Նոյեմբերի 16-ին կայացած ԱԺ նիստի ընթացքում դե-ֆակտո փոխվարչապես Մհեր Գրիգորյանն իր ելույթում նշել է. «Տարեսկզբից մեկնարկել էին Համաշխարհային բանկի հետ զարգացման քաղաքականության գործառնություններ` 100 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության ծրագրի մշակման գործընթացները»: Նշվեց նաև, որ ընթացքի մեջ է գտնվում նաև Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից տրամադրվելիք աջակցության ծրագրի մշակումը` բյուջեի պակասորդը ֆինանսավորելու համար: Հայտնի է, որ Ասիական զարգացման բանկի կողմից կտրամադրվի 100 մլն դոլարի, իսկ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից` 100 մլն եվրոյի չափով գումար:
Ինչպես հասկանում ենք, ՀՀ արտաքին պարտքը գնալով աճում է: Սակայն ամենից առաջ, հարկավոր է հասկանալ, թե ինչ է պետական պարտքը, ինչպես է այն գոյանում և ինչպես պետք է մարվի: Այդ նպատակով «Հայկական ալիք»-ը հարցազրույց է անցկացրել քաղտնտեսագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր Հրանտ Միքայելյանի հետ:
Ի՞նչ է պետական պարտքը:
Պետական պարտքը պետության, կառավարության և Կենտրոնական բանկի կուտակած պարտավորություն է: Այն վճարվում է նախկինում տրված գումարների դիմաց: Այսինքն՝ երբ պետությունը իր ծախսերի գծով բյուջեն չի կարող կատարել, ստեղծվում է պակասորդ, որը, ֆինանսավորվելով արտաքին կամ ներքին աղբյուրներից, դրանցով կուտակում է պետական պարտքը: Պետությունն ամեն տարի փորձում է այդ պետական պարտքի մի մասը փակել, տոկոսները վճարել: Պետական պարտքը, լինի դա պարտատոմսերի տեսքով կամ մի երկրի կողմից անմիջապես մյուսին տրամադրվող, ունենում է ժամկետ, որի համաձայն կատարվում է մարումը: Բայց եթե մարման հնարավորություն չկա, տեղի է ունենում տվյալ վարկի վերաֆինանսավորում: Վերցվում են նոր պարտքեր, որպեսզի ծածկեն հները:
Ինչքա՞ն կարող է կազմել պետական պարտքը:
Տարեկան պակասորդի նորման համարվում է ՀՆԱ-ի մինչև 3%-ը: Իսկ ընդհանուր ՀՆԱ-ի նկատմամբ կուտակված պետական պարտքը կարող է կազմել ՀՆԱ-ի մինչև 60%-ը, դրանից ավելին արդեն համարվում է բարձր: Իրականում դա կախված է մի շարք գործոններից: Օրինակ՝ մի երկրին ավելի բարձր տոկոսով կարող են տրամադրել պետական պարտք, մյուսին՝ ավելի ցածր տոկոսով և այլն: Հայաստանն, օրինակ, դրամով պարտքերը վերցնում է 11,5%-ով: Սակայն դրամի գնաճը կազմում է մոտավորապես 8%: Այսինքն՝ մաքուր տոկոսադրույքը կարող է այդքան էլ բարձր չլինել: Այսպիսով, պետական պարտքը իրականում պետական ֆինանսների համակարգերի մի մասն է և լրացնում է պետական ֆինանսների բացակայությունը, երբ պետությանը չեն հերիքում պայմանները, որպեսզի կատարի սոցիալական, պաշտպանական պարտավորությունները:
Ե՞րբ և ինչպե՞ս է գոյանում պետական պարտքը:
Պատահում է, երբ պետությունն ուղղակի տեսնում է, որ կան շատ լավ պայմաններ, և այդ դեպքում ուղղակի պետական պարտատոմսերը վաճառվում են, կամ լինում է բյուջեի պակասորդ, այսինքն՝ ինչ-որ ծրագրի ֆինանսավորման համար գումարը չի հերիքում: Բայց քանի որ նոր պարտքեր վերցնելն առհասարակ մշտական գործընթաց է, պետությունը հիմնականում գրեթե միշտ գտնվում է նոր ֆինանսների փնտրտուքի մեջ:
Ո՞ր կառույցներն են տրամադրում պետական պարտքը:
Ներքին պարտքի դեպքում տրամադրող աղբյուր կարող են հանդիսանալ պարտատոմսեր գնող անհատները, բանկերը, այլ ֆինանսական և բիզնես կազմակերպությունները և այլն: Այսինքն՝ պետությունը վաճառում է պարտատոմսեր, որոնք տեսականորեն ապահովված են պետության ամբողջ ունեցվածքով և այլն, իսկ գնորդն ակնկալում է, որ հետ կստանա տոկոսներով գումար: Արտաքին պետական պարտքի դեպքում հատկապես զարգացող երկրների համար այդ կառույցները կարող են լինել միջազգային կառույցները, ինչպես օրինակ՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական բանկը, կարող են լինել այլ երկրներ, անհատներ, ֆինանսական կազմակերպություններ և այլն: Կարող են լինել, օրինակ, նաև բոնդեր միջազգային շուկաներում, որոնք վաճառվում են ինչ-որ տոկոսով և այլն: Հայաստանը նման վարկերից շատ է օգտվել: Բայց այստեղ էլ մի խնդիր կա: Երբ խոսքն, օրինակ, եվրոբոնդերի կամ առհասարակ բոնդերի մասին է, շատ հաճախ հայտնի չէ, թե ո՞վ է դա, ո՞վ է գնել այս կամ այն պարտատոմսը, այսինքն՝ ու՞մ է պարտք Հայաստանը:
Ի՞նչ երաշխիքների դիմաց է պետություններին տրվում պետական պարտք:
Կարող են լինել առանձին պայմաններ, բայց հիմնականում պետությանը պետական պարտք տրամադրվում է ուղղակի պետության պատասխանատվության գծով, որովհետև պետությունը չի կարող պարտքը չվճարել, եթե օրինակ դեֆոլտ չի հայտարարում: Իսկ դեֆոլտը նշանակելու է, որ ուրիշ պետություններ այդ պետությանն այլևս նոր վարկ չեն տրամադրելու: Կան և կարող են լինել տարբեր պայմաններ, բայց կարծում եմ՝ դա հիմնականում կախված է պետության հեղինակությունից:
Ինչպե՞ս է մարվում պետական պարտքը:
Պետություններն իրենց օրենքների մեջ գրեթե միշտ ունենում են հոդված, որով մարվում են և՛ անցած պարտքերի տոկոսադրույքները: Կամ եթե նման հնարավորություն չկա, կարող են վերցնել նոր վարկ, որպեսզի հին պարտքը վճարվի: Այսինքն՝ եթե տվյալ տարում չի հերիքում, կարող է վերաֆինանսավորում տեղի ունենալ, հետաձգվել վճարումը, լինել վարկի ռեստրուկտուրիզացիա, իհարկե եթե վարկատուն համաձայն է: Հիմնականում դա լինում է, երբ որ խոսք է գնում կա՛մ պետության հնարավոր դեֆոլտի մասին, այսինքն` երբ ռիսկ կա, որ ընդհանրապես չի վճարի, կա՛մ էլ եթե խոսքը վերաբերում է ֆինանսներ տրամադրող միջազգային կազմակերպություններին, որոնք որպես օբյեկտիվ իրողություն կարող են ընդունել, որ պետությունն ի վիճակի չէ վճարել և այլն: Օրինակ՝ ԵՄ-ի դեպքում կարող է որոշվել, որ այս կամ այն պետությանն աջակցություն է անհրաժեշտ, որ այդ պետությունը պետք է դիմի աջակցության համար և կառույցի ընդհանուր ուժերով վերաֆինանսավորվի:
Ինչքա՞ն էր կազմում նախկինում ՀՀ պետական պարտքը և ինչքան է կազմում հիմա:
2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո Հայաստանի պետական պարտքը սկսել էր արագորեն մեծանալ և՛ ՀՆԱ-ի, և՛ բյուջեի նկատմամբ` և՛ դոլարով, և՛ դրամով, և՛բացարձակ արժեքով: Վերջին 14 տարում աճի միտումը շարունակվում է: Վերջին տարվա ընթացքում էլ պետական պարտքը դոլարով բավականին շատացել է, քանի որ դրամը դոլարի նկատմամբ աճել է: Իսկ Հայաստանի ներքին պարտքի զգալի մասը նաև նոմինացված է դրամով: Այսպիսով, այդ պարտքն իր չափով աճել է փոխարժեքի փոփոխության պատճառով և ընդհանուր առմամբ կազմում է 10 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը կազմում է մոտավորապես 6 մլրդ, իսկ ներքինը՝ մոտավորապես 4 մլրդ:
Ինչպե՞ս է պետական պարտքն անդրադառնում հասարակ քաղաքացու վրա: Ի՞նչ պետք է իմանա սովորական քաղաքացին պետական պարտքի վերաբերյալ:
Ինչքան մեծ է պետական պարտքը, այդքան դա զսպում է պետության կողմից ֆինանսավորվող ցանկացած ծրագիր: Այսինքն՝ պետությունը ստիպված է ավելի ու ավելի մեծ գումարներ հատկացնել պետական պարտքերի մարման համար: Եվ այդ հանգամանքներով պետությունը հանդիսանում է ճնշված: Այսպիսով, ինչքան մեծ է պետական պարտքի դերը, այդքան վատ: Հասարակ քաղաքացին պետք է իմանա, որ եթե պետական պարտքը աճում է արագ, ապա դա պարտավորություններ է ստեղծում ապագա սերունդների համար: Այսինքն՝ ներկա սերունդների բարեկեցության համար վճարելու են ապագա սերունդները: Իսկ քանի որ տոկոսը գումարվում է, դա բավականին լուրջ խնդիր է: Եվ որպեսզի այդ պարտքը որպես բեռ չկուտակվի, ցանկալի է , որ տնտեսական աճը լինի ավելի բարձր, քան պետական պարտքը: Ցանկալի է նաև, որ երբ չկա տնտեսական ճգնաժամ, երկիրը նոր պարտքեր չվերցնի, վերցնի նվազագույն պարտքեր կամ էլ վերցնի ոչ ավել, քան հին պարտքերի մարման համար ունի վճարելու, որպեսզի պարտքի դերը գոնե չաճի այն տարիներին, երբ ճգնաժամ չկա, որովհետև հիմնականում երբ ճգնաժամ է ստեղծվում, պետությունները ստիպված են լինում կուտակել պարտքեր:
Այս տարի ճգնաժամ չի եղել, բայց Հայաստանի պարտքի դերը, համենայն դեպս, դոլարով աճել է: Արտաքին պարտքը նվազել է, բայց բավական զգալիորեն աճել է ներքին պարտքը: Սա խնդիր է, որովհետև ամեն դեպքում տոկոսադրույքը բարձր է: Եթե գնաճը նվազեց, տոկոսադրույքը ամեն դեպքում պահպանվելու է և էլի ծանր բեռ է դառնալու: Այսպիսով, կարծում եմ, որ բյուջետային դիսցիպլինան պետք է ավելի խիստ լինի, որպեսզի նոր պարտքեր չվերցվեն: Եվ շատ կարևոր է նաև դրամի փոխարժեքը պետական պարտքի միջոցներով չապահովել, ինչը Կենտրոնական բանկը երբեմն արել է նախկինում: Դա էլ է շատ կարևոր, որովհետև այս պարագայում մենք ներկա սպառումն, առհասարակ, ֆինանսավորելու ենք էլի ապագայից, որը շատ հազվադեպ դեպքերում է ընդունելի, իսկ հիմա այդ դեպքը չէ։
Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը