Նորություններ

«Զանգեզուրի միջանցքը» ընդլայնում է աշխարհագրությունը

24 / 01 / 2023

Հունվարի 24-ին Տաշքենդում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 26-րդ նիստը։

Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Իր ելույթի ընթացքում Բայրամովը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է «Միջին Ասիայով և Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղիների կարևորության և այդ համատեքստում տարածաշրջանային տրանսպորտային-տրանզիտային միջանցքների զարգացման համար Ադրբեջանի իրականացրած աշխատանքի մասին»։

Բայրամովը ընդգծել է Արցախի` Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքները և Նախիջանը միմյանց կապող միջանցքի ստեղծման համար ձեռնարկված քայլերի կարևորությունը և նշել, որ այպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների մեջ համագործակցությունը զարգացնելու համար։

Նիստի ավարտին որպես ամփոփիչ փաստաթուղթ ընդունվել է Տաշքենդի կոմյունիկեն, որում հավանություն է տրվել, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ նախաձեռնված քայլերին և աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանիի միջև հարաբերությունների կարգավորմանը «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»։

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է, որի անդամներն են Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Կազմակերպության 2023թ․-ի նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանին։

Ադրբեջանը դիվանագիտական հարթակում շարունակում է հետևողականորեն լեգիտիմություն կառուցել «Զանգեզուրի միջանցքի» պահանջի շուրջ՝ քննարկելով այն երկկողմ և բազմակողմ տարբեր հարթակներում ու ձևաչափերում։ Ընդ որում, Կենտրանական Ասիայի երկրներում կարծես թե Ադրբեջանին հաջողվել է հավանություն ստանալ կամ առնվազն միավորել կարծիքը «Զանգեզուրի միջանցքից» սպասվող օգուտների և առավելությունների շուրջ ավելի մեծ՝ այսպես կոչված «Միջին միջանցքի» համատեքստում։ Ըստ էության՝ Միջին միջանցքը թուրքական նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա Թուրքիային Կովկասի և Կասպից ծովի միջոցով կապվելու Միջին Ասիայի թյուրքալեզու երկրների հետ՝ հասնելով մինչև Չինաստան։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *