Անվտանգություն, Նորություններ

Ծափերի տարափ պատերազմի շեմին կանգնած ՀՀ-ի «ժողովրդավարությանը»

18 / 10 / 2023

Հոկտեմբերի 17-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետը Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում՝ հնչեցնելով մեղադրանքների հերթական բույլը ուղղված ՀՀ դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի, փորձելով Հայաստանի կեղծ ժողովրդավարական արժեքներով ու ձեռքբերումներով հաճոյանալ Եվրոպային, Արցախի շրջափակման օրինակով՝ օդում կախված արձանագրումներ կատարել Հայաստանի վրա Ադրբեջանի գալիք հարձակման հավանականության մասին և դրա հետ մեկտեղ հերթական անգամ վերահաստատել միակողմանի նվիրվածությունը խաղաղությանը։

Իր ելույթը Փաշինյանը սկսեց Արցախի հայաթափման հարցում բոլորի (բացի իրենից) մեղքն արձանագրելով․

«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին ՀՀ, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։

․․․ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, ևս քսան հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չէր ունեցել։

․․․ Եվ այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը»։

2022թ․-ի դեկտեմբերին Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման և Ադրբեջանի վորջին հարձակման արդյունքում Արցախի հայաթափման ընթացքում ռուս խաղաղապահների իբրև թե անգործության մասին հայտարարությունների ֆոնին կորում է ամենակարևոր հարցը․ ինչու՞ էին հարյուր հազարավոր արցախահայերը ստիպված փախչել Արցախից։ Արցախում հայերի կյանքը հնարավոր կդառնար, եթե Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանը 2020թ․-ից հետո թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճանապարհով լծվեր Արցախի ինքնորոշման իրավունքի դժվարին պայքարին։ Սակայն երբ Պրահայում և Բրյուսելում ՀՀ դե-ֆակտո վարչապետը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, դրանով սպառեց արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու ցանկացած հնարավորություն։ Այդ հայտարարություններից հետո արդեն որևէ գործնական արժեք չուներ այն, թե ինչպես կդրսևորեին իրենց բլոկադայի կամ էթնիկ զտման պայմաններում ռուս խաղաղապահները, ովքեր, ըստ դե-ֆակտո վարչապետի, այլևս հայտնվել էին «Ադրբեջանի տարածքում»։ Հատկանշական է, որ ինքը Փաշինյանն է խոստովանում, որ «Ադրբեջանը հստակ ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը», թեև նա և դե-ֆակտո ԱԽՔ-ը ամիսներ շարունակ պնդում էին, որ «տեսանելի միջազգային մեխանիզմի» ստեղծման պարագայում հնարավոր է արցախահայության Ադրբեջանի կազմում «իրավունքների ու անվտանգության ապահովումը», իսկ Ադրբեջանը ի սկզբանե բացառում էր որևէ երաշխիքների տրամադրում արցախահայերին՝ դա համարելով իր ներքին գործը։ Ստացվում է, որ դե-ֆակտո վարչապետը, քաջ գիտակցելով Արցախի էթնիկ զտման հեռանկարը, մեն-մենակ էր թողել վերջինիս թշնամու դեմ, ուստի և այդ էթնիկ զտման միակ պատասխանատուն է։

Անհրաժեշտ է նշել, որ դե-ֆակտո վարչապետի քննադատության սլաքը ուղղված էր նաև «միջազգային հանրության» դեմ, որը, չնայած սպասվածից էլ շատ «իջեցված նշաձողերին»,փաստորեն, չարդարացրեց Փաշինյանի սպասելիքները․«․․․Ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ և առանձին երկրների խորհրդարանների բանաձևերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել Լեռնային Ղրաբաղի հայերի էթնիկ զտումները։ ՄԱԿ ԱԽ-ում թեմային առնչվող 3 քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները ոչ մի արդյունք չունեցան և, ահա, Լեռնային Ղարաբաղը այլևս հայաթափված է»։

«Վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց 29,800 թիվը չի հիշատակել, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար» – նշել է դե-ֆակտո վարչապետը։

ՀՀ դե-ֆակտո վարչապետը առիթը բաց չի թողնում աջուձախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում ՀՀ-ն չարչրկված 29․800 քառ․ կմ-ով, այլև նոր տարածքային պահաջներ է ներկայացնում ՀՀ-ին՝ արդեն իսկ լեգիտիմացված դե-ֆակտո վարչապետի ստորագրությամբ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Ն․ Փաշինյանը միակողմանի ստարագրած հայտարարությամբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ քարտեզի հիման վրա, ինչով լեգիտիմ իրավունք է տվել Արդբեջանին պահանջելու և ստանալու այսպես կոչված անկլավները։ Ադրբեջանն այդ հայտարարությունը չի ստորագրել։ Այսինքն՝ ո՛չ Արծվաշենը, ո՛չ իր կողմից օկուպացված մնացած տարածքներն Ադրբեջանը Հայաստանի մաս չի ճանաչել և չի պատրաստվում վերադարձնել։ Դրա վառ ապացույցն էին Գրանադայի հանդիպմանը հաջորդած հայտարարությունները։

 «Զավեշտալի է, որ Ֆրանսիան, որ աչք է փակում ներկայումս Հայաստանի կողմից Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիայի վրա, մեղադրում է Ադրբեջանին 150 քառ կմ հայկական տարածքների օկուպացման մեջ:

Ադրբեջանը տարածք չի օկուպացրել, և պնդումը, թե այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի չսահմանազատված հատվածում, պատկանում են Հայաստանին, անտրամաբանական է»,– նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահի Գրանադայում արած հայտարարություններից: Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի հետ հեռախոսազրույցում կրկին անդրադարձավ այսպես կոչված «անկլավներին».«Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս Հայաստանի կողմից գրավված են, և կարևոր է ազատել դրանք օկուպացիայից»։

Իր ելույթը դե-ֆակտո վարչապետը ավարտեց խաղաղությանը իր անսահման պատրաստակամության մասին հայտարարություններով․

«Պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը ՀՀ-ի հարավով կկապի ոչ միայն ՀՀ-ն ու Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիսարևմտյանների հետ, Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ, հետագա շարունակությամբ՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, ՀՀ-ն Իրանի հետ, արևմուտքը՝ արևելքի հետ, Կասպից ծովից մինչև Միջերկրական, հյուսիսը հարավի հետ, Ծոցից մինչև Սև ծով։ ՀՀ-ում սա անվանում են «հայկական խաչմերուկ»։

․․․Մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991 թ սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը ՀՀ-ի ոչ մի տարածքում զորք չի ունենա, ՀՀ-ն էլ Ադրբեջանի։

․․․Պատրաստ ենք նաև փոխադարձության սկզբունքով հասցեագրել «անկլավների» հարցը։

․․․Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»։

Իսկ ինչի՞ է պատրաստ թշնամին։ Այս հարցի պատասխանն իմանալու համար հեռու գնալ պետք չէ․ բավական է լսել թշնամական պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 17-ին օկուպացված Վարանդայում հնչեցրած թեզերը«Իհարկե, մենք կվերադառնանք Զանգեզուր, բայց խաղաղ ճանապարհով։ Ես ասել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով։

․․․ Շատերը կրկնում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք ցույց տվեցինք, որ ունի։

․․․ Ռազմական ծախսերի համար ավելի շատ գումար պետք է հատկացվի, քանի որ «երկաթե բռունցքը» միշտ պետք է պատրաստ լինի»։

Ալիևի ռազմաշունչ ելույթի ֆոնին հիշեցնենք ՀՀ դե-ֆակտո վարչապետի ստրասբուրգյան ելույթում հնչեցրած համոզմունքը, որ, այո՛, ժողովրդավարությունը ի վիճակի է ապահովելու անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն։ Երբ ակնհայտորեն չընդհատվող պատերազմների և ռազմական ուժի հաղթարշավի դարաշրջանում որպես պետության անվտանգային համակարգ ընտրում ես «ժողովրդավարությունը», կորցնում ես տարածքներդ, անկախությունդ ու ինքնիշխանությունդ։

Մադոյան Արփի

 

Related Posts