Էսսե

Ինչպե՞ս Ստալինգրադի ճակատամարտը հետ պահեց թուրքերին Արևելյան Հայաստանը գրավելուց

02 / 02 / 2023

Այսօր լրանում է Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային բանակի փայլուն հաղթանակի 82-ամյակը:

Ինչու՞ է այդչափ կարևոր Ստալինգրադի ճակատամարտը

Ստալինգրադի ճակատամարտը մարդկության պատմության մեջ ամենամեծ ցամաքային ճակատամարտն է և պատերազմի այն շրջադարձային կետը, որից հետո գերմանական բանակը լիովին ջախջախվեց։ Ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունեցավ ոչ միայն գլոբալ առումով Հայրենական մեծ պատերազմում, այլև հայ ժողովրդի ճակատագրում։ Մինչև 1942 թվականի նոյեմբերը Ստալինգրադի ուղղությունը համարվում էր օժանդակ Կովկասի վրա հարձակման համար:
 Ստալինգրադի ճակատամարտում Գերմանիայի հաղթանակը կհանգեցներ ներկայիս Վոլգոգրադի  ամբողջ շրջանի գրավմանը, ինչը կդադարեցներ տրանսպորտային կապը ԽՍՀՄ կենտրոնական շրջանների և Կովկասի միջև և թույլ կտար նացիստներին ողջ Կովկասը վերցնել իրենց վերահսկողության տակ:

Թուրքիան ակնկալում էր Ստալինգրադում Խորհրդային Միության պարտությունը

1942 թվականի աշնանը, երբ նացիստական ​​զորքերը առաջ էին շարժվում դեպի Ստալինգրադ և Կովկաս, Թուրքիան միանգամից հայտարարեց զորքերի մոբիլիզացիա և 750 հազարհոգանոց անձնակազմ կենտրոնացրեց Խորհրդային Հայաստանի և Վրաստանի սահմանների մոտ։ Սա գրեթե չորս անգամ ավելի էր, քան Հայաստանում և Վրաստանում գործող խորհրդային զորախումբը, որը բաղկացած էր հիմնականում նորակոչիկներից։ Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ Թուրքիան շուտով պատրաստվում էր պատերազմի մեջ մտնել Գերմանիայի կողմից և սպասում էր հարմար պահին։ Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը հիշում է, որ թուրքերն անընդհատ անկարգություններ էին անում, դիվերսիաներ էին կազմակերպում և կրակում բնակավայրերի ուղղությամբ։ Սակայն Ստալինգրադում տարած հաղթանակով իրավիճակը  ճակատում կտրուկ փոխվեց, և 1942 թվականի նոյեմբերի վերջին Անկարայում Գերմանիայի դեսպան Ֆրանց ֆոն Պապենը թուրքական իշխանություններին խոստովանեց, որ գերմանացիները դատապարտված են Ստալինգրադի մատույցներում, ինչի հետևանքով մարեց Հայաստանն ու ողջ Կովկասը գրավելու Թուրքիայի վճռականությունը։



Մեկընդմիշտ լուծել Հայկական հարցը


Հայաստանում կազմավորված երեք ստորաբաժանումների մարտիկները կռվեցին այս ճակատամարտում՝ խորապես գիտակցելով, որ եթե տանուլ տան, ապա թուրքերն անշուշտ կհարվածեն Կովկասին և կփորձեն մեկընդմիշտ լուծել Հայկական հարցը։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30 հազար հայ, նրանցից մեկ երրորդը զոհվել է։ Այստեղ իր որդուն է կորցրել նաև Անաստաս Միկոյանը։ Ի հիշատակ նրանց՝ 2017 թվականին Մամաև Կուրգանի գերեզմանատանը տեղադրվել է հայկական ազգային խորհրդանիշ՝ խաչքար։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած 119 հայերից հինգը ստացել են հերոսի շքանշան Ստալինգրադի ճակատամարտին մասնակցելու համար: Նրանք են Գրիգորի Բաղյանը, Սերգեյ Բուռնազյանը, Ասքանազ Կարապետյանը, Արամայիս Պողոսյանը և Աշոտ Ամատունին։

Էլեոնորա Սարգսյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *