Ուղիղ 35 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ադրբեջանցի ազգայնականները մասսայական ջարդեր սկսեցին` ընդդեմ հայ բնակչության: Սումգայիթը գտնվում է Բաքվից 35 կմ հեռավորության վրա, նրա բնակչությունը կազմում էր 250 հազ. մարդ, որից 18 հազ. հայեր էին:
Նախապատմություն
«Պերեստրոյկա»-յով ոգևորված Արցախի հայ բնակչությունը, որը չէր համակերպվել ԱդրԽՍՀ կազմում հայտնվելու փաստի հետ և պայքարում էր Հայաստանի հետ վերամիավորվելու համար, սկսեց իր իրավունքների համար պայքարի նոր փուլ: 1987 թ.-ին հայ ակտիվիստները հավաքեցին Արցախում ավելի քան 75 հազ. ստորագրություն` Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրանքով:
1988 թ.-ի փետրվարի 20-ին Արցախի խորհրդարանը` ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհուրդն ընդունեց որոշում` խնդրանքով դիմելու Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և Խորհրդային Միության կենտրոնական իշխանություններին՝ Արցախը Հայաստանին փոխանցելու հարցը քննարկելու նպատակով:
Ադրբեջանն անմիջապես այդ փաստաթուղթը որակեց որպես ծայրահեղական։ Փետրվարի 22-ին ադրբեջանցի ազգայնականների հոծ բազմությունը Աղդամից շարժվեց դեպի Ստեփանակերտ՝ նպատակ ունենալով «հայերին իրենց տեղը դնել»։ Սակայն Ասկերանի մոտ չստացված խռովարարներին կանգնեցրել են մի քանի հարյուր արցախցիներ` Վիտալի Բալասանյանի ու Սամվել Կարապետյանի («Օգանովսկի») գլխավորությամբ։ Բախման ժամանակ արցախյան հողում սպանվել է երկու ադրբեջանցի, ինչի մասին անմիջապես հայտնել են հեռուստատեսությամբ։
Ջարդեր
1988-ի փետրվարի 26-ին Սումգայիթում սկսվեց քաղաքի իշխանությունների կողմից հրավիրված մեծ հանրահավաք, որտեղ հնչում էին հակահայկական կարգախոսներ և կեղծ լուրեր, թե իբր հայերը ադրբեջանցիներին վտարում են Կապանից։ Հաջորդ օրը, շարունակվեց հանրահավաքը, փողոցներում հավաքված ադրբեջանցի ազգայնականները արմատականացան և «Մա՛հ հայերին» կարգախոսով գնացին սպանելու և թալանելու մարդկանց՝ միայն իրենց էթնիկ ծագման պատճառով։
Ջարդերը շարունակվեցին 3 օր, ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ աշխատակիցները չեն խառնվել տեղի ունեցողին։ Ջարդարարները, որոնք զինված էին ամրաններով և դանակներով, կազմակերպված էին. նրանց ձեռքին ցուցակներ կային, որտեղ նշված էին հայերի բնակարանները։
Մարդկանց խեղում էին, բռնաբարում, այրում, սպանում։ Պաշտոնական տվյալներով զոհ է գնացել 26 հայ և 6 ադրբեջանցի։ Միջազգային փորձագետները սպանված հայերի թիվը գնահատում են 200 մարդ։
Քաղաք ժամանած խորհրդային ներքին զորքերը բախվեցին ադրբեջանցի ազգայնականների կատաղի դիմադրությանը, որոնք անպատժելիությունից ավելի էին գազանացել, 276 խորհրդային զինվորականներ տարբեր ծանրության վնասվածքներ ստացան: Խորհրդային զինվորներին մարտական փամփուշտներչէին տրվել, բայց ի վերջո նրանց հաջողվեց ցրել խռովարարներին։
Սումգայիթի հետ միաժամանակ, ադրբեջանցի ազգայնականները փորձեցին ջարդեր իրականացնել Կիրովաբադում (Գանձակ): Սակայն այստեղի բնակչությունը հիմնականում կոմպակտ կերպով էր բնակեցված և կարողացավ ինքնապաշտպանություն կազմակերպել:
Ջարդերից հետո
ԽՍՀՄ իշխանությունները էվակուացրեցին Սումգայիթի հայերին: Սկսվեց դատական գործընթաց ձերբակալված ջարդարարների նկատմամբ: Բազմաթիվ ջարդարարներից դատվեցին միայնը 90-ը, այն էլ` ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Մարդասպաններից միայն մեկն է մահապատժի վճիռ ստացել, ինչը հանգեցրեց Ադրբեջանում հայերի դեմ հարձակումների նոր ալիքի: Ադրբեջանում շարունակվում էին ցույցերը` «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» կոչերով:
Իսկ ինչու՞մն է խորքային իմաստը
Խորհրդային իշխանության տարիներին շատ հայեր սկսեցին մոռանալ 20-րդ դարի սկզբին թուրքերի և ադրբեջանցիների (որոնց այն ժամանակ թաթարներ էին անվանում) ջարդերը։ Մինչդեռ 1905-1906 թվականներին ադրբեջանցիները հարձակվել են հայկական գյուղերի և քաղաքային բնակավայրերի վրա՝ համակեցության ողջ տարածքով՝ Երևանից մինչև Բաքու, Գանձակից մինչև Շուշի: Ավերվեցին հարյուրից ավելի գյուղեր, զոհվեցին հազարավոր մարդիկ։ Թուրքական բանակի ներխուժման ժամանակ կոտորածները շարունակվեցին, իսկ տեղի ադրբեջանցիները ակտիվորեն օգնում էին թուրքերին։
Սումգայիթի ջարդը և ադրբեջանական հասարակության արձագանքը շրջադարձային դարձան։ Եթե մինչ այդ որոշ հայեր դեռ կարծում էին, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է միասին ապրել, ապա այսամենից հետո պարզ դարձավ, որ չի ստացվի։ Չեզոք փորձագետների համար դա նույնպես ակնհայտ դարձավ. ատելության և մարդկանց զանգվածաբար սպանելու նման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանում հայերը պարզապես չէին կարող գոյատևել։
Այն հայերը, որոնք, այնուամենայնիվ, հավատում էին, որ Սումգայիթի ջարդն ավելի շատ պատահականություն էր, քան օրինաչափություն, և մնացին Բաքվում, 1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաքում տեսան ավելի դաժան և ավելի մեծ ջարդ: Դա 85 տարվա ընթացքում Բաքվի երրորդ հակահայկական ջարդն էր։ Իսկ սպանելու նրանք գնում էին «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսով: Այսպիսով Ադրբեջանում ձևավորվեց իրենց «հերոսի» կերպարը, որը սպանում է խաղաղ բնակիչներին։ Այս կերպարն ունեցավ իր տրամաբանական շարունակությունը` ի դեմս Ռամիլ Սաֆարովի, ով կացնահարել էր քնած հայ սպային։
Իհարկե, շատերը հիշում են նաև 2022 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, երբ վերջինս ասաց, որ ադրբեջանցիների «ատելությամբ մեծացած» սերունդն է հաղթել: Ադրբեջանը որպես պետություն, իհարկե, ատելություն էր սերմանում հայերի նկատմամբ, բայց այդ ատելությունը գոյություն ուներ ադրբեջանական պետության ի հայտ գալուց շատ առաջ՝ 1918-20 թթ.:
Սեփական թշնամուն չճանաչելը և առավել ևս նրա էությունն անտեսելը միշտ կհանգեցնի ողբերգության: Ադրբեջանում տեղի ունեցած ջարդերն ու դրանց ընկալումը հերթական անգամ ապացուցում են մի պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանի հետ հնարավոր չի լինի համաձայնության գալ, նա նպատակադրված է ողջ տարածաշրջանի էթնիկ զտմանը։ Ադրբեջանի հետ գոյակցելու միակ ճանապարհը մարտի դաշտում նրան պարտության մատնելն է, ինչպես դա եղավ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, և պահպանել ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Հակառակ դեպքում մենք կրկին ականատես կլինենք ջարդերի, փախստականների հոսքերի և էթնիկ զտումների։
Կարեն Իգիթյան, կովկասագետ