Նորություններ

Ահաբեկիչները եկեղեցի են ռմբակոծել Սիրիայում

01 / 08 / 2022

Հուլիսի 24-ին ահաբեկիչները հարձակում են գործել Սիրիայի Համա նահանգի Սուքայլաբիա քաղաքում` մարդաշատ հատվածում: Տարբեր աղբյուրներ հայտնում են տարբեր թվեր զոհերի թվի վերաբերյալ, սակայն սիրիական «Սանա» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ ահաբեկչության հետևանքով կա մեկ զոհ և տասներկու վիրավոր[1]:

Հարձակումը տեղի է ունեցել պայթուցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքի միջոցով: Թիրախ է դարձել հույն օրթոդոքս Այա Սոֆիա եկեղեցու բացման տոնակատարության առթիվ հավաքված ամբոխը:

Նշենք, որ Սուքայլաբիա քաղաքում մեծ թիվ են կազմում քրիստոնյաները: Եկեղեցու նոր շենքը, որի շրջակայքում տեղի է ունեցել ահաբեկչությունը, Կոստանդնուպոլսում վեցերորդ դարում կառուցված Այա Սոֆիայի՝ 1443 թ.-ին Օսմանյան կայսրության կողմից գրավման ժամանակ մզկիթի վերածված բյուզանդական տաճարի փոքր կրկնօրինակն է: 1934 թ.-ին տաճարը ստացել է թանգարանի կարգավիճակ, իսկ 2020 թ.-ին կրկին վերածվել է մզկիթի, ինչը հանգեցրել է համայն աշխարհի քրիստոնյաների բողոքին:

Քաղաքն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է ահաբեկչական հարձակման: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը վերագրվել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորմանը, որը կապված է «Ալ-Քաիդայի» հետ և որն ստանում է աջակցություն Թուրքիայից: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ այս գործողությունը տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպումից հետո, որի ժամանակ ակտիվորեն քննարկվել է Սիրիայի հարցը և ընդգծվել ռազմական էսկալացիայի անթույլատրելիությունը երկրի հյուսիսում: Սակայն օրեր անց Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ հաշվի չի առնում ոչ մի պայմանավորվածություն և գործում է` ելնելով միայն իր շահերից:

Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են օկուպացնել Սիրիայի հյուսիսն ու վարում են ցեղասպան քաղաքականություն բնիկ էթնոսի նկատմամբ: Այս ամենը արվել է և կրկին  արվում է կեղծ խաղաղության օրակարգի շղարշի ներքո: Չմոռանանք, թե որքան լավ հարաբերություններ ունեին այս երկու երկրների առաջնորդները մինչ քաղաքացիական պատերազմի մեկնարկը Սիրիայում, որից օգտվելով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ ռազմական ներխուժումները Սիրիայի տարածք` չկանգնելով ոչնչի առջև և այսօր էլ հայտարարում է Սիրիայում «հակաահաբեկչական» նոր գործողություն սկսելու, փաստացի՝ նոր տարածքներ զավթելու իր նկրտումների մասին:

Սա ևս մեկ օրինակ է թուրքական ծավալապաշտության շարունակականության և թուրքական խաղաղասիրության բացակայության:

 


[1] A civilian martyred, 12 injured in terrorist attack on religious gathering in Suqaylabiyah, Hama, https://sana.sy/en/?p=278676 (հղվել է 29.07.2022 թ.).

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *