Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։
1972-1982 թվականներին սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1987-1990 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։
Թ. Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը։
Ազգային գաղափարների հետ մեկտեղ եղել է ազգային մշակույթի կրողը: Նրա շնորհիվ կենդանություն են ստացել շատ ու շատ մոռացված երգեր: Բազմիցս ելույթ է ունեցել «Մարաթուկ» ազգային երգի-պարի անսամբլի հետ:
1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։
Չորրորդ կուրսում ուսումը կիսատ թողնելով՝ 1990 թվականի օգոստոսին Թաթուլ Կրպեյանը մեկնել է Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ։ Սեպտեմբերից աշխատել է Գետաշենի երկու դպրոցներում որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ։
Թեև Կրպեյանը գիտակցում էր ուսման կարևորությունը, բայց առավել հստակ էր հերոսի պատկերացման մեջ դաջված այն միտքը, որ եթե այս պահին առաջնահերթ է հայրենիքի պաշտպանությունը, Արցախի ազատագրումը, ապա դրանից առավել կարևոր և նվիրական գործ չի կարող լինել: Հերոսը հստակ գիտակցում էր, թե որն է առաջնահերթ, և որ առանց ազատ Արցախի և անկախ ու հզոր հայկական պետականության իր ստացած ուսում էլ, արած գործն էլ բանի պետք չեն լինի:
Ուշագրավ է նաև այն, որ թեև լայն շրջանակներին հայտնի է հենց Գետաշենի հերոսական դրվագը, սակայն դա ունեցել է իր նախադեպը: Դեռ այն ժամանակ Թաթուլի զարմանալի սխրագործությունների մասին պատմությունները բերնեբերան էին փոխանցվում։ Պատմում էին, թե ինչպես է նա մարդկանց փրկելու համար ներթափանցում խորհրդային զորքերի տեղակայման վայր, որոնք կոչված էին պաշտպանելու Մոսկվային հավատարիմ Ադրբեջանի շահերը։ Հետագայում մեզ հայտնի դարձան բազմաթիվ ուշագրավ մանրամասներ։
Նման դեպքերից է և այս մեկը: Մարտունաշենից լուրեր էին ստացվել, որ հայկական ինքնապաշտպանական ջոկատի երկու մարտիկներ զինծառայողների կողմից բերման են ենթարկվել։ Անձնագրեր չունենալու պատճառով մեր տղաները կասկածելի էին թվացել ռուս զինծառայողների համար։ Զինվորականները նրանց տարել են իրենց հետ՝ մտադրվելով հանձնել ադրբեջանական ՕՄՕՆ-ին։ Թաթուլն ու վարորդը հապճեպ ճամփա ընկան իրենց ընդառաջ։ Մեքենայից իջնելով՝ Թաթուլը վարորդին ասաց, որ թաքնվի անտառում և զգուշացրեց. «Եթե ինձ գերի վերցնեն, կրակիր ինձ»։ Նման դեպքերում հնում ֆիդայիներն ասում էին. «Լավ է փամփուշտի հետ ամուսնանալ»։
Միայնակ, սպիտակ դրոշակով, Թաթուլը գնաց զինվորականների մոտ և խնդրեց հանդիպել հրամանատարի հետ։ Մայորի կոչումով հրամանատարը համաձայնեց լսել նրան։ Թաթուլը բացատրեց, որ զինվորները բերման են ենթարկել երկու անմեղ մարդկանց, որոնք ռուս զինվորականների համար վտանգ չեն ներկայացնում։ Մայորը հրաժարվեց տղաներին բաց թողնել` ասելով` իբր, բերման են ենթարկել ապօրինի զինված խմբավորումների անդամներին, իսկ ադրբեջանական կողմը պահանջել է նրանց հանձնել ՕՄՕՆ-ին։ Թաթուլը փորձեց մայորին համոզել, որ ադրբեջանական ՕՄՕՆ-ը մոլեռանդորեն ատում է հայերին, որ այդ մարդկանցից ցանկացած դաժանություն կարելի է սպասել՝ դեպքեր են եղել, երբ ողջ-ողջ այրել են գերիներին։ «Դա իրենց գործն է», – անտարբեր և կոպիտ պատասխանել է մայորը: «Իսկ սա իմ գործն է»,- ասել է Թաթուլը՝ ծոցից հանելով նռնակը։ Մի ձեռքով նա քաշեց նռնակի օղակը, իսկ մյուսով ամուր բռնեց մայորի օձիքից։
Վախեցած մայորը կատարեց Թաթուլի բոլոր պահանջները և ազատեց գերիներին։ Նա երկու զրահափոխադրիչ է տրամադրեց՝ մեկով փոխադրվեցին տասներկու անզեն զինվորները, մյուսով ինքը` Թաթուլը և երկու ազատ արձակված գերիները, որոնք խլել էին մեկական ավտոմատ։ Երբ հասան Գետաշեն, մայորը խնդրեց վերադարձնել ավտոմատները, ինչին ի պատասխան Թաթուլն ասաց. «Հետո կվերադարձնենք, երբ էլ կարիքը չլինի»:
Թաթուլ Կրպեյանն իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։
Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991 թվականի ապրիլի 30-ին չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանի շրջանին մոտ գտնվող Գետաշենի վրա։ ՕՄՕՆ-ները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր։
1990 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը։
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում՝ բանակցությունների ժամանակ։ Հերոսն ընդամենը 26 տարեկան էր: Նույն օրը Գետաշենում բանակցությունների ժամանակ նրա հետ զոհվեցին նաև փոխհրամանատար Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը (Զարզանդ)։ Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորականները փոխանակվել են ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ:
«Գետաշէնը կը դատարկուի միայն իմ դիակի վրայով»: Դա իր սկզբունքն էր և իր մահով փրկեց 3000 մարդու, նշում է տիկին Իրինան:
Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»:
Հերոս այրին` տիկին Իրինան մի առիթով ասել է. «Թաթուլը չէր կռվում էն մարդկանց համար, ովքեր փոքրամասնություն են, ճղճիմ մտքեր ունեն. ինքը ազգային մարդ էր, որ մեր պատմության մեջ միշտ վառ օրինակ է մնալու: Եթե լիներ նա, կասեր, որ սխալ է ազգը աղճատելը (ընդ.-խմբ.), դա մեր ազգային բնութագրին հարիր չէ»:
Մեզ, որ բաժին է հասել Թաթուլի և նրա նման հերոսների կերտածը վերգտնելու և վերազատգրելու պատասխանատու գործը, անհրաժեշտ է մշտապես վառ պահել նրանց անունը: Որքան էլ թշնամին ջանա ջնջել նրանց անունն ու արած գործը, նրանք կենդանի կլինեն, քանի կա նրանց հիշատակը: Հայաստանը կենդանի կլինի, քանի կա նրանց հիշատակն ու նրանց գործը շարունակողները: