Մշակույթ

Սանգիբարանի Ավետարանը

31 / 08 / 2023

Մաշտոցյան Մատենադարանում պահվող Սանգիբարանի հրաշագործ ավետարանն ամեն տարի Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության տոնի օրը դուրս է բերվում պահոցից և հանդիսավորությամբ տարվում Շողակաթ վանք:

Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության տոնը.

 «Կար մի մարդ` Աստծուց ուղարկված. Նրա անունը` Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1:6-8):

Սուրբ Հովհաննես Կարապետը եկավ Քրիստոսից առաջ՝ Փրկչի գալստյան մասին վկայելու։ Մարդիկ, տեսնելով սրբի անվախ քարոզչությունը, հարցնում էին՝ արդյո՞ք հենց ինքը՝ Հովհաննեսն է Մեսիան։ Նա ժխտում էր և ավելացնում․ «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11):

Նա Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է համարվում։ Սուրբ Հովհաննեսին տրվեց շնորհը՝ Քրիստոսին մկրտելու, սակայն արդար ու ազնիվ մարդն, ով իսկապես գիտակցում էր Քրիստոսի ով լինելը, համեստաբար ասաց․ «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մո՞տ ես գալիս» (Մատթ. 3:14): Հիսուսի պնդելուց հետո զիջեց և մկրտեց հայտարարելով. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29)։

Հոբը «ճշմարտախոս էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1)։ Նա ուներ մեծ հարստություն ու ընտանիք։ Սակայն ենթարկվեց փորձության, և զրկվելով հարստությունից, զավակներից՝ հիվանդացավ՝ դառնալով բորոտ։ Այնուհանդերձ նա երբեք չմեղանչեց Աստծո դեմ և անգամ կնոջ դժգոհությանն ի պատասխան՝ ասաց. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10):

Հոբ Արդարն իր օրինակով ցույց է տալիս, որ բոլոր փորձություններից կարելի է դուրս գալ՝ մոտենալով Աստծուն, և ոչ թե չարացած՝ հեռանալով Նրանից։

Սանգիբարանը և հայերը.

XVII դարում Շահ Աբբասի  կազմակերպած բռնագաղթի հետևանքով Պարսկաստանում հայտնված հայությունը բնակություն է հաստատել Սպահան նահանգի Փերիա գավառում՝ հիմնելով 24 հայաբնակ գյուղ, որոնցից մեկը եղել է Սանգիբարանը։ Ըստ ավանդության՝ առաջին բնակիչները եկել են Նախիջևանի Արցխա գյուղից: 1971 թ.-ին Սանգիբարանն ուներ 1392 հայ բնակիչ (121 տուն), ովքեր զբաղվում էի այգեգործությամբ, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ, առևտրով, արհեստներով՝ հատկապես ոսկերչությամբ: Գյուղում կառուցվել է եկեղեցի (Սբ. Հովհաննես՝ կառուցված 1844 թ.-ին), դպրոց (կառուցված 1928 թ.-ին), գրադարան (Պողոս-Անդրեասյան), հիվանդանոց (կառուցված 1955 թ.-ին) և 6 ջրաղաց:

Սանգիբարանի հրաշագործ ավետարանը.

1972 թ.-ին Պարսկաստանի հայաշատ Սանգիբարան գյուղը դատարկվեց: Բնակչությունը հաստատվեց Հայաստանում՝ բերելով գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցու բոլոր սրբություններն՝ այդ թվում նաև սուրբ Ավետարանը, որն ավելի քան 400 տարի պահվել էր Սանգիբարանի եկեղեցում և հենց այդ պատճառով կոչվել է նաև Հովհաննեսի կամ Սանգիբարանի Ավետարան: Ավետարանն օտարության մեջ գտնվող հայ մարդու համար եղել է հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հետ կապող կամուրջ: Այն համարվում է խնդրակատար Ավետարան և մինչ օրս էլ  հայտնի է իր հրաշագործ զորությամբ:

Ինչպես սանգիբարանցիներն են պատմում, Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հավաքվում էին տարբեր խնդիրներ, հիվանդություններ ունեցող մարդիկ. մեկ շաբաթ անց փրկված էին…

Ավետարանի զորությունը հայտնի էր նույնիսկ օտարներին: Երբ պարսիկները գիշերով փորձել են թալանել եկեղեցին, տեսիլք են ունեցել, վախեցել ու փախել:

Սանգիբարանի Ավետարանը 12-րդ դարի ձեռագիր է, որն արժեքավոր է ձեռագրական և բնագրական հատկանիշներով: Գրիչները երկուսն են՝ Պետրոս և Գրիգոր, ստացող՝ Դավիթ քահանա: Բաղկացած է 314 թերթից: Կազմը 19-րդ դարում պատրաստված արծաթե կրկնակազմ է: Կենտրոնում 16X13սմ չափսի զարդարուն շրջանակ ունի, որի մեջտեղում 13×9սմ չափսի ոճավոր խաչ է՝ թևերին՝ 4 ուղղանկյուն ու կարմիր և կենտրոնում՝ մեկ կլոր  ու կանաչ ապակե ակ: Անկյուններում և եզերքին 12 ձուլածո 6-թևյան հրեշտակ կամ Սերովբեներ են, ինչպես նաև աղավնիների և 16 այլ զարդաձևերի պատկերներ: Կազմը ևս արժեքավոր է: Արժեքավոր են նաև հիշատակարանները, որոնք, ցավոք, թվական չունեն: Հետագա հիշատակարաններ կան՝ 1259 թ.-ի երեք հիշատակարան, դրանից անմիջապես հետո՝ ևս 4 հիշատակարան, որոնք տարբեր ժամանակների ուխտավորների, այցելուների նշումներ են:

Եվ այսպես, Պարսկաստանի Փերիա գավառի Սանգիբարանի եկեղեցու զանգերն այսօր էլ Էջմիածնի Շողակաթ եկեղեցու զանգակատնից են  ազդարարում իրենց զորությունն ու խաղաղությամբ լցնում մարդկանց հոգիները՝ ոչ միայն Պարսկաստանից հայրենադարձված ու Էջմիածնում հաստատվածներին, այլև բոլոր նրանց, ովքեր հավատում են բարձրյալին:  Մաշտոցյան Մատենադարանում պահվող Սանգիբարանի հրաշագործ ավետարանն ամեն տարի Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության տոնի օրը դուրս է բերվում պահոցից և հանդիսավորությամբ տարվում Շողակաթ վանք:  Իսկ սանգիբարանցիները մինչ օրս էլ հիշում ու պահպանում են սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները և վկայում Սուրբ գրքի հետ կապված իրենց տեսած կամ հիշում մեծերից լսած հրաշագործ պատմություններ:

 

Related Posts