Նախապատմություն
1988 թ․-ից Արցախյան շարժման ամենասկզբից Ադրբեջանը տրամադրված էր հարցի «ուժային լուծման»։ Բաքվում իրենց համարում էին ուժեղ կողմ՝ հաշվի առնելով քանակական և ռեսուրսային գերազանցությունը։ Այդ իսկ պատճառով՝ փորձում էին հարցը լուծել ուժային դաշտում։ Թշնամական երկրի հենց այս մոտեցումը հանգեցրեց Ադրբեջանական ԽՍՀ տարածքում 1988-1990 թթ․-ին հայերի դեմ իրականացված ջարդերի և հակահայկական բախումների, ապա պատերազմի Արցախում և ՀՀ-ի հետ սահմանին։
Չնայած ռեսուրսային բազմակի գերազանցությանը՝ Ադրբեջանը պարտվեց Արցախյան առաջին պատերազմում (1991-1994 թթ․)։ 1994 թ․ մայիսին ստորագրելով կրակի դադարեցման մասին, իսկ սեպտեմբերին նավթային Դարի գործարքը՝ Ադրբեջանը հույս ուներ ապագայում էներգակիրների արտահանման եկամուտների օգնությամբ հաղթել հակամարտությունում։ Իսկ նավթային եկամուտներն իրոք ի հայտ գան, և 2005 թ․-ից Բաքուն էապես մեծացրեց ռազմական ծախսերը, որոնք 2014 թ․-ին պիկին հասան 3.8 մլրդ դոլարի սահմանագծին։ Ընդհանուր առմամբ 2004-2016 թթ․ Ադրբեջանը բանակի վրա ծախսե 25 մլրդ դոլար։ Հայաստանի դեպքում ռազմական ծախսերը նույն ժամանակահատվածի համար կազմել են 4 մլրդ դոլար։
Հայկական կողմը պահում էր ռազմական հավասարակշռությունը՝ շնորհիվ նաև դաշնակիցների հետ հարաբերությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, որից ներքին գներով ձեռք էր բերվում սպառազինություն։ Բացի այդ՝ Հայաստանն արտաբյուջետային միջոցների հաշվին սպառազինություններ էր ձեռք բերում այն բոլոր երկրներից, որից որ հնարավոր էր։ Այսպես՝ 2004 թ․-ին ընդամենը 1 մլն դոլարով Հայաստանը Սլովակիայից գնել է 10 Սու-25 գրոհային ավիացիա[1]։ 2011 թ․-ին Մոլդովայում սկանդալ ծագեց Հայաստանին էժան գնով սպառազինության վաճառքի հարցի շուրջ[2]։
Ի՞նչպիսին էր իրավիճակն Ապրիլյան պատերազմի նախօրեին
Բանակցային գործընթացի դինամիկան ձեռնտու չէր Բաքվին։ 1998-2016 թթ․-ականներին հայկական կողմին հաջողվել էր հիմնավորել իր դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Փաստարկները համոզել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Արդյունքում բանակցային սեղանին մի փաստաթուղթ էր, որի էությունը հանգում էր ԼՂՀ անկախության մասին ռեֆերենդումի (ազատ կամարտահայտության) միջազգային ճանաչմանը։ Ադրբեջանին բանակցային սեղանին մնացել էր մեկ փաստարկ՝ եթե մեր ուզածը չլինի, պատերազմ կսկսենք։
Կառչած մնալով ուժային ճնշման քաղաքականությանը՝ Բաքուն անընդհատ մեծացնում էր զորքերի շփման գծում ճնշումը։ Հաճախակի դարձան դիպուկահարային կրակը, ապա դիվերսիոն ներթափանցման փորձերը, ականանետային մարտերը։ 2014 թ․ նոյեմբերի 12-ին խոցվեց հայկական կողմի ուսումնամարզական թռիչք իրականացնող ուղղաթիռը։ Ադրբեջանական կողմը նախահարձակ էր լինում, հայկական կողմը՝ պատասխան, երբեմն՝ կանխարգելիչ հարվածներ հասցնում։
Եթե հայկական կողմը դեռ ակնկալիք ուներ, որ միջազգային բանակցությունների միջոցով հնարավոր է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ապա Բաքվում հակառակ կարծիքի էին, որ հարցը պետք է լուծել ուժով։ Հենց այդ պատճառով էլ Բաքուն անընդհատ արգելակում էր բանակցային գործընթացը, երբ կողմերը մոտ էին լինում իրական փաստաթղթային կարգավորման։
Ակնհայտորեն պատրաստվելով պատերազմի՝ Բաքուն մեծաքանակ զենք և սպառազինություններ էր գնում Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, ՀԱՀ-ից և այլ երկրներից։ Ադրբեջանցի սպաները վերապատրաստվում էին Թուրքիայում, մշտապես անցկացվում էին թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ 2010 թ․ օգոստոսի 16-ին ստորագրվեց թուրք-ադրբեջանական ռազմական փոխգործակցության մասին համաձայնագիր։ Օգոստոսի 19-ին արդեն ստորագրվեց ռազմական ոլորտում համագործակցության մասին հայ-ռուսական համաձայնագիր։
Ըստ այսմ՝ Ապրիլյան պատերազմի պատճառն Ադրբեջանի հաշվարկն ու ցանկությունն էին՝ ռազմական ճանապարհով հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորման։
Ապրիլյան պատերազմը
2016 թ․ ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն առանձ հրետանային նախապատրաստության, օգտվելով անսպասելիության գործոնից, հյուսիսում (Թալիշ), հյուսիս-արևելքում (Մարտակերտ) և հարավում (Մեխակավան) հարձակվեցին Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ։ Չնայած քանակական և տեխնիկական հագեցվածության առումով Ադրբեջանի ԶՈՒ ունեցած առավելությանը՝ Արցախի ՊԲ մարտիկները կասեցրին, իսկ թալիշյան և մարտակերտյան ուղղություններով հետ շպրտեցին թշնամու գրոհը՝ պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստ։
Անակնկալ գրոհի առաջին անհաջող փորձից հետո Ադրբեջանի ԶՈՒ վերախմբավորվեցին, սկսեցին հրետակոծություն հայկական դիրքերի ուղղությամբ, տանկերի և ուղղաթիռների աջակցությամբ հարձակման անցավ հետևակը։ Առաջին օրերին ՊԲ կողմից ադրբեջանական 2 ուղղաթիռների խոցումից հետո Ադրբեջանը դադարեցրեց օդաչուավոր ավիացիայի կիրառումը։ Օդից հարվածներ շարունակեցին հասցնել միայն իսրայելական արտադրության ԱԹՍ-ները։
Ադրբեջանական գրոհիչ խմբերը գրավեցին ՊԲ 19 մարտական դիրք։ Դրանից զատ՝ ապրիլի 2-ին մի քանի ադրբեջանցի հատուկջոկատայիններ շրջանցեցին հայկական դիրքերը և ներթափանցեցին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ սպանելով և խոշտանգելով 3 տարեց խաղաղ բնակչի։ Շատ չանցած՝ Թալիշ ներխուժած ադրբեջանցի հատուկջոկատայինները հայտնաբերվեցին և ոչնչացվեցին Արցախի ՊԲ մարտիկների կողմից։
Ապրիլի 2-3-ին առանց կենտրոնական ռեզերվի ուղիղ ներգրավման՝ ՊԲ առաջապահ ծառայություն իրականացնող ստորաբաժանումները հետ վերադարձրին կենսական կարևորություն ունեցող կորուսյալ դիրքերը Թալիշի հյուսիսում և Մարտակերտում։ Արդեն ապրիլի 3-ի առավոտյան, հասկանալով մարտական գործողությունների շարունակման անհեռանկարայնությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ կրակը դադարեցնելու քողարկված, բայց փաստացի առաջարկությամբ[3]։
Ապրիլ ամիսը հիմնականում շարունակվեց հրետանային փոխհրաձգությունների տեսքով։ Իսկ չորս օրերի արդյունքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ 312 հեկտար տարածք, որից 272 հեկտարը՝ հյուսիսում, 40-ը՝ հարավում։
Ըստ ամենայնի, ադրբեջանական հրամանատարության պլանը ներառում էր երկու ուղղություններով ավելի խորը ներթափանցում, որից հետո նպատակ կար մարտի նետելու նաև կենտրոնական ուղղությամբ կուտակված գրոհային կոնտինգենտը։ ՊԲ հետախուզությանը հաջողվեց ժամանակին հավաստանշել կենտրոնական ուղղությամբ թշնամու զինտեխնիկայի կուտակումները՝ ոչնչացնելով դրանք դիպուկ հրետանային հարվածով, ինչի արդյունքում թշնամու տանկային և մոտոհրաձգային գումարտակները լուրջ կորուստներ ունեցան։
Ապրիլի 5-ին վերաթարմացվեց կրակի դադարեցման մասին 1994 թ․ փաստաթղթի գործողությունը։
Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական արդյունքները
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը չունի բացարձակ ռազմական առավելություն։ Արցախի ՊԲ արագ հաջողվեց կարճ ժամանակում հետ բերել կենսական կարևորություն ներկայացնող մարտական դիրքերը՝ կորցնելով ընդամենը 312 հեկտար։ Եվ սա այն բանից հետո, որ շուրջ 10 տարի Ադրբեջանն ահռելի միջոցներ էր ներդրել բանակի մեջ, ընտրել էր իրեն հարմար ժամանակ և հարվածի ուղղություն։ Բանակցային սեղանին Ադրբեջանի միակ հաղթաթուղթը՝ ռազմական ուժի կիրառմամբ հարցի լուծմանը ձգտելը, չեղարկվեց։
Եվ հենց բանակցային գործընթացի տեսանկյունից Ապրիլյան պատերազմն Ադրբեջանի համար վերածվեց է՛լ ավելի մեծ պարտության։ Ինչպես 2016 թ․ հոկտեմբերի 7-ին խոստովանել է Իլհամ Ալիևը «Փակ դռների հետևում ծավալուն զրույցներ են ընթանում, մեզ բավականին շատ են ճնշում՝ ստիպելով, որ Ադրբեջանը համաձայնություն տա Լեռնային Ղարաբաղի անկախությանը»[4]։ Բացի այս՝ բանակցային գործընթացում տիրապետող դարձավ այսուհետ նման սադրանքների զսպման և կանխարգելման հարցը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի մոնիտորինգի մեխանիզմները՝ զրկելով Ադրբեջանին նմանօրինակ գործողությունների միջոցով հայկական հանրության վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու միջոցից։
Ռազմական առումով ևս Ադրբեջանի համար պատերազմական հետևանքները միանշանակ չէին։ Հայաստանի իշխանությունները վերջնականապես համոզվեցին, որ Բաքուն մտադիր չէ գնալ հակամարտության կարգավորման բանակցային ճանապարհով։ Պաշտպանության այն ժամանակվա նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն ուղիղ հայտարարեց, որ «տարածաշրջանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները և հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը և զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների»[5]։
Հաշվի առնելով պատերազմի ընթացքում արձանագրված թերությունները, այն է՝ հետախուզություն, քողարկում, կապ, մոբիլիզացիա, ZZ մատակարարում և այլն, ընդունվեցին համապատասխան կադրային որոշումներ։ Այսպես՝ պաշտոններից հեռացվեցին գլխավոր շտաբում հետախուզության և կապի պատասխանատուները՝ Արշակ Կարապետյանը և Կոմիտաս Մուրադյանը։ Ա․ Կարապետյանը նոր իշխանությունների օրոք՝ ջախջախիչ պատերազմից հետո՝ դե-ֆակտո վարչապետի կողմից 2021 թվականի հուլիսի 20-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին՝ նախարար։
Բարձրացված խնդիրների հաղթահարման համար մշակվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, որ նպատակ ուներ համալրելու զինված ուժերի շարքերը, նպաստելու բանակի և հասարակության ինտեգրացիային, բանակի վրա ծախսվող միջոցների մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովում, այդ թվում՝ ուղղելով դեպի ռազմարդյունաբերություն։ Ընդունվեց նաև զինված ուժերի արդիականացման և սպառազինությունների գնման պլանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերազինման փաստը։ Նպատակ կար գնել նաև հակաօդային և էլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգեր, ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական «Բայրակթարների» չինական անալոգներ։
Կարելի է վստահաբար պնդել, որ եթե հայկական ռազմաքաղաքական ղեկավարության պլաններն իրականություն դառնային, այսինքն՝ չընդհատվեին 2018 թ․-ի դեպքերով, ապա 2020 թ․-ին Ադրբեջանը մարտադաշտում չէր ունենա առավելություն և չէր հասնի այն արդյունքներին, որ ունի այսօր։
Կարեն Իգիթյան, կովկասագետ
[1] В Армении разбился истребитель Су-25, оба пилота погибли, 04.12.2018 թ․, https://www.currenttime.tv/a/29636699.html (հղվել է 21.06.2022 թ․)։
[2] Скандал: Молдова продает оружие Армении при помощи латвийских бизнесменов?, 19.10.2011, https://www.delfi.lt/ru/opinions/comments/skandal-moldova-prodaet-oruzhie-armenii-pri-pomoschi-latvijskih-biznesmenov.d?id=50872005 (հղվել է 21.06.2022 թ․)։
[3] Azərbaycan cavab tədbirlərini birtərəfli qaydada dayandırmaq barədə qərar qəbul edir, 03.04.2016, https://mod.gov.az/az/news/azerbaycan-cavab-tedbirlerini-birterefli-qaydada-dayandirmaq-barede-qerar-qebul-edir-12743.html (հղվել է 21.06.2022 թ․).
[4] İlham Əliyevin sədrliyi ilə Nazirlər Kabinetinin 2016-cı ilin doqquz ayının sosial-iqtisadi inkişafının yekunlarına və qarşıda duran vəzifələrə həsr olunmuş iclası keçirilib, 07.10.2016, https://president.az/az/articles/view/21318 (հղվել է 21.06.2022 թ․)։
[5] Վիգեն Սարգսյանը բացատրել է ազգ-բանակ գաղափարի էությունը, 20.10.2016 թ․, https://www.panorama.am/am/news/2016/10/20/%D5%8E%D5%AB%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1663369 (հղվել է 21.06.2022 թ․)։