Արխիվ, Մշակույթ

1990թ. օգոստոսի 24-ին ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» օրենքը

24 / 08 / 2023

Ազգային խորհրդանիշները պայմանավորված են պատմությամբ և մշակութային արժեքներով: Դրանք ազգի ինքնության վավերագրերն են, ինքնատիպության բնորոշիչները: Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշների գոյությունը ինքնանպատակ չէ և դրանցից յուրաքանչյուրը մեծ արժեք ու նախապատմություն ունի: Այսօր ազգայինի դեմ ՀՀ դե ֆակտո իշխանությունների արշավի շրջանակներում թիրախավորվում են նաև ՀՀ պետական խորհրդանիշները, փորձ է արվում աղավաղելու մեր պատմական հիշողությունը՝ խզելով կապը անցյալի հերոսական էջերի, մեր ինքնությունն ու իմաստնությունը իրենց մեջ ամփոփող խորհրդանիշների ու մեր դարավոր նվիրական երազանքների հետ։

Այս համատեքստում կրկնակի կարևորություն է ձեռք բերում սեփական ինքնության և դրա արտացոլումը հանդիսացող ազգային ու պետական խորհրդանիշների ճանաչողությունը։ «Հայկական ալիքը» ներկայացնում է ուշագրավ փաստեր հայկական եռագույնի՝ որպես պետական դրոշ հաստատման նախապատմության և խորհրդի մասին։

ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին ընդունեց «ՀՀ դրոշի մասին» օրենքը։ Նորանկախ Հայաստանը իր անկախության խորհրդանիշները, այդ թվում` դրոշը, վերցրել է Առաջին Հանրապետությունից։ Եռագույնը՝ որպես Առաջին Հանրապետության դրոշ, առաջին անգամ բարձրացվել է 1918թ.-ի օգոստոսի 1-ին, երբ Երևանում բացվում է առաջին խորհրդարանի՝ Հայաստանի խորհրդի առաջին նստաշրջանը։

Ըստ Առաջին Հանրապետության չորորդ վարչապետ Սիմոն Վրացյանի՝ դրոշի տեսքը առաջարկել էր հայագետ, բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը. «Հաստատվեց Հայաստանի ազգային դրոշակը՝ կարմիր, կապույտ ու նարնջի գույներով։ Դրոշակի ձևի և գույների շուրջ եղան բավական երկար խորհրդակցություններ, նկատի առնվեցին հայոց պատմական դրոշակները, լսվեց հայկաբան Ստեփան Մալխասյանի հիմնավորված զեկուցումը հայկական դրոշակի մասին և, ի վերջո, որոշվեց ընդունել վերոհիշյալ երեք գույները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարվի Սահմանադիր ժողովի կողմից, որը պետք է գումարվեր Հայաստանի երկու հատվածների միացումից հետո»։

Խոսելով հայոց պատմական դրոշակների մասին՝ անհրաժեշտ է նշել, որ և՛ Արտաշեսյան, և՛ Արշակունիների, և՛ Բագրատունյաց ու Կիլիկյան Հայաստանի արքայատոհմերի ու իշխանական տների տարբերանշաններում, դրոշներում օգտագործված են այն երեք հիմնական գույները, որոնք մեր ներկայիս դրոշի գույներն են։ Կիլիկյան Հայաստանի վերջին շրջանում՝ Լուսինյանների տիրապետության օրոք, օգտագործվել է ճշտությամբ նույն դրոշը՝ նույն գույների դասավորությամբ հորիզոնական շերտերով բացառությամբ նրա, որ դրոշի վրա եղել են 11 բազմանիստ աստղեր և երկու խաչվող սրեր։

Ս. Վրացյանը չի հաղորդում, թե այս նախնական քննարկման ժամանակ ինչ խորհուրդներ են վերագրվել գույներին՝ առանձնաբար։ Դրա հետ միասին նա հայտնում է նաև որ դրոշի գույներից հատկապես վեճի առարկա էր դարձել նարնջագույնը, քանի որ նարնջագույն կտոր դժվար էր գտնել։ Ոմանք առաջարկում էին այն փոխարինել կանաչով, քանի որ կանաչը մեր պատմական գույներից է։ Նարնջագույնը համառորեն պաշտպանում էր վարչապետ Հովհ. Քաջազնունին՝ զուտ գեղագիտական նկատառումերով։

Ս. Վրացյանը փոխանցում է նաև առանձին պատգամավորների տեսակետները, որոնց համաձայն՝ «Կարմիրը հայ ժողովրդի թափած արյունն էր, կապույտը՝ Հայաստանի կապույտ երկինքը, և նարնջի կամ ոսկու գույնը՝ խտացումը աշխատանքի»։

Սակայն փաստերը վկայում են, որ եռագույնի տարբեր գույների ու նրանց երանգների առիթով քննարկումներըը շարունակվել են ՀՀ գոյության ողջ ժամանակամիջոցում։ Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը ևս նախագծել է ՀՀ դրոշի տարբերակներ, որոնք պահվում են ՀՀ Ազգային արխիվում։

1919 թ. հուլիսի 31-ին Նոր Նախիջևանից Ալ. Խատիսյանին ուղղված իր նամակում Մարտիրոս Սարյանը գրում է, որ լսել է ազգային դրոշի մասին, որ ծիածանի խորհրդանիշն է.

«Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է, հրաշալի սիմվոլ է։ Բայց ես տեղեկացա, որ դրոշը դեռ վերջնականապես մշակված չէ, այդ պատճառով կհամարձակվեմ որպես նկարիչ որոշ ցուցումներ անել։

Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը։ Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն։

Գույների նման հերթականությունը թողնում է ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը։ …  Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը՝ չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը»։

Նամակին Սարյանը մի քանի էսքիզ էր կցել։ Առաջինն ընդգրկում էր ծիածանի բոլոր գույները, երկրորդը եռագույն էր, որտեղ նարնջագույնի փոխարեն առաջարկվում էր դեղինը՝ որպես երկրորդ գույն։

Ավելի վաղ եռագույնի տարբերակ էր առաջարկել Ղևոնդ Ալիշանը` հիշատակելով ծիածանի Աստվածաշնչյան խորհուրդը։ Փարիզի հայկական ուսանողական համաժողովը 1885 թ. դիմել էր Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանին՝ Հայաստանի ապագա պետության համար դրոշ ստեղծելու խնդրանքով. «Վերջինս խորհուրդ է տալիս օգտագործել «ծիածանի գույներով դրոշ, որը տրվել է հայերին, երբ Նոյ Նահապետը հանգրվանել է Արարատ լեռան վրա»: Նա առաջարկել է կարմիր, կանաչ ու կապույտ գույները:

Անգամ թռուցիկ հետադարձ հայացքի դեպքում տեսնում ենք, որ կարմիր, կապույտ, դեղին գույներով դրոշը դարերի պատմություն ունի. 1773 թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած «Որոգայթ փառաց»-ում Շահամիր Շահամիրյանն ապագա հայոց պետության համար առաջարկում էր եռագույն դրոշ՝ կարմիր, կապույտ, դեղին գույներով, որոնք պետք է տեղ գտնեին նաև բանակի համազգեստի մեջ:

Այն, որ կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը 1918 թվականին Հայաստանի խորհրդում կայացած պատահական քվեարկության արդյունք չէ, փաստվում է նաև մեկ այլ հանգամանքով. դրոշի այս տարբերակը հայոց մեջ գոյություն է ունեցել մինչև վերոնշյալ նիստերը: 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի ժամանակ այն օգտագործել են հայկական բազմաթիվ զորամիավորումեր: Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի թանգարանում պահպանվում է առաջին հրաձգային գնդի դրոշը. այն կարված է սև գույնի ավելի մեծ դրոշի վերին աջ հատվածում:

 

Related Posts