Նորություններ

35 հազար ուսուցիչ պատրաստ է համակարգից դուրս գալ

15 / 09 / 2023

Սեպտեմբերի 12-ից սկսած՝ հայաստանյան բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են արտահայտվում նոր չափորոշիչներին, ինչպես նաև պահանջում են, որպեսզի իրենց իրավունքները չոտնահարվեն։ Ուսուցիչները դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, որոնք վերաբերում են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերին։

Սեպտեմբերի 12-ին ուսուցիչները հավաքվել էին ԿԳՄՍՆ շենքի մոտ։ Ուսուցիչները դժգոհ են, որ մատյաններն այժմ էլեկտրոնային տարբերակով են իրականացվում, ինչպես նաև emis.am-ում հրապարակված մեթոդական ուղեցույցից: Նախարարության ներկայացուցիչը լսելով ուսուցիչների բողոքները՝ առաջարկեց 10 հոգանոց խումբ ձևավորել և իր հետ բարձրանալ նախարարության շենք:

«Պահանջում ենք, որ ուսուցչին չդնեն ռոբոտի տեղ, նա մարդ է և պարտավոր չէ 24 ժամ շարունակ օրն անցկացնել համակարգչի առաջ emis.am-ում լրացնելով: Այսինքն՝ ուսուցիչը իր կատարած ահռելի աշխատանքի դիմաց վարձատրվում է գրոշներով, և պահանջում են շատ աշխատանք»,- բողոքում են ուսուցիչները։

Սեպտեմբերի 14-ին ևս ուսուցիչները բողոքի ակցիա են անցկացրել, այս անգամ՝ Կառավարության շենքի առջև՝ պահանջելով կամ թեթևացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, կամ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն: Ուսուցիչներից մեկի խոսքով՝ ատեստավորման թեստերն այնպես են կազմված, որ ուսուցիչների 70 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել։

«35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել ու համակարգից դուրս գալ: Այս բոլորը օղակները սպառելուց հետո մենք ստիպված ենք այսօր դիմել վարչապետին, մեզ մաքսիմում երկուշաբթի կտեղեկացնեն վարչապետի հետ հանդիպման մասին, այսինքն՝ հուսով եմ վարչապետն այս ամենը տեսնում է և չի հրաժարվի մեզ հետ հանդիպումից»,- հայտարարեց ուսուցիչներից մեկը։

Հիշեցնենք, որ «Հայկական ալիք»-ը նոր ուսումնական տարվան ընդառաջ հրապարակել էր հոդված, որտեղ անդրադարձ է կատարվում կրթական համակարգում տեղի ունեցած բացասական փոփոխություններին, որոնք էլ այսօր զանգվածային բողոքի պատճառ են դարձել։

 

Related Posts