Նորություններ

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր գաղտնի կետեր

15 / 06 / 2022

Շվեդական Blankspot պարբերականը ներկայացրել է 6 նոր փաստաթղթեր, որոնք բացահայտում են 2020 թ.-ի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ կարևոր կետեր և հանդիսանում են ԵԱՀԿ ներքո անցկացված բանակցությունների ժամանակագրություն: Չնայած մեծ մասամբ գաղտնի պարունակությանը՝ փաստաթղթերը ցույց են տալիս Շվեդիայի ԱԳՆ Աննա Լինդի ակտիվ մասնակցությունը բանակցային այդ փուլին՝ որպես 2021 թ․-ից ԵԱՀԿ գործող նախագահ։

Ըստ Blankspot-ի՝ այս փաստաթղթերը ցույց են տալիս ԵԱՀԿ-ի և հակամարտող կողմերի միջև առկա վստահության խնդիրները, ինչպես նաև որոշ հարցերի շուրջ, ինչպիսին է օրինակ հայ ռազմագերիների կարգավիճակը, տարբեր մոտեցումները: Հատկանշական է, որ դրանցում ԵԱՀԿ-ն ռուսական խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում համարում է համահունչ նախորդ բանակցային տրամաբանությանը, մասնավորապես՝ 2009 թ․-ի Մադրիդյան սկզբունքներին, որոնք շվեդական պարբերականը համարում է հաշտության պայմանագրին բովանդակային առումով ամենամոտը եղած փաստաթուղթը։

Այդ փաստաթղթերն են՝
Ա․ Լինդի էլեկտրոնային նամակագրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահության հետ(2020 թ․ նոյեմբերի 2),
ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկուցումը Ա․ Լինդին (նոյեմբերի 12),
Ադրբեջանում Շվեդիայի դեսպանի զեկույցը ԱԳՆ-ին (նոյեմբերի 25)
Երեք փաստաթուղթ, որ վերաբերում են 2021 թ․-ին Աննա Լինդի՝ դեպի Ադրբեջան և դեպի Հայաստան այցերին (համապատասխանաբար՝ մարտի 14 և մարտի 16) և այդ երկու երկրների դեսպանների հետ հանդիպումներին (մայիսի 13):

Առաջին փաստաթուղթը բացահայտում է, որ ամերիկյան կողմը՝ հանձին համանախագահ Էնդրյու Շոֆերի, առաջարկել է ռուսական խաղաղապահների փոխարեն սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել կամ առնվազն հնարավորություն ստեղծել երկարաժամկետ հեռանկարում խաղաղապահների կոնտինգենտի տարբերակ առաջարկելու: Հաջորդ փաստաթղթում այս առաջարկը մերժվել է շվեդական կողմից՝ պատճառաբանելով, որ «Շվեդիան ոչ թե չեզոք, այլ չմիացման շարժման երկիր է»:

Ամերիկյան կողմը նաև շեշտադրել է բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում մինչ այդ եղած տրամաբանությամբ շարունակելու կարևորությունը։

Նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ա․ Լինդին ուղղված զեկույցում ամերիկյան համանախագահը օգտակար չի համարում կողմերի միջև խաղաղ բանակցությունների սկսումը, քանի դեռ նրանք «իրապես» պատրաստ չեն գնալ այդ քայլին։ Զարմանալիորեն նշվում է նաև, որ ադրբեջանական և հայկական կողմերն ունեն մի քանի ընդհանուր կետեր՝ թեև այդ կետերը գաղտնի են։
Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ա․ Լինդն անդրադարձել է մասնավորապես ռազմագերիների խնդրին՝ շեշտելով, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը Ադրբեջանին է հանձնել իր պահած բոլոր ռազմագերիներին, մինչդեռ մինչև 200 հայ մնացել են ադրբեջանական գերության մեջ: Ի․ Ալիևի հետ հանդիպմանը Ա․ Լինդը կարևորել է նրանց վերադարձի հարցը՝ համաձայն միջազգային իրավունքի։ Շվեդական պարբերականը ռազմագերիների հարցն անվանում է «Ալիև-Էրդողան զույգի համար սակարկության լավ առարկա Հայաստանի դեմ»:

Հատկանշանական է, որ Ա․ Լինդը, խոսելով բանակցությունների այդ փուլում շվեդական առաջնահերթությունների մասին, նշում է, որ հրադադարի հայտարարությունը վերջնական խաղաղություն չէ, դեռ ավելին՝ հրադադարի ռեժիմի պահմանումը առաջնահերթ է խաղաղության պայմանագրի կնքումից:

ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ այն ժամանակվա ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդգծել է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մտավախությունը, որը կարող է հանգեցնել հայերի դեմ նոր ցեղասպանության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը սահմանակից է Թուրքիային, որն աջակցել է Ադրբեջանին 2020 թ․-ի պատերազմի ժամանակ։
2021 թ.-ի մայիսի 13-ին Ա․ Լինդը հանդիպում է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ կապված Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին Սյունիք ներխուժման հետ: Այս հանդիպման ընթացքում ադրբեջանցի ԱԳ նախարարը պնդել է, որ 2020 թ․-ի պատերազմից հետո սահմանները հստակեցված չեն։ 

«2021 թ․-ի մայիսից ի վեր՝ շատ բան է տեղի ունեցել»,- նշում է շվեդական պարբերականը՝ արձանագրելով, որ բանակցությունները տեղի են ունեցել այլ հարթակներում, իսկ Մինսկի խումբը դե-ֆակտո դադարել է գոյություն ունենալ: Պարբերականն անդրադարձել է նաև բրյուսելյան հանդիպման ադրբեջանական մեկնաբանություններին, ըստ որոնց՝ ենթադրվում է ամբողջ Լեռնային Ղարաբաղի վերահսկողութան հանձնում Ադրբեջանին։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո միջազգային հանրության արևմտյան հատվածը հակված էր շարունակելու բանակցային ձևաչափն այնպես, ինչպես կար, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Վերջինս միշտ եղել է հայկական կողմի համար միակ ընդունելի ձևաչափը և հակառակը՝ մշտապես թիրախավորվել է ադրբեջանական կողմից։ Սրանից զատ՝ կարևորվում էր նաև հրադադարի պահպանումը խաղաղության պայմանագրի կնքումից։ Չնայած սրան՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մեղքով ի սկզբանե սեպարատ կերպով առաջին պլան մղվեց խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ և հարաբերությունների հաստատումը՝ Թուրքիայի։ Ըստ որում՝ դատելով հրապարակված փաստաթղթերից՝ պաշտոնական Երևանը գնացել է դրան՝ հասկանալով Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նպատակները։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.