Վերլուծություն

Սիրիական ճգնաժամը և դասեր Հայաստանի համար

01 / 08 / 2023

2011 թվականին Սիրիան հայտնվեց շատ խորը ճգնաժամի մեջ։ Սկսեցին քաղաքացիական պատերազմներ, որոնք վերածվեցին միջնորդավորված պատերազմի, և Սիրիան դարձավ մեծ տերությունների շահերի բախման էպիկենտրոն։ Յոթ տարի տևած ճգնաժամից հետո Սիրիան, այնուամենայնիվ, կարողացավ դուրս գալ ծանր վիճակից և այժմ փորձում է զարգանալ։ Սիրիայի վերջին տասնամյակի պատմությունը շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանի համար, թե ինչպես կարելի է հաղթահարել ճգնաժամը և վերադարձնել միջազգային հեղինակությունը։ Ըստ այդմ, «Հայկական ալիք»-ը ձեզ է ներկայացնում սիրիական ճգնաժամի համառոտ պատմությունն ու ակտուալությունը հայաստանյան իրականության պայմաններում:

«Արաբական գարունը» և Սիրիան

Սիրիական ճգնաժամի հիմնական պատճառն «Արաբական գարունն» էր։ «Արաբական գարուն» անվանում են 2010 թվականին Հյուսիսային Աֆրիկայի (Մաղրիբի) և Մերձավոր Արևելքի երկրներում սկսված հեղափոխությունների, ռեժիմների տապալման շրջանը, որը, կարծես թե, պետք է շրջանցեր Սիրիան։ Սակայն 2011 թվականին սիրիական Դերաա քաղաքում տեղի ունեցած փոքրաթիվ բողոքի ցույցը վերաճեց և դարձավ հզոր անհնազանդության ակցիա, որը տարածվեց ամբողջ երկրով։ Սիրիայում ձևավորվեց Սիրիական Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքը, և սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Թե՛ պաշտոնական Դամասկոսին և թե՛ ընդդիմությանն սկսեցին աջակցել արտաքին ուժերը և, ի վերջո, քաղաքացիական պատերազմը դուրս բերեցին Դամասկոսի վերահսկողությունից՝ այն վերածելով միջնորդավորված պատերազմի (proxy war)։

Գործող ռեժիմն աջակցություն էր ստանում Իրանից և Ռուսաստանից, իսկ ընդդիմադիր ուժերը՝ Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից, Իսրայելից, Արևմուտքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։ Վերոնշյալ բոլոր պետություններն էլ ունեին իրենց շահերը Սիրիայի քաղաքացիական պատերազմում։ Արաբական երկրները և Արևմուտքը փորձում էին Սիրիան հեռացնել Իրանի ազդեցության գոտուց, իսկ Իրանը, բնականաբար, փորձում էր թույլ չտալ։ Ի վերջո Ռուսաստանը կարողացավ վերադառնալ Մերձավոր Արևելք, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարել էր այնտեղ որևէ ազդեցություն ունենալ և Ամերիկան վայելում էր մենաշնորհ այդ տարածաշրջանում։

Տևական ժամանակ տեղի ունեցող արյունահեղությունները, թերևս, ամենամեծը եղան Արաբական գարնան շրջանում։ Դրանք հանգեցրին մոտավորապես կես միլիոն սիրիացիների մահվան, 11 միլիոնը արտագաղթեցին, իսկ մնացած ժողովուրդը հայտնվեց շատ ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ։

Սիրիան՝ քաղաքացիական պատերազմի տարիներին

Սիրիան վերածվել էր մարտի դաշտի, որտեղ տարբեր ընդդիմադիր ուժեր և ռազմական միավորներ պայքարում էին ոչ միայն տեղի իշխանությունների դեմ, այլ նաև միմյանց դեմ։ Այսպես, 2013 թվականից սկսած ԱՄՆ-ն ԱՍԲ-ին տրամադրում էր լուրջ ռազմական օգնություն՝ պայքարելու ԻՊ-ի դեմ, իսկ 2014 թվականին մի քանի օդային հարվածներ հասցրեց ԻՊ-ի գրավյալ տարածքների ուղղությամբ։ Նման իրավիճակում արդեն 2015 թվականին Սիրիայի պաշտոնական ղեկավարությունը ռազմական աջակցության խնդրանքով դիմում է Ռուսաստանի Դաշնությանը, որը նույն թվականի սեպտեմբերին օդային գործողություններով կարողանում է օգնել Սիրիայի ազգային բանակին և իշխանություններին։

Սիրիան որպես քաղաքական միավոր

2011 թվականից Սիրիան դադարեց լինել Արաբական պետությունների լիգայի անդամ։ Սիրիան գործնականում, կարելի է ասել, դադարել էր պետություն լինել։ Պաշտոնական Դամասկոսի հետ գրեթե ոչ ոք չէր բանակցում։ Երկրի ներսում ստեղծված կազմակերպությունները տարբեր խաղացողների կողմից փորձում էին ձեռք բերել լեգիտիմություն։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Սիրիայի իշխանությունները չդադարեցին պայքարել, որպեսզի վերահաստատեն իրենց լեգիտիմությունը երկրի ներսում և հեղինակությունն՝ աշխարհում։

Ստեղծված ծանր իրավիճակում պաշտոնական Դամասկոսի հետ հարաբերություններ պահում էին միայն Ռուսաստանը և Իրանը։ Սիրիայի իշխանությունները, առաջնահերթություն համարելով իրենց ազգային շահերը, կարողացան ճիշտ կողմնորոշվել և Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ մի փոքր հանդարտեցնել դրությունը երկրի ներսում։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Սիրիայում տեղի ունեցան երկու նախագահական ընտրություններ՝ 2014 և 2021 թվականներին։ Երկու անգամն էլ հաղթեց Արաբական Սոցիալիստական Բաաս (վերածննդի) կուսակցության առաջնորդ Բաշար ալ-Ասադը։ Վերջին՝ 2021 թվականի ընտրությունների հաղթանակից հետո Սիրիայի նախագահին բացի Ռուսաստանից և Իրանից շնորհավորեցին նաև Չինաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Լիբանանը, Հյուսիսային Կորեան։

Այսօր դրությունն արդեն այլ է։ 2018 թվականից Արաբական Միացյալ Էմիրություններն սկսեցին Սիրիայի հետ վերահաստատել դիվանագիտական հարաբերություններ, որոնք դադարեցվել էին 2012 թվականին։ Արդեն 10 տարի անց՝ 2022 թվականի մարտին, Բաշար ալ-Ասադն այցելեց Էմիրություններ և հանդիպեց նախագահ Մուհամմադ ալ-Նախայանի հետ։ Պաշտոնական Աբու Դաբին հայտարարեց, որ 2011 թվականին Սիրիայի՝ Արաբական պետությունների լիգային անդամակցության դադարեցումը սխալ որոշում էր։

Արդեն այս տարվա ապրիլին Սաուդյան Արաբիան ու Սիրիան սկսեցին բանակցել դեսպանությունները վերաբացելու ուղղությամբ։ Ապրիլին Թունիսը Սիրիայում նշանակեց իր դեսպանին՝ հարաբերությունները վերականգնելու կապակցությամբ։ Այս տարվա մայիսից Արաբական պետությունների լիգայում քննարկվում է վերսկսել Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը։ Բանակցություններ է սկսել վարել նաև Եգիպտոսը՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով։

Ամփոփում․Սիրիական ճգնաժամն իր ետևից թողեց 21-րդ դարի ամենաարյունալի հետևանքներից մեկը։ Երկիրը մասնատվեց։ Արտաքին ուժերն իրենց շահերի համար սկսեցին միջնորդավորված պատերազմ վարել Սիրիայի տարածքում։ Սակայն Սիրիայի իշխանությունները չհանձնվեցին անգամ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր ցանկանում բանակցել նրանց հետ, իսկ այն պետությունների հետ, որոնք, այնուամենայնիվ, ճանաչում էին պաշտոնական Դամասկոսին, Սիրիան պահեց հարաբերությունները հնարավորինս լավ վիճակում։ Ճիշտ գնահատելով իրավիճակը՝ սիրիական իշխանությունները կարողացան այդ պետությունների հետ հարաբերությունները հասցնել դաշնակցական մակարդակի (Ռուսաստան, Իրան) և վարել հնարավորինս ճիշտ արտաքին քաղաքականություն նշված պետությունների հետ։

Տևական ժամանակ պայքարից հետո այսօր Սիրիայի հեղինակությունը զգալի տեմպերով աճում է։ Անգամ այն երկրները, որոնք ահռելի ռեսուրսներ էին ծախսում քաղաքացիական պատերազմում իրենց շահերին հասնելու համար, այօր հասկանում են, որ պետք է խոսել Սիրիայի հետ։ Այսօր Սիրիական իշխանությունները կարողանում են օրակարգ թելադրել և պատրաստվում են Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայի տարածքից։ Սիրիան հստակ դրեց իր առջև իր առաջնահերթությունները և ազգային շահերը, հույսը դրեց իր սեփական ուժերի և համոզմունքների վրա, ճիշտ կողմնորոշվեց արտաքին քաղաքականության վեկտորի հարցում և այժմ հասնում է հաջողության։

Սիրիան շատ լավ օրինակ է Հայաստանի համար, որ անգամ ամենավատ ու ծանր իրավիճակից կարելի է դուրս գալ ճկունության շնորհիվ։ Պետք է պարզապես ճիշտ կողմնորոշվել քաղաքականության հարցում, փնտրել դաշնակիցներ, ստեղծել լավ ու կայուն հարաբերություններ նրանց հետ և երկարաժամկետ աշխատել ամուր պետականությունը վերականգնելու համար։

Հեղ.` Պլուզյան Գոռ

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *