունը կազմում են Հայկական լեռնաշխարհի վերջին հայաբնակ հատվածում հայկական ինքնուրույն քաղաքական կազմավորման գոյությունը և թուրքական ու ադրբեջանական վտանգից վերջինիս ֆիզիկական ապահովությունը ։ Բոլոր այն ուժերը, որ միացել են այս ազգային օրակարգին, արդեն իսկ հայտնի են։ Այդ ուժերից դուրս որևէ նոր ազգային ուժի գոյացման հավանականությունը, ըստ սահմանման, ձգտում է զրոյի։

ՏԱՐԲԵՐԱԿ 2 — երրորդ ուժ=եղած ազգային ուժերի մեջ ավելի երիտասարդ կադրեր

Այսպիսի մոտեցման մեջ որպես կանխադրույթ է ընդունվում, որ ազգային վերնախավի առավել ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ «դուրեկան» չեն, ուստի՝ պետք են նոր, երիտասարդ դեմքեր։ Այս դեպքում խնդիրն այն է, որ էլիտայի վերարտադրման համար կարևոր է ժառանգականությունն ու սերնդային հերթագայությունը։ Եթե եղած առաջնորդները հեռանան ասպարեզից, ապա ոչ մի երիտասարդ դեմք չի կարող գոյանալ, ինչպես 8-ամյա երեխան չի կարող ինքն իրեն մեծանալ։ Ինչ վերաբերում է հարցի բուն փաստական կողմին, ապա արդեն 2020 թ․ նոյեմբերից՝ գոյություն ունեցող ազգային վերնախավը երիտասարդանում է՝ շնորհիվ այն պարբերական պայքարի, որ մղվում է՝ հանուն ազգային օրակարգի։

ՏԱՐԲԵՐԱԿ 3 — երրորդ ուժ=գործող իշխանություններին գահընկեց անելու ընդունակ ոչ ազգային ուժ

Ֆորմալ առումով այս պնդումը վալիդ է, ավելին՝ իրատեսական՝ հաշվի առնելով հայաստանյան քաղաքական դաշտի ակտիվ ֆորմատավորումն օտարերկրյա փափուկ ուժի կառույցների կողմից։ Բովանդակային առումով, սակայն, այսպիսի հեռանկարը չի համապատասխան Հայաստանի իրական ազգային շահերին, քանզի ազգային օրակարգը կարող է սպասարկվել միայն ազգային վերնախավի կողմից։ Պետք է հիշենք, որ Հայաստանի դեպքում ազգային օրակարգի տևական անտեսումը կարող է հանգեցնել առհասարակ ազգ-պետության՝ որպես քաղաքական միավորի, վերացմանը։ Ավելին՝ եթե երրորդ ուժի տակ նկատի է առնվում որևէ ոչ ազգային ուժ, ապա հարց է ծագում, թե առհասարակ ինչու պետք է ձգտել գործող իշխանության հեռացմանը, որն է մեկ ապազգայինը մյուսով փոխելու պրոցեսի ավելացված արժեքը։

Այսպիսով՝ «երրորդ ուժի» մասին խոսույթը բովանդակային առումով անվավեր է  և գեներացված է գերազանցապես առկա երկու ուժերի միջև պայքարում բնակչության մի որոշակի հատվածի՝ ազգային ուժերին միանալը խոչընդոտելու համար։ Երկբևեռ քաղաքական համակարգում, որ բնորոշ է քիչ թե շատ կայացած ցանկացած երկրի, առասպելական «երրորդ ուժի» որոնումներն ընդամենը նպաստում են առկա ստատուս-քվոյի, այն է՝ իշխող ուժի պահպանմանը։

Էդգար Էլբակյան, քաղաքագետ

[1] Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք», երկու գրքով, գիրք առաջին, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968 թ․, էջ 300։

[2] Խոսքն ամերիկացի գիտնական Ֆրենսիս Ֆուկույամայի՝ 1989 թ․-ին արված կեղծ գիտական կանխատեսման մասին է, թե իբր Սառը պատերազմի ավարտը նշանավորում է մարդկության գաղափարական էվոլյուցիայի վերջնահանգրվան և արևմտյան տիպի լիբերալ ժողովրդավարությունների համաշխարհային հաղթանակ (Francis Fukuyama, “The End of Hisroty?”, “The National Interest”, Summer 1989, No. 16 (Summer 1989), p. 4)։

[3] Իմանուիլ Կանտի կողմից մշակված «դեմոկրատական խաղաղության» գաղափարը պնդում է, թե իբր լիբերալ ժողովրդավարությունները, ներքին կյանքի բարքերը տարածելով նաև արտաքին քաղաքականության վրա, միմյանց դեմ չեն պատերազմում (Liberalism in International Relations, International Encyclopedia of Political Science, Los Angeles, 2011, pp. 1434-1435, http://www.stefanorecchia.net/1/137/resources/publication_1040_1.pdf (հղվել է 02.06.2022 թ․))։

[4] Տարատեսակ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, շարժումներ, սոցիալական խմբեր, լրատվամիջոցներ, որոնց մեծ մասը՝ անկախ իրավակազմակերպչական ձևից, ունեցել է արտասահմանյան ֆինանսավորում և ծավալել է ակտիվ տեղեկատվական գործունեություն։

[5] Հատված համաշխարհային պրոլետարիատի օրհներգի՝ «Ինտերնացիոնալի» հիման վրա գրված ՌԽՖՍՀ (1918-1922 թթ․), ԽՍՀՄ (1922-1944 թթ․) և ԱնդրԽՖՍՀ (1922-1936 թթ․) օրհներգից՝ որպես հեղափոխական էթոսի նկարագրական պատկերում։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *