«Հայկական ալիքն» ընթերցողներին է ներկայացնում արևմտահայ գրող, հոդվածագիր, ազգային-հասարակական գործիչ Կարո Արմենյանի խոհերը հայ-ռուսական դաշինքի ներկայիս վիճակի, ստեղծված դրության պատճառների և հայոց պետականության զարգացման տեսանկյունից Ռուսաստանի դերի մասին։
Ներկայիս իրավիճակում հայոց քաղաքական միտքը պարտավոր է այս հարցին տալու իրատեսական, խորքային, համակողմանի և անկեղծ պատասխան, քանի որ հայկական անկախ պետականության լինելիության և մեր ժողովրդի գոյության տեսանկյունից Ռուսաստանի դերը միշտ եղել է կենսական և առանցքային։ Այն շարունակում է կենսական մնալ մանավա՛նդ այսօր։
Ճիշտ է եղել դա, թե սխալ, բայց հայոց անկախ պետականությունն ու հայ ժողովուրդը մեծ խաղադրույք են կատարել ռուսական ուժի կենսունակության վրա։ Պատմական այդ մեծ հանձնառությունը վաղուց անցել է բուն քաղաքականության սահմանները՝ դառնալով մշակույթ և լինելիության գրավական։ Հետևաբար՝ մենք չենք կարող Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ կապ պահպանել «դեպքից դեպ» եղանակով։ Մենք վերջինիս պետք է վերաբերվենք տիրոջ իրավունքով, մտայնությամբ և կեցվածքով։ Առավել ևս այսօր, երբ մենք փաշինյանական իշխանության քաղաքականության հետևանքով մեծ չափերով կորցրել ենք այդ կապը։ Այսօր մեր առջև դրված խնդիրը հետևյալն է։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ մեր կապը խիստ բախտորոշ և կենսական է, նույնքան կենսական պետք է համարվի նաև այն, որ այդ կապը տարածվի նաև Ռուսաստանի ներքին քաղաքականության մեջ։ Բավական չէ ասել՝ «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է», և կանգ առնել։ Հարկավոր է, որ մենք լիարժեք կերպով ստանձնենք այս կենսական փոխհարաբերությունների կյանքի կոչումը՝ հասցնելով այնպիսի հանգրվանի, որտեղ բավարարվում են մեր ազգային գերագույն շահերը՝ իրենց բարդ կառուցվածքով։
Եզրակացությունը հետևյալն է։ Ռուսաստանի հետ նման որոշիչ և կենսական փոխառնչություններով կապված լինելու դեպքում Հայաստանը վաղուց պետք է «զբաղեցրած լիներ» Մոսկվայի ներքին քաղաքականության ճանապարհները և «խրամատավորված» դրանում։ Փաստ է, սակայն, որ դա տեղի չի ունեցել։ Եթե ընդունում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ապա կարևոր է, որ ա) հստակորեն սահմանենք, թե այս դեպքում ինչ է նշանակում «ռազմավարական դաշնակից» եզրը, բ) վստահ լինենք, որ մենք և դաշնակիցն իրական կյանքում առաջնորդվում ենք միևնույն սահմանմամբ, գ) հոգ տանենք, որ դաշնակցի հետ փոխհարաբերությունները ամրապնդված լինեն լծակային շոշափելի և ազդեցիկ հակակշիռներով։
Ռազմավարական դաշինքները միշտ էլ նման են կենդանի օրգանիզմներին, որ ենթակա են ամենօրյա ձևափոխությունների և մաշումի։ Այդ դաշինքը պետք է սնել, ամենօրյա քննարկումների ենթարկել, հագեցնել նորանոր գործիքներով՝ վերածելով այն փոխսնուցիչ (սիմբիոտիկ) կենսագործոնի։ Կայացած պետությունների բարձրագույն կառուցակարգում լինում են անվտանգության պետ՝ անվտանգության խորհրդով հանդերձ։ Այդ հանրակարգերի առաքելությունն է, որ ամենօրյա վերահսկողության տակ պահեն տվյալ երկրի ռազմավարական դաշինքների կացությունը։ Այս ոլորտի քննարկումն ու որոշումների կայացումը ԱՄՆ նախագահի ամենօրյա խնդիրներից է։ Պարզ ասած՝ արևը երբեք մայր չպիտի մտնի պետության ռազմավարական համակարգի կենսագործունեության վրա։
Առկա երևույթները ցույց են տալիս, որ մենք չարաչար թերացել ենք ռազմավարական դաշնակից ձևավորելու այս բարդ ու բազմաշերտ գործում։ Արդեն պարզ է, որ Մոսկվայում մեր դիվանագիտությունը եղել է թույլ, մակերեսային և մեր ազգային առաջնահերթություններին անհամապատասխան։ Ցավով, բայց պիտի նշեմ, որ նույնիսկ այդ ճանապարհին ոտք կոխելուց առաջ արդեն մեր դիրքերն անհաստատ էին։
Մինչդեռ Ալիևը (Իլհամ – խմբ․) արել է ճիշտ հակառակը։ Իր հսկայածավալ ռազմական գնումներն այն վերածել է լծակային ուժի և գործնականում գրավել է Մոսկվան։ Որևէ երկրի (և հատկապես Ռուսաստանի) հետ այդ ծավալի առևտրային հարաբերությունները, ըստ էության, դադարում են զուտ առևտրային լինել և վերածվում են քաղաքականի, ապա նաև՝ ռազմավարականի։ Ի վերջո՝ գոյութենականի։ Այդպիսի հարաբերություններն ստեղծում են մագնիսական հզոր դաշտեր՝ շուկան վերածելով իրական ռազմադաշտի։ Ալիևն իր մեծաքանակ գնումներով ոչ միայն սպառազինեց սեփական բանակը, այլև ինքնին Ռուսաստանից գնումների այդ քայլով պատերազմ վարեց Հայաստանի և Արցախի դեմ։ Նա իր պատերազմը հաղթանակով պսակեց ռազմական գործողությունների սկսվելուց դեռ շատ առաջ։ Նա մեզ զինաթափեց հենց Մոսկվայում՝ վերջինիս դռներն ամուր փակելով մեր առաջ։
Եվ սա դեռ ամենը չէ։ Կողմերի, այս դեպքում՝ Ալիևի և Մոսկվայի միջև նման սերտ գործակցությունը միշտ էլ հանգեցնում է նաև անձնական հատուկ հարաբերությունների գոյացման։ Վստահորեն կարող ենք պնդել, որ առևտրային հարաբերություններին զուգահեռ ձևավորվել են նաև հատուկ անձնական շահեր Ալիևի և մոսկովյան կառավարող շրջանների՝ էստաբլիշմենտի միջև։ Կարելի է ենթադրել, որ այդ մանվածապատ հարաբերություններին մասնակցած լինեն նաև Թուրքիան ու Իսրայելը։ Ընդհանրապես բացառելի չէ և այն, որ ի սկզբանե բացառապես անձնական հողի վրա տեղի ունեցած լինեն օֆշորային հաշիվների «համալրումներ», որոնք ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձրացրած լինեն բոլորովին նոր մակարդակների։ Այս մասին հստակ տեղեկություններ չկան, մեր ենթադրությունները տակավին վարկածի դաշտում են։ Բայց այդ ենթաշխարհն անվիճելիորեն գոյություն ունի մեր ներկա աշխարհակարգում, և այդ ենթաշխարհում շատերի ճակատագրերն են որոշվում, այդ թվում՝ մերը։ Հետևաբար՝ որևէ երկրի հաջողության բանալին պետք է որոնել ոչ միայն տեսանելի աշխարհում, այլև վերջինս սնուցող ենթաշխարհներում։
Մի բան, սակայն, հստակ է։ Ալիևն իր հաղթանակը «գնեց» Մոսկվայից դեռ նախքան 44-օրյա պատերազմի սկիզբը։ Այդպես էլ արձանագրվեց ալիևյան չարաշուք «հրաշքը»՝ ի հաշիվ հազարավոր հայ զինվորների կյանքերի։ Մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, հանկարծ դադարեց գործել՝ ըստ իր ազգային գերագույն շահերի։ Դրա փոխարեն սկսեց գործել ազգային գերագույն շահերը սահմանող ուժի՝ մոսկովյան էստաբլիշմենտի եսասիրությունը, որն առաջնորդվում էր Ալիևի՝ որպես առևտրային գործընկերոջ առաջ ստանձնած պարտավորություններով։
Մենք պարտվեցինք ոչ թե Ալիևի ռազմական գերակայությանը, այլ ռուսական կայսերական համակարգի ներքին երկվություններին, որոնք այս պարագայում հետևանք էին վերը հիշատակված գործոնների։ Պատերազմի առաջին տասը օրերին Մոսկվան որոշեց չմիջամտել և գիտակցաբար թույլ տվեց, որ մենք ընկղմվենք պարտության մեջ։ Սա չի կարելի բացատրել միայն փաշինյանական իշխանության ապիկարություններով։ Սեփական ռազմավարական շահերով առաջնորդվող Ռուսաստանը պիտի անպայման միջամտեր և զսպեր Ալիևի առաջխաղացումն Արցախում։ Հենց այսպես պիտի գործեր ռուսական կայսերական մեքենան։ Բայց չգործեց։ Եվ այս հանգամանքը պետք է հստակ և տրամաբանական բացատրություն ստանա։
Մենք կորցրինք մեր անվտանգությունը երաշխավորող բոլոր ռազմավարական դիրքերը, որոնք ստեղծվել էին ավելի քան երեսուն տարիների արյունով, քրտինքով և հանճարով, և ավելի քան երեսուն տարիների ռուս-հայկական ռազմավարական դաշինքով։ Մոսկվան թույլ տվեց, որ մեր անվտանգության համակարգը փոշիանա։ Այդ համակարգը որքան հայկական, նույնքան էլ ռուսական ռազմավարական շահերի հենարանն էր այս տարածաշրջանում։ Մենք փուլ եկանք որպես պետականություն Մոսկվայի ուշադիր աչքի առաջ և Մոսկվայի գիտությամբ։ Փաստացի Մոսկվան գործեց մեր և իր թշնամու դիրքերից։ Սա մերկ ճշմարտություն է։ Մենք տեղյակ չենք, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել այդ օրերին մոսկովյան կուլիսներում։ Կա՞ր արդյոք բանավեճ։ Կա՞ր արդյոք սեփական խղճի հետ անկեղծ երկխոսություն։ Այս հարցի պատասխանները հայտնի չեն։ Հայտնի է միայն մեկ բան, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը ձախողեց փոխադարձ պիտանիության քննությունը։ Այսինքն՝ փաստացի այն դադարեց գոյություն ունենալ հայոց պետականության համար ամենաճակատագրական պահին։ Ինչո՞ւ։ Մենք չունեինք իրերի առկա դրության մասին ամենատարրական իմացություն։ Պատերազմի նախօրյակին Ալիևը և Մոսկվան շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում, իսկ մենք գործում էինք ամբողջական անտեղյակության պայմաններում։ Եթե այլ բան էլ չլինի, այս մեկ աններելի մեղքն իսկ բավարար է, որ փաշինյանական իշխանությունը պաշտոնանկ արվի և հանրային հաշվետվության կանչվի։
Այսօր հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշել են Արևմուտքին բերել տարածաշրջան՝ որպես ռազմավարական գործընկեր՝ այդպիսով արհամարհելով հայ-ռուսական հարաբերությունների վաղուց հաստատված կանոնակարգը։ Սա ևս այն փաստի վկայությունն է, որ կովկասյան ճակատում Մոսկվայի կրավորականությունը դաշտն անտեր է թողել Արևմուտքի և Թուրքիայի առաջ։ Իր քաղաքականությամբ Մոսկվան հնարավոր է դարձրել Կովկասում ուժային վակուումի առաջացումը, որից համարձակորեն օգտվում են Արևմուտքը, Իսրայելը, Թուրքիան և ի վերջո՝ պանթուրքիզմը։
Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանում Արևմուտքի շահերի կիզակետը բնավ Հայաստանը չէ, այլ Իրա՛նը։ Հայաստանը կոչված է ծառայելու՝ որպես այդ քաղաքականության գործիք։ Արևմուտքը վաղուց է ընտրել այս ճանապարհը, և այն այսօր փոփոխության ենթակա չէ այլևս։ Եթե Արևմուտքը կարողանա կյանքի կոչել Կովկասում իր նպատակները, Ռուսաստանը կչեզոքացվի այս տարածաշրջանից, Իրանը կհայտնվի քաոսի մեջ, իսկ Կովկասում տիրապետության կհասնի թուրք-ադրբեջանական երկյակը։ Իսկ Վրաստանն ու Հայաստանը կմնան Թուրքիայի քմահաճույքին։ Արդյոք պա՞րզ չէ, թե ինչպիսի աղետ է նշանակում կովկասյան ճակատում ռուսական ուժի չքացումը։ Աղետ՝ առաջին հերթին Հայաստանի, Արցախի և հայության համար։
Գաղտնիք չէ, որ Արևմուտքը վարում է կասպյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու քաղաքականություն։ Բայց վերջինս միշտ եղել է և պետք է շարունակի մնալ այդ դիրքերի վրա հաստատ կանգնած։ Այստեղ նորություն մի՛ փնտրեք, քանզի Մոսկվան միշտ էլ կարողացել է առանց դժվարության մատնանշել իր կարմիր գծերը և հավասարակշռություն հաստատել (միշտ ի նպաստ իրեն)՝ Կովկասը՝ որպես աշխարհաքաղաքական գոտի, պահելով իր ազդեցության գոտում։ Ի՞նչ փոխվեց այժմ, որ Ռուսաստանը մղեց իր ներկայիս կրավորական վիճակի մեջ։ Ինչո՞ւ հանկարծ նախագահ Պուտինն անհրաժեշտ համարեց համաձայնագիր ստորագրելու Ալիևի հետ (փետրվարի 23, 2022 թ․)՝ պարտավորվելով Կովկասի հետ առնչվող խնդիրների պարագայում առաջնորդվել Ադրբեջանի ազգային շահերով։
Այսօրինակ կնճռոտ իրավիճակում մենք՝ որպես անկախ պետականություն, իրավունք չունենք պարտվողի անպատիվ դիրքերից գործելու և մեր երկիրն ու մեր ժողովուրդը ենթարկելու այս քաոսային պայմաններին։
Ա) Մենք իրավունք չունենք իշխանության թողնելու Փաշինյանի պարտության համակարգը։ Այդ համակարգն իր բնույթով վիշիական է և պետք է հեռացվի ամեն գնով։ Պետք է հեռացվի այսօր ևեթ։
Բ) Մենք իրավունք չունենք հանդուրժելու մեր հողերի վրա թշնամական ներկայությունը։ Թշնամին պետք է իմանա, որ ՀՀ սահմաններից ներս մխրճված իր զինվորների ոտքերն ամենադաժան ձևով են պատժվելու։
Գ) Թշնամին պետք է իմանա, որ Արցախի անկախությունը ենթակա չէ սակարկության, իսկ իր հարուցած շրջափակումն անպայման պետք է արժանանա համապատասխան հակազդեցության։ Ավելին՝ թշնամին պետք է հստակորեն իմանա, որ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Բերձորը և մյուս գրավյալ տարածքները պատկանում են հայկական պետականության տարածքային ամբողջականությանը։
Դ) Մենք իրավունք չունենք ձգձգելու հայկական բանակի վերականգնման օրախնդիր ծրագիրը։
Ե) Հայոց քաղաքական միտքը պետք է ընդունի, որ մենք իրավունք չունենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոլորտը հանձնելու թշնամու տնօրինությանը։
Այսօր մեր մեծագույն մարտահրավերն է Հայաստան-Ռուսաստան գործընկերությունն իր արժանապատիվ չափանիշներով վերականգնելը։ Այո՛, այս ամենից հետո էլ մենք պարտավոր ենք Մոսկվան ընտրել՝ որպես մեր կենսական շահերի կիզակետ։ Մեր գործն է թշնամու ճանկերից Մոսկվային վերստին «խլելը» և վերջինիս շարժընթացից մեր բաժինն ապահովելը։ Ի վերջո պետք է գիտակցենք, որ Ռուսաստանը ոչ մեր թշնամին է, ոչ էլ մեր բարեկամը։ Ռուսաստանը մեր կենսական զենքն է, և մեր պարտավորությունն է այդ զենքն ամեն գնով ձեռք բերելը։ Մենք իրավունք չունենք Ալիևին զիջելու Մոսկվան։ Եվ այսօր այս հարցը դրված է մեր առջև գոյութենական հրամայականի տեսքով։
Մենք չենք կարող մեզ նման շքեղություն թույլ տալ՝ ասելու, որ դա արդեն անհնար է։ Մենք պարտավոր ենք գտնել այն լծակները, այն գերագույն ուժը, այն լծակադրման գործիքները, այն երկաթյա շերեփը, որ կովկասյան ուժային բալանսի մեջ կվերահաստատի հավասարակշռությունը՝ հայկական կողմը դնելով բանակցողի առողջ և արժանապատիվ դիրքերում։ Նժարի վրա է ոչ միայն հայոց անկախ պետականությունը, այլև շատ ավելին։ Նժարի վրա է մեր ազգային հավաքական գոյությունը։ Եթե ազգի ընդհանրական գիտակցությունն ի վիճակի չէ ըստ արժանվույն գնահատելու այս օրհասական ճգնաժամը, ապա ռահվիրաներն են (և առաջին հերթին՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը), որ անհապաղ պետք է իջնեն ասպարեզ՝ մեր նավը ճահիճից դուրս բերելու և աշխարհակարգի այս ականապատ դաշտում մեր տեղը վերհաստատելու համար։
Եկել է ժամը՝ գործի դնելու ստատուս-քվոն խախտող զենքերը։ Կովկասը թշնամուն հանձնելը բացառվում է։ Բոլոր այն տարածաշրջանային ուժերը, որ այդ քաղաքականության գործիքն են, ինքնաբերաբար ծառայում են թշնամուն։ Կայսերական համակարգի հաստատած «ողջամտության» չափանիշներն այսօրվա դրությամբ փակուղային են մեզ համար և անհամապատասխան մեր ներկայիս ճգնաժամային իրականությանը։ Ռահվիրաները պետք է գործեն փակուղիները պայթեցնող ռազմավարությամբ և հնարքներով։ Մենք գտնվում ենք նոր վերելք ապրելու պատմական մարտրահրավերին դեմ հանդիման, որտեղ պայքարի ելքը կյանք է կամ մահ։
Հեղ․՝ Կարո Արմենյան