Թարգմանություն

Նոր ազդեցության գոտիները

04 / 06 / 2022

Image by © Hulton-Deutsch Collection/CORBIS

 

Ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs ամսագրի 2020 թ. մարտ/ապրիլի համարում հրապարակվել էր հայտնի քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու դպրոցի պրոֆեսոր Գրեհամ Էլիսոնի (Graham Allisson) հոդվածը՝ «The New Spheres of Influence. Sharing the Globe With Other Great Powers», նվիրված աշխարհաքաղաքականության գլխավոր գործոններից մեկին՝ ազդեցության գոտիներին, որի մասին շատ քաղաքական գործիչներ և քաղաքականություն մշակողներ պարզապես մոռացել էին Սառը պատերազմից հետո։ Հոդվածի հայերեն թարգմանությունը, որն իրականացրել է «Հայկական ալիքի» խմբագրությունը, ներկայացվում է առաջին անգամ։

Հետսառըպատերազմյան գլխապտույտ շրջանում ամերիկյան քաղաքականության մշակողները հնացած որակեցին աշխարհաքաղաքականության հիմնարար հայեցակարգերից մեկը։ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նկարագրեց նոր աշխարհակարգը, «որում մեծ տերությունները չեն որոշվում իրենց ազդեցության գոտիներով… կամ որ ուժեղները չեն պարտադրում իրենց կամքը թույլերին»։ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ «Միացյալ Նահանգները ազդեցության գոտիներ չի ճանաչում։» Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ «Մոնրոյի դոկտրինի դարաշրջանն ավարտվել է»՝այդպիսով ազդարարելով Արևմտյան կիսագնդում իր ազդեցության գոտու նկատմամբ Միացյալ Նահանգների գրեթե երկուդարյա հավակնությունների ավարտը:

Գրեհամ Էլիսոն

Նման հայտարարությունները ճիշտ էին այն այնքանով, որ աշխարհաքաղաքականության հետ կապված ինչ-որ բան փոխվել էր։ Բայց նրանք սխալ էին արձանագրում, թե կոնկրետ ինչն է փոխվել: ԱՄՆ քաղաքականության մշակողները դադարել էին ճանաչել ազդեցության գոտիները, այսինքն այլ ուժերի՝ իրենց իսկ տարածաշրջանում հարգանք պահանջելու կամ այնտեղ գերիշխող դիրքերից վերահսկողություն իրականացնելու կարողությունը ոչ այն պատճառով, որ հայեցակարգը հնացել էր։ Իրականում ամբողջ աշխարհը վերածվել էր դե-ֆակտո ամերիկյան գոտու։ Ազդեցության գոտիներն իրենց տեղը զիջել էին մեկ ընդհանուր ազդեցության գոտուն։ Ուժեղը շարունակում էր իր կամքը թելադրել թույլին. մնացած աշխարհը ստիպված էր խաղալ ամերիկյան կանոններով, կամ, հակառակ դեպքում, ենթարկվել լրջագույն պատասխանատվության՝ սկսած հյուծող պատժամիջոցներից մինչև իշխող վարչակարգի ուղղակի փոփոխություն։ Ազդեցության գոտիները չէին վերացել.  դրանք միավորվել էին մեկի մեջ՝ ԱՄՆ-ի հեգեմոնիայի ճնշող փաստի պատճառով:

Այժմ այդ հեգեմոնիան նվազում է և Վաշինգտոնը հանկարծ բախվել է, իր իսկ բնորոշմամբ, «մեծ տերությունների մրցակցության նոր դարաշրջանի» հետ, երբ Չինաստանն ու Ռուսաստանը օգտագործում են իրենց հզորությունը ամրապնդելու սեփական շահերն ու արժեքները, որոնք հաճախ հակասում են Միացյալ Նահանգների շահերին։ Սակայն ամերիկյան քաղաքականության մշակողները դեռ փորձում են գլուխ հանել, թե ինչպես է այս նոր դարաշրջանը անդրադառնալու աշխարհում ԱՄՆ-ի դերի վրա։ Առաջ ընկնելով նշենք, որ այդ դերը ոչ միայն փոխվելու է, այլ այն զգալիորեն նվազելու է։ Մինչ առաջնորդները շարունակելու են հայտարարել հսկա ամբիցիաների մասին, նվազած հնարավորությունները ենթադրելու են նվազած արդյունքներ։ Միաբևեռ աշխարհն այլևս անցյալում է, իսկ դրա հետ միասին անցյալում է այն պատրանքը, թե այլ երկրներ պարզապես կգրավեն իրենց տեղն Միացյալ Նահանգների գծած աշխարհակարգում։ Միացյալ Նահանգների համար դա նշանակում է ընդունել այն իրողությունը, որ այսօր աշխարհում կան ազդեցության գոտիներ, և որ դրանցից ոչ բոլորն են ամերիկյան։ 

ԱՇԽԱՐՀՆ ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԷՐ

Նախքան աշխարհաքաղաքականության նոր կանոնների մասին հայտարարություններ անելը հետսառըպատերազմյան շրջանի ԱՄՆ պետքարտուղարները պետք է վերհիշեին Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վերջին ամիսները, երբ ԱՄՆ քաղաքականության մշակողները նույն համառությամբ հրաժարվում էին ընդունել այն աշխարհը, որում ազդեցության գոտիները շարունակում էին մնալ աշխարհաքաղաքականության կարևորագույն հատկանիշներից մեկը։ Հենց տվյալ հարցի շուրջ հակառակ տեսակետներն էին ընկած ԱՄՆ կառավարության ԽՍՀՄ հարցերով  երկու լավագույն փորձագետների բանավեճի հիմքում։ 

1945 թ. փետրվարի 4-ին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Յալթայում հանդիպեց Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ։ Ռուզվելտի կողքին էր նրա թարգմանիչը և Խորհրդային Միության հարցերով գլխավոր խորհրդական Չարլզ Բոհլենը (Charles Bohlen)։ Հենց այդ առավոտ Բոհլենը հրատապ նամակ էր ստացել Մոսկվայում գտնվող իր մտերիմ գործընկեր Ջորջ Քենանից: Քենանը ճշգրտորեն կանխատեսել էր, որ Խորհրդային Միությունը փորձելու է հնարավորինս պահպանել իր ազդեցությունը Եվրոպայի վրա։ Հարցն այն էր, թե ինչպիսի՞ն պետք է լինի դրան Միացյալ Նահանգների արձագանքը։ Քենանը հարցնում էր. «Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ արժանապատիվ և վերջնական փոխզիջման այդ հարցի շուրջ ու Եվրոպան հստակորեն բաժանենք ազդեցության գոտիների` մեզ հեռու պահելով ռուսական ազդեցության գոտուց, իսկ ռուսներին՝ մերինից»:

Բոհլենը ապշած էր։ «Բացարձակապես անհնար է», – պոռթկաց նա ի պատասխան այդ առաջարկի: «Այդ տեսակի արտաքին քաղաքականությունը չի կարող իրականացվել ժողովրդավարական երկրում»: Ավելի ուշ անդրադառնալով այդ դրվագին՝ Բոհլենը բացատրեց. «Ամերիկայի ժողովուրդը, որը երկար, ծանր պատերազմ էր մղել, արժանի էր նվազագույնը ավելի լավ աշխարհ ստեղծելու մեկ փորձի»: 1945-ից 1947 թվականներին Բոհլենը աշխատեց Ռուզվելտի, այնուհետև Թրումանի վարչակազմերի այլ առաջատար դեմքերի կողքին՝ իրականություն դարձնելու համար իրենց «մեկ աշխարհի» տեսլականը, որտեղ դաշնակիցները, ովքեր միասին կռվել էին նացիստներին պարտության մատնելու համար, կշարունակեին մնալ դաշնակիցներ նոր աշխարհակարգ ստեղծելու հարցում։ Սակայն նա, ի վերջո, հանձնվեց աշխարհին՝ ինչպիսին որ այն կար։ Եթե կարճ՝ Քենանը ճիշտ էր։ «Պատերազմից հետո աշխարհի և՛ տնտեսական, և՛ քաղաքական վերակառուցման շուրջ մեծ տերությունների միջև միասնականության փոխարեն առկա է լիակատար պառակտվածություն՝ մի կողմից Սովետական Միությունն ու իր արբանյակներն են, մյուս կողմից՝ ամբողջ աշխարհը». այսպես էր խոստովանել Բոհլենը 1947 թվականի ամռանը պետքարտուղար Ջորջ Մարշալին ուղղված հուշագրում։ «Մի խոսքով, կա երկու աշխարհ՝ մեկի փոխարեն»։

Քեննանի ախտորոշման հետ վերջապես համաձայնելուց հետո Բոհլենը չխուսափեց հետևանքներն ընդունելուց։ Մարշալին ուղղված նրա հեռագիրը եզրահանգում էր. «Բախվելով այս տհաճ փաստի հետ, որքան էլ ցավալի է, Միացյալ Նահանգները հանուն իր, ինչպես նաև աշխարհի ոչ խորհրդային հատվածի բարօրության և անվտանգության պետք է… համախմբի [ոչ խորհրդային աշխարհը] քաղաքականապես, տնտեսապես, ֆինանսապես և, ամեն բան հաշվի առնելուց հետո, նաև ռազմականապես՝ համախմբված խորհրդային ազդեցության գոտուն հակազդելու հնարավորություն ունենալու համար։»

Այս համոզմունքը դարծավ Միացյալ Նահանգների հաջորդ տասնամյակների ռազմավարության հիմնասյունը՝ հիմնված ազդեցության գոտիների գոյության ընդունման վրա. լինելու էին տարածքներ, որոնք ենթարկվելու էին խորհրդային գերիշխանությանը՝ հաճախ սարսափելի հետևանքներով, բայց դա լավագույն ուղին էր Միացյալ Նահանգների համար, որը պետք է ամրապնդեր խորհրդային գոտու ծայրամասի ուժերին՝ միաժամանակ ամրապնդելով սեփական ազդեցության գոտու ուժն ու միասնությունը։ 

Հետագա չորս տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը ներգրավված էին մեծ տերությունների մրցակցության մեջ, որը մեզ հայնտի է որպես Սառը պատերազմ: Խորհրդային ազդեցության գոտում Արևելյան Եվրոպայի ազգերը պատանդ էին մնացել «չարի կայսրության» «սապոգի» տակ։ Ամերիկայի նախագահները շարունակաբար բախվում էին ճգնաժամային մի իրավիճակի, երբ պետք էր ընտրություն կատարել մի կողմից Խորհրդային ազդեցության գոտու երկրներ զորքեր ուղարկելու և հանուն Ամերիկայի կողմից համամարդկային հռչակված արժեքների ու ազատությունների համար պայքարող ազատության մարտիկներին օգնելու և մյուս կողմից կողքի քաշված այդ ազատության մարտիկների սպանվելուն և ճնշվելուն հետևելու միջև։ ԱՄՆ նախագահները, առանց բացառության, միջամտելու փոխարեն նախընտրեցին չեզոք մնալ։ Հիշե՛ք Դուայթ Էյզենհաուերին, երբ հունգարացիները ոտքի կանգնեցին 1956-ին, և Լինդոն Ջոնսոնին՝ 1968-ի Պրահայի գարնան ժամանակ (կամ, Սառը Պատերազմից հետո, Ջորջ Բուշին, երբ ռուսական զորքերը հարձակվեցին Վրաստանի վրա 2008-ին և Բարաք Օբամային, երբ ռուսական հատուկ ջոկատայինները գրավեցին Ղրիմը): Ինչո՞ւ [այդպես վարվեցին]։ Նրանցից յուրաքանչյուրը յուրացրել էր մի տհաճ, բայց միևնույն ժամանակ անհերքելի ճշմարտություն. ինչպես ժամանակին բացատրեց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ համատեղ հայտարարության մեջ. «միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և երբեք չպետք է մղվի»: 

Սառը Պատերազմի պատմության այս դրվագը պետք է ծառայի որպես հիշեցում. այն պետությունը, որ միաժամանակ և՛ իդեալիստ է, և՛ իրատես, միշտ ստիպված է լինելու պայքարել հաշտեցնելու՝ մի կողմից նպատակների հիմնավորումներն ու ռացիոնալիզացումը, իսկ մյուս կողմից՝ ուժային իրողությունները։ Արդյունքը, ինչպես արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան Ֆարիդ Զաքարիայի դիպուկ ամփոփման մեջ է ասվում, լինում է «փոխակերպման հռետորաբանությունը, բայց հարմարվողականության իրականությունը»: Նույնիսկ ԱՄՆ-ի հզորության գագաթնակետին հարմարվելը նշանակում էր ընդունել խորհրդային ազդեցության գոտու գոյության տհաճ փաստը:

ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ 

Մոտ կես դար տևած մրցակցությունից հետո, երբ ավարտվեց Սառը Պատերազմը և Խորհրդային Միությունը վերացավ, 1991-ին Միացյալ Նահանգները մնաց տնտեսապես, ռազմական և աշխարհաքաղաքականորեն գերիշխող դիրքում: Հետսառըպատերազմյան շրջանի առաջին երկու տասնամյակներում ԱՄՆ ռազմական բյուջեն ավելին էր, քան իրեն հաջորդող տասը պետություններինը միասին վերցրած (որոնցից հինգը ԱՄՆ դաշնակիցներ էին): Գործնականում դա նշանակում էր, որ Միացյալ Նահանգները, ինչպես ասվում էր պաշտպանության քարտուղար Ջեյմս Մեթիսի 2018 թվականի Ազգային պաշպտանական ռազմավարությունում, Միացյալ Նահանգները «վայելում էր անվիճելի կամ գերակա առավելություն յուրաքանչյուր կիրառական ոլորտում։ Ընդհանուր առմամբ, մենք կարող էինք տեղակայել մեր զորքերը երբ ցանկանայինք, հավաքել այնտեղ, որտեղ ցանկանայինք և կիրառել այպես, ինչպես ցանկանայինք»։ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները կարող էին ընդունել ՆԱՏՕ-ի նոր անդամների, ապահովելով նրանց անվտանգությունը՝ ամրագրված 5րդ հոդվածով՝ առանց մտածելու ռիսկերի մասին, քանի որ Դաշինքի առջև որևէ իրական սպառնալիք չկար։ Այդ աշխարհում, ըստ էության, ռազմավարությունը հանգում էր մարտահրավերները ռեսուրսներով հաղթահարելուն։

Բայց դա անցյալում էր։ Ուժերի բալանսի այն տեկտոնական տեղաշարժը, որ տեղի ունեցավ քսանմեկերորդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում, ավելի դրամատիկ էր, քան որևէ այլ շարժ, որ Միացյալ Նահանգները ականատես է եղել էր իր 244-ամյա պատմության որևէ այլ համարժեք ժամակահատվածում։ Վերաձևակերպելով Չեխոսլովակիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի միտքը, այդ տեղաշարժը պատահեց այնքան արագ, որ մենք դեռ չենք հասցրել զարմանալ։ Համաշխարհային ՀՆԱ-ի ԱՄՆ մասնաբաժինը մեկ երկրորդից (1950-ին) դարձել էր մեկ չորրորդ (1994-ին), իսկ այսօր կազմում է համաշխարհային ՀՆԱ մեկ յոթերորդը (չնայած ՀՆԱ-ն դեռ ամեն ինչ չէ, սակայն այն իսկապես ձևավորում է պետությունների միջև հարաբերություններում ուժային հիմքը)։ Եվ քանի որ Միացյալ Նահանգների հարաբերական հզորությունը նվազել է, քաղաքականություն մշակողների համար հնարավոր տարբերակների ցանկը կրճատվել է: Դիտարկենք, օրինակ, ԱՄՆ արձագանքը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: Գրեթե 3 տրիլիոն դոլար արժութային պահուստներով Չինաստանը կարող է 1,3 տրիլիոն դոլար ներդնել Եվրասիայի մեծ մասը չինաստանակենտրոն աշխարհակարգի հետ կապող ենթակառուցվածքների մեջ: Երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ի պատասխան ԱՄՆ-ը կավելացնի սեփական ներդրումները Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, նա կարողացավ խոսել ընդամենը 113 միլիոն դոլարի նոր ներդրումների մասին:

Չինաստանը, իհարկե, եղել է այս փոխակերպման գլխավոր շահառուն: [Չինաստանի] ՀՆԱ-ն վերջին սերնդում գրանցել է թռիչքաձև աճ. 1991-ի ԱՄՆ-ի մակարդակի 20%-ից մինչև այսօրվա 120% (չափված գնողունակության համարժեքությամբ՝ այն ցուցանիշով, որը և՛ ԿՀՎ-ն, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը օգտագործում են ազգային տնտեսությունները համեմատելու համար): Չնայած Չինաստանը բախվում է բազմաթիվ ներքին մարտահրավերների, կան ավելի շատ պատճառներ ակնկալելու, որ այս հիմնական տնտեսական միտումը կշարունակվի, քան գրազ գալ, որ այն շուտով կդադարի: Ունենալով չորս անգամ ավելի շատ քաղաքացիներ, քան Միացյալ Նահանգները, եթե անգամ չինացի աշխատողները դառնան նույնքան արդյունավետ, որքան պորտուգալացիներն են այսօր (այսինքն՝ մոտ երկու անգամ պակաս արդյունավետ, քան ամերիկացիները), ապա Չինաստանի ՀՆԱ-ն կրկնակի առավել կլինի, քան Միացյան Նահանգներինը։ 

Ասիայում ուժերի տնտեսական բալանսը հատկապես կտրուկ է թեքվել Չինաստանի օգտին: Լինելով աշխարհի խոշորագույն արտահանողը և երկրորդ խոշոր ներկրողը, Չինաստանը Արևելյան Ասիայի բոլոր այլ խոշոր երկրների առաջատար առևտրային գործընկերն է՝ ներառյալ ԱՄՆ դաշնակիցները (և որպես տնտեսության վրա հիմնված պետական կառավարման ագրեսիվ գործարկող՝ Պեկինը չի վարանում օգտագործել դրա տրամադրած լծակները ճնշելու այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ֆիլիպինները և Հարավային Կորեան, երբ նրանք դիմադրում են չինական կողմի պահանջներին)։ Աշխարհում առաջատար տեխնոլոգիաների ոլորտում նույնպես Չինաստանն արագորեն դառնում է Միացյալ Նահանգների հավասար մրցակիցը։ Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների 20 խոշորագույն ընկերություններից ինը չինական են: Չորս տարի առաջ, երբ Google-ը՝ ամենանշանակալի առաջադեմ տեխնոլոգիայի՝ արհեստական ​​բանականության (ԱԲ) համաշխարհային առաջատարը, գնահատեց այս ոլորտում մրցակցությունը, չինական ընկերությունները դասվեցին եվրոպական ընկերությունների կողքին: Այժմ այդ իրավիճակը հազիվ է տեսանելի կողային հայելու մեջ. չինական ընկերությունները առաջատար են կիրառական ԱԲ-ի բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ հսկողությունը, դեմքի և ձայնի ճանաչումը և ֆինանսական տեխնոլոգիաները:

Չինաստանի ռազմական ծախսերն ու հնարավորությունները նույնպես աճել են: Քառորդ դար առաջ նրա պաշտպանության բյուջեն ԱՄՆ նույն բյուձեի մեկ 25-րդն մասն էր կազմում։ Այժմ այն ​​մեկ երրորդն է և հավասարվելու ընթացքի մեջ է: Եվ եթե ԱՄՆ պաշտպանական բյուջեն բաշխված է համաշխարհային պարտավորությունների վրա, որոնցից շատերը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում են, Չինաստանի բյուջեն կենտրոնացած է Արևելյան Ասիայի վրա: Հետևաբար, որոշ հստակ ռազմական սցենարներում, որոնք ենթադրում են հակամարտություն Թայվանի շուրջ կամ Հարավչինական ծովում, Չինաստանը արդեն կարող է համարվել առաջատար։ Իրական պատերազմը չհաշված՝ հարաբերական ռազմական հնարավորությունների լավագույն փորձարկումները պատերազմական խաղերն են: 2019 թվականին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի նախկին տեղակալ Ռոբերտ Ուորքը (Robert Work) և Պաշտպանության քարտուղարության պաշտպանական առանցքային պլանավորողներից մեկը՝ Դեյվիդ Օչմանեկը (David Ochmanek) ներկայացրեցին վերջերս անցկացված գաղտնի պատերազմական խաղերի արդյունքների հրապարակային ամփոփումը: Նրանց հիմնական ասելիքն, ըստ Օչմանեկի, հետևյալն էր. «Երբ մենք կռվում ենք Ռուսաստանի և Չինաստանի դեմ, «կապույտը» [Միացյալ Նահանգները] խայտառակ և նվաստացուցիչ պարտություն է կրում»:  Ինչպես ամփոփել է The New York Times-ը, «Պենտագոնի վերջին 18 պատերազմական խաղերից 18-ում, որոնցում ներգրավված էր Չինաստանը Թայվանի նեղուցում, ԱՄՆ-ը պարտվել է»: 

Ռուսաստանն այլ հարց է։ Ինչ էլ որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանա, Ռուսաստանը այլևս երբեք չի լինի նրա հոր ժամանակների Խորհրդային Միությունը։ Խորհրդային միության փլուզման արդյունքում առաջացած ռուսական պետությունը մնաց իր նախորդի ՀՆԱ-ի և բնակչության կեսից քիչ ցուցանիշներով, և Եկատերինա Մեծի ժամանակվա սահմաններով։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը մնում է միջուկային գերտերություն, որն ունի ԱՄՆ զինանոցին ֆունկցիոնալ առումով համարժեք զինանոց. այն ունի պաշտպանական արդյունաբերություն, որն արտադրում է զենք, որը աշխարհը ցանկանում է գնել (ինչպես Հնդկաստանն ու Թուրքիան ցույց են տվել անցած տարի), և այն պարծենում է ռազմական ուժերով, որոնք կարող են կռվել և հաղթել, ինչպես նրանք բազմիցս ցույց են տվել Չեչնիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Սիրիայում: Մի աշխարհամասում, որտեղ պետություններից շատերը կարծում են, որ պատերազմներն այլևս անցյալում են, և ռազմական ուժերը պահում են ավելի շատ արարողակարգային, քան մարտական գործողությունների նպատակով, ռազմական հզորությունը այժմ կարելի է համարել Ռուսաստանի հիմնական համեմատական առավելությունը: 

ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ

Պնդումը, որ ազդեցության գոտիներն այլևս նետվել են պատմության աղբանոցը, ենթադրում էր, որ այլ երկրներ պարզապես կզբաղեցնեն իրենց նշանակված տեղերը ԱՄՆ-ի գլխավորած աշխարհակարգում: Հետադարձ հայացքով, այդ ենթադրությունն ավելի վատ է թվում, քան պարզապես միամիտ: Այնուամենայնիվ, քանի դեռ շատ ամերիկացի վերլուծաբաններ և քաղաքականություն մշակողներ դեռևս կառչում են Չինաստանի և Ռուսաստանի այն պատկերներից, որոնք ձևավորվել են այն՝ արդեն իսկ անցյալ դարաշրջանում, նրանց տեսակետներն այն մասին, թե ԱՄՆ-ն ինչ պետք է անի և ինչ չպետք է անի, շարունակում են արտացոլել այն աշխարհը, որն արդեն անհետացել է:

Աշխարհաքաղաքական մրցակցություններով լի դարերի ընթացքում քաղաքականություն մշակողներն ու տեսաբանները մշակել են մի շարք հիմնական հայեցակարգեր՝ օգնելու պարզեցնել պետությունների միջև առկա հարաբերությունների բարդությունները՝ ազդեցության գոտիները, ուժային բալանսներն ու դաշինքները ներառյալ։ Այս հասկացությունները պետք է հարմարեցվեն քսանմեկերորդ դարին՝ հաշվի առնելով վերջինիս հատուկ պայմանները: Այնուամենայնիվ, դրանք մնում են առկա ամենաամուր հիմնաքարերը՝ միջազգային կարգը հասկանալու և կառուցելու համար: 

Երբ ուժերի հավասարակշռությունը երկու պետությունների միջև փոխվում է մինչև այն կետը, երբ նրանցից մեկը դառնում է գերակշռող, արդյունքում առաջացող ուժերի նոր հավասարակշռությունը ստվեր է առաջացնում, որը, ըստ էության, դառնում է «ազդեցության գոտի»: Այդ տերմինը որպես այդպիսին մուտք է գործել դիվանագիտության բառապաշար 19-րդ դարի սկզբին, սակայն հայեցակարգը նույնքան հին է, որքան բուն միջազգային հարաբերությունները (ինչպես Թուկիդիդեսն է նշում, մ.թ.ա. հինգերորդ դարում պարսիկների պարտությունից հետո Սպարտան Աթենքից պահանջեց չվերակառուցել իր քաղաք-պետության շուրջ եղած պարիսպները, որպեսզի այն խոցելի մնա)։ Ավանդաբար, մեծ տերություններն իրենց սահմանների մոտ և հարակից ծովերում եղած փոքր պետություններից պահանջում էին որոշակի հարգանք՝ ակնկալելով, որ մնացյալ մեծ տերությունները կհարգեն այդ փասատը։ Չինաստանի և Ռուսաստանի վերջին գործողություններն իրենց հարակից տարածքներում հենց այդ ավանդույթի ամենաթարմ օրինակներն են։

Ազդեցության գոտիները տարածվում են նաև բուն աշխարհագրությունից անդին։ Երբ Միացյալ Նահանգները առաջնորդում էր աշխարհը ինտերնետի և այն աշխատացնող սարքավորումների և ծրագրային ապահովման ստեղծման գործում, նա վայելում էր, ինչպես հետագայում Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին ղեկավար Մայքլ Հեյդենն էր կոչել, «էլեկտրոնային վերահսկողության ոսկե դարը։» Քանի դեռ երկրներից շատերը տեղյակ չէին ԱԱԳ նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենի բացահայտած վերահսկողության հնարավորությունների մասին, Միացյալ Նահանգները տեխնոլոգիաները՝ լսելու, հետևելու և նույնիսկ նրանց վրա ազդելու համար օգտագործելու անզուգական հնարավուրություն ուներ։ Սակայն Սնոուդենից հետո շատ պետություններ դիմադրում են ԱՄՆ-ի ներկայիս ճնշմանը, որը փորձում է թույլ չտալ նրանց գնել 5G անլար ենթակառուցվածք չինական հեռահաղորդակցության հսկա Huawei-ից: Ինչպես վերջերս արձանագրել էր մի երկրի ղեկավար, ով այժմ այդ երկընտրանքի առջև է կանգնած, Վաշինգտոնը փորձում է համոզել այլ երկրներին չգնել չինական սարքավորումներ, քանի որ դա Չինաստանի համար կհեշտացնի լրտեսելը, և առաջարկում է փոխարենը գնել ամերիկյան սարքավորումներ, ինչը կհեշտացնի լրտեսելը Միացյալ Նահանգների համար։

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ

Ամերիկյան շահերի և արժեքների տեսանկյունից Միացյալ Նահանգներինի հետ համեմատած Չինաստանի և Ռուսաստանի հզորության աճի հետևանքները դրական չեն։ Որպես մեծ տերություններ` Չինաստանը և Ռուսաստանը կարող են օգտագործել իրենց ուժը՝ ճնշելու ցուցարարների ազատությունը Հոնկոնգում կամ արգելափակելու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Հարավչինական ծովը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կնմանվի Կարիբյան, քան Միջերկրական ծովին, այսինքն՝ Հարավարևելյան Ասիայում Չինաստանի հարևանները Չինաստանից կառչած կլինեն նույնքան, որքան լատինաամերիկացիները՝ իրենց կիսագնդի հեգեմոնին: Ուկրաինան ստիպված կլինի հաշտվել Ղրիմի կորստի հետ, քանի որ Ռուսաստանի «մոտ արտերկրի» երկրները սովորում են և՛ ավելի վախվորած, և՛ ավելի հարգալից լինել Կրեմլի նկատմամբ:

Աշխարհի շատ այլ ազգերի և անհատների համար, ովքեր ապաստան են գտել ամերիկյան անվտանգության հովանոցի ներքո և ոգեշնչվել Ամերիկայի գլխավորությամբ աշխարհակարգի տեսլականով, որը պաշտպանում է հիմնարար ազատությունները, հետևանքները ողբերգական են լինելու: Սիրիայի վերջին իրադարձությունները նախատիպն են այն ամենի, ինչ տեղի է ունենալու։ Երբ 2010-ի վերջին և 2011-ին սկսվեց Արաբական գարունը, Օբաման բարձրագոչ կերպով հայտարարեց, որ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը «պետք է հեռանա»: Բայց Պուտինը այլ տեսակետներ ուներ, և նա պատրաստ էր գործել ըստ այդմ։ Նա ցույց տվեց, որ այն պետությունը, որին Օբաման արհամարհությամբ վերաբերվում էր որպես «տարածաշրջանային տերություն», կարող է օգտագործել իր ռազմական ուժը՝ դիմակայելու Միացյալ Նահանգներին և օգնելու Սիրիայի առաջնորդին ամրապնդել իր իշխանությունը։

Այդ ամենը մղձավանջ էր սիրիացիների համար, իսկ միլիոնավոր տեղահանված մարդիկ հսկայական ազդեցություն ունեցան հարևան եվրոպական երկրների վրա։ Բայց արդյո՞ք Օբաման կամ, հետագայում նախագահ Դոնալդ Թրամփը եզրահանգեցին, որ այս արդյունքն այնքան թանկ արժեցավ, որ ավելի լավ կլիներ դրա փոխարեն մեծ քանակությամբ ամերիկյան զորքեր ուղարկել կռվելու և գուցե զոհվելու Սիրիայում։ Կարո՞ղ են ամերիկացիները հանգիստ քնել այն աշխարհում, որտեղ Պուտինն ու Ասադն այժմ ժպիտով են այցելուներին հարցնում, թե ի վերջո ո՞վ գնաց և ո՞վ է դեռ տեղում։ ԱՄՆ-ի անգործությունը ամեն ինչ ասում է։ 

Ցավոք, ամերիկացիները նման արդյունքները գոնե տեսանելի ապագայում բավարար չափով լավն են համարելու։ Ինչպես Ասադի վայրագությունները, այնպես էլ Ռուսաստանի կողմից Ղրիմի կլանումն ու Չինաստանի ռազմականացումը Հարավչինական ծովում այժմ փաստեր են հիմնված այն իրողության վրա, որ ոչ ոք դրանք չի վիճարկի ռազմական ճանապարհով։ 

Ընդունելը, որ այլ տերություններ ունեն ազդեցության գոտիներ, իհարկե, չի նշանակում, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի կարող անել։ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին շրջանի գերռազմականացման հետևանքն է այն, որ ռազմական ուժի օգտագործումից խուսափելը հաճախ նույնականացվում է լուռ հարմարվողականություն հետ։ Վաշինգտոնն ունի այլ մեթոդներ, որոնցով կարող է ձևավորել այլ երկրների ծախսերի և օգուտների հաշվարկները։ Դրանցից են անընդունելի գործողությունների դատապարտումը, իրավական կարգավիճակի մերժումը, երկրների, ընկերությունների և անհատների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը և տեղում դիմադրողներին աջակցությունը: Բայց նման գործիքակազմը հազվադեպ է էականորեն փոխում այլ տերության որոշումը, երբ վերջինիս կողմից կենսական ընկալվող շահերն են դրված նժարին։ Եվ հարկ է հիշել, թե որքան հաճախ է այլ տերությունների ստվերում տիրող իրողությունները ճանաչելուց և դրանք ընդունելուց հրաժարվելը հանգեցրել ԱՄՆ-ի քաղաքականության լուրջ ձախողումների: Գեներալ Դուգլաս ՄաքԱրթուրի՝ Կորեական պատերազմի ժամանակ դեպի Չինաստանի սահման շտապողականությունից (որը հանգեցրեց Չինաստանի միջամտության և արյունոտ, չվերջացած պատերազմի), մինչև Ջորջ Բուշի պնդումը, որ ՆԱՏՕ-ն անդամակցություն առաջարկի Վրաստանին և Ուկրաինային (ինչը հանգեցրեց Վրաստանի գերվստահության և երկրի մասնատմանը Ռուսաստանի կողմից) դաժան փաստերի համառ անտեսման հետևանքով հակաարդյունավետության են հանգեցրել։ 

ՀՆԱՑԱԾ ՇԱՀԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Երբ բանը հասնում է անելուն այն, ինչ հնարավոր է, Վաշինգտոնը պետք է ամեն ինչից առավել կենտրոնանա իր դաշինքների և գործընկերությունների վրա։ Եթե Չինաստանին վիճակված է լինել «համաշխարհային պատմության մեծագույն խաղացողը», ինչպես մի անգամ բնորոշել էր Սինգապուրի երկարամյա առաջնորդ Լի Կուան Յուն, Միացյալ Նահանգները պետք է աշխատի միավորել դաշնակից պետություններին, որոնք միասին կկազմավորեն ուժերի այն հարաբերակցությունը, որին Չինաստանը ստիպված կլինի հարմարվել։ 

Այս տրամաբանությունը ամենից տեսանելի է տնտեսական դաշտում։ Մինչ Թրամփի վարչակազմը կդադարեցներ ԱՄՆ մասնակցությունը Անդրխաղաղօվկյանոսյան գործընկերությանը (ԱԽԳ), այդ առևտրային պայմանագիրը կոչված էր համաշխարհային ՀՆԱ-ի 40 տոկոսին տիրապետող պետություններին կանոնների ընդհանուր փաթեթի ներքո միավորելու՝ սակագներից մինչև պետական ձեռնարկություններ և աշխատանքային, բնապահպանական չափանիշներ։ Դա հնարավորություն կտար հակակշիռ ապահովել չինական տնտեսական հզորությանը, ինչն իր հերթին կարող էր դարձնել Պեկինին կանոններ ընդունող՝ կանոններ թելադրողի փոխարեն։ Ի շնորհիվ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ԱԽԳ-ն այժմ իրականություն է, սակայն առանց Միացյալ Նահանգների։ Եթե ամերիկյան քաղաքականություն մշակողները կարողանային այնպես անել, որ ռազմավարական շահերը գերադասվեին թրամփյան քաղաքականությանը, Միացյալ Նահանգները կարող էր կրկին միանալ ԱԽԳ-ին։ Եթե այդ նոր ԱԽԳ-ն զուգակցվեր Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև զուգահեռ առևտրային համաձայնագրի հետ, որը բանակցվում էր Օբամայի պաշտոնավարման վերջին շրջանում, ապա համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 70 տոկոսը կարող էր լինել բալանսի մի կողմում՝ հակառակ կողմում թողնելով Չինաստանին իր մոտավորապես 20 տոկոսով։ 

Ռազմական դաշտում ևս գործում է նույն տրամաբանությունը, սակայն ավելի բարդ կերպով։ Վաշինգտոնին անհրաժեշտ կլինեն գործընկերներ, սակայն այնպիսիք, որոնք ավելի շատ ակտիվներ են բերում, քան ռիսկեր են ներկայացնում: Ցավոք, Միացյալ Նահանգների ներկայիս դաշնակիցներից քչերն են համապատասխանում այս չափանիշին: ԱՄՆ-ի դաշինքային համակարգը պետք է ենթարկվի զրոյական կետի վրա հիմնված վերլուծության. ներկայիս յուրաքանչյուր դաշնակից և գործընկեր՝ Պակիստանից, Ֆիլիպիններից և Թաիլանդից մինչև Լատվիա, Սաուդյան Արաբիա և Թուրքիա, պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ինչպես է այն նպաստում ԱՄՆ անվտանգությանն ու բարեկեցությանը, և ինչ ռիսկեր ու ծախսեր է արժենում: Դաշինքները հավերժ չեն։ Պատմականորեն, երբ պայմանները փոխվել են, մասնավորապես, երբ անհետացել է գլխավոր թշնամին կամ ուժերի հավասարակշռությունը կտրուկ փոխվել է, փոխվել են նաև պետությունների միջև այլ հարաբերությունները: Ամերիկացիների մեծ մասն այսօր մոռացել է այն դարաշրջանը, երբ ՆԱՏՕ-ն ուներ իր անալոգը Ասիայում՝ Հարավ-Արևելյան Ասիայի պայմանագրի կազմակերպությունը (SEATO) և նույնիսկ Մերձավոր Արևելքում՝ Կենտրոնական պայմանագրի կազմակերպությունը (CENTO)։ Երկուսն էլ այժմ արտեֆակտներ են հնացած ազգային շահերի թանգարանում: ​​Ինչպես նշել է Քենանը, «Ավելի լավ է հաղթվել…թույլ դիրքերից վճռականորեն և խիզախաբար հրաժարվելով, քան ճոխ կամ անհեռանկար նպատակների համառ հետապնդմամբ»: 

Հասկանալու համար ԱՄՆ-ի՝ ներկայիս դաշինքները ժառանգելու հետ կապված ռիսկերը, հաշվի առեք երկու սցենար, որոնց մասին այսօր անհանգստացած են ԱՄՆ պաշտպանական [հայեցակարգերը] պլանավորողները: Եթե, հետևելով Չինաստանի կողմից Հոնկոնգում բողոքի ցույցերը ճնշելուն, Թայվանը կտրուկ քայլ կատարի դեպի անկախություն, որը կստիպի Չինաստանին բուռն արձագանքել, արդյո՞ք Միացյալ Նահանգները կպատերազմի Չինաստանի հետ՝ պահպանելու Թայվանի կարգավիճակը: Պե՞տք է այդպես անի։ Եթե եվրոպական ճակատում ի պատասխան Ռիգայի նավաշինական գործարաններում էթնիկ ռուս աշխատավորների ոտքի կանգնելու, Լատվիայի կառավարությունը ճնշի էթնիկ ռուսներին և սադրի Ռուսաստանի կողմից Լատվիայի մի հատվածի բռնակցումը (Ղրիմ 2.0), ՆԱՏՕ-ն անհապաղ ռազմական պատասխան կձեռնարկի՞՝ համապատասխան իր 5-րդ հոդվածով ամրագրված երաշխիքի։ Պե՞տք է այդպես անի։ Եթե այդ հարցերից որևէ մեկի պատասխանը միանշանակ այո չէ (և դա այդպես է), ապա եկել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո բանկերի համար օգտագործված սթրես-թեստերի՝ դաշինքներին վերաբերվող տարբերակի ժամանակը: 

Նման մոտեցումը շատ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով միջուկային զենքի իրողությունը այս նոր աշխարհում։ Ե՛վ Չինաստանը, և՛ Ռուսաստանը ունեն հուսալի երկրորդ հարվածի միջուկային հնարավորություններ, այսինքն՝ նախնական միջուկային հարձակմանը դիմակայելու և այնպիսի պատասխան հարված հասցնելու կարողություն, որը կարող է ոչնչացնել Միացյալ Նահանգները: Ըստ այդմ միջուկային պատերազմը ոչ միայն պարզապես կենսունակ տարբերակ չէ. անգամ սովորական պատերազմը, որն ունի միջուկային դառնալու հնարավորություն, պարունակում է աղետալի ռիսկեր։ Այսպիսով, մրցակցությունը պետք է զսպված լինի զգուշությամբ, սահմանափակումներով և ռիսկի դիմելու վերաբերյալ մանրամասն հաշվարկներով: Մի պետության համար, որն ունի բարդ հարաբերությունների մի երկար ցանկ երկրների հետ, որոնք ունեն Վաշինգտոնից ստացված կարտ բլանշ կամ այդպիսի պատրանք, սա կարող է մեծ խնդիր ստեղծել։ Դաշնակցին հանգստացնելու և նրա ղեկավարությանը անխոհեմ գործել քաջալերելու սահմանը շատ նուրբ է:

Եթե Թայվանի կամ Բալթյան երկրների համար դասական պատերազմի ժամանակ ռազմական բալանսը վճռականորեն փոխվել է հօգուտ Չինաստանի և Ռուսաստանի, ապա ԱՄՆ-ի ներկայիս պարտավորությունները կայուն չեն: Այդ պարտավորությունների և Միացյալ Նահանգների իրական ռազմական հնարավորությունների միջև ճեղքվածքը գերձգման դասական օրինակ է: Թե ինչ կարող է նշանակել զրոյական կետի վրա հիմնված գնահատականը ԱՄՆ-ի և նրա 50-ից ավելի դաշնակիցներից ու գործընկերներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունների համար, հնարավոր կլինի հասկանալ հիմնվելով վերջնարդյունքների վերլուծության վրա։ Բայց դա, ամենայն հավանակնությամբ, կստիպի ԱՄՆ-ին թոթափել որոշ դաշնակիցների բեռը, կրկնապատկել կենտրոնացումը այնպիսի դաշնակիցների վրա, որոնց ակտիվները նույնքան կարևոր են ԱՄՆ-ի անվտանգության համար, որքան ԱՄՆ-ի ակտիվները՝ նրանց համար, և արմատապես վերանայել յուրաքանչյուր պարտավորության պայմանները՝ պարտականություններն ու սահմանափակումները դարձնելով նույնքան կարևոր, որքան հավաստիացումներն ու երաշխիքները:

Այս գործընթացը նաև կբարձրացնի այն պարտավորությունների վստահելիությունը, որոնք Միացյալ Նահանգները կնախընտրի թարմացնել: Մինչ Սառը պատերազմի վետերանները իրավացիորեն պնդում են, որ ՆԱՏՕ-ն աշխարհի պատմության մեջ ամենամեծ դաշինքն է եղել, ո՛չ Թրամփը, ո՛չ էլ նրանից առաջ Օբաման այդքան վստահ չէին։ Հատկանշական է, որ ամերիկյան ռազմական հրամանատարները կասկածում էին, որ Հյուսիսատլանտյան Խորհուրդը թույլ կտա ռազմական պատասխան տալ Ղրիմի բռնակցմանը ռուսական կողմին, կամ որ ԱՄՆ կառավարությունը կկարողանա որոշել, թե ինչպես արձագանքել՝ նախքան իրադարձության ավարտը: Իր դաշնակիցների հանդեպ Միացյալ Նահանգների պարտավորությունների վերաիմաստավորումը կուժեղացնի ամերիկյան անվտանգությունը և կդարձնի այդ դաշնագրերն ավելի ամուր:

ՆԵՐԿԱՆ (ՎԵՐ)ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ

Ռազմավարությունը միջոցների և մտադրությունների նպատակային համադրումն է: Ռազմավարության ձախողման բազմաթիվ եղանակներից երկու ամենատարածվածներն են անհամապատասխանությունը՝ երբ միջոցները, որ դերակատարը ունակ է կազմակեպել և կայուն պահպանել, բավարար չեն հասնելու համար այն մտադրություններին, որոնք ի սկզբանե որոշված էին, և տեսլականային կուրությունը, երբ դերակատարը հմայված է իդեալական, սակայն անհասանելի նպատակով։ Միացյալ Նահանգների քսանմեկերորդ դարի պատերազմները Մերձավոր Արևելքում նշված երկուսի վառ օրինակներ են: 

Առաջ անցնելով՝ ԱՄՆ քաղաքականություն մշակողները ստիպված են լինելու հրաժարվել իրենց երազած աշխարհների անհասանելի ձգտումներից և ընդունել այն փաստը, որ ազդեցության գոտիները մնալու են աշխարհաքաղաքականության կարևորագույն հատկանիշներից։ Ընդունման այդ գործընթացն անխուսափելիորեն կլինի երկարատև, շփոթեցնող և աղճատող։ Այնուամենայնիվ, դա կարող է նաև բերել ռազմավարական ստեղծագործական ալիք՝ այնպիսին, ինչպիսին է ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգային զինանոցի հիմնարար վերաիմաստավորման հնարավորությունը:

Աշխարհում Միացյալ Նահանգների դերի մասին հիմնական տեսակետը, որը կրում է այսօրվա արտաքին քաղաքականություն մշակողների մեծ մասը, դրոշմվել է քառորդդարյա այն շրջանում, որը հաջորդեց Սառը Պատերազմում ԱՄՆ հաղթանակին: Այդ աշխարհն այլևս անցյալում է։ Հետևանքները նույնքան խորքային են, որքան նրանք, որոնց բախվեցին ամերիկացիները 1940-ականների վերջին: Ըստ այդմ, արժե հիշել, թե որքան ժամանակ պահանջվեց այն անհատներից, որոնք այժմ մեծարվում են որպես «իմաստուններ», հասկանալու  աշխարհը, որին նրանք բախվել էին: Գրեթե հինգ տարի անցավ Քենանի «Երկար հեռագրի»՝ Սառը Պատերազմի մրցակցության վաղ նախազգուշացման, և ԱԱԽ-68 քաղաքականության մշակման փաստաթղթի միջև, որը վերջապես շարադրեց համապարփակ ռազմավարություն: Այն շփոթությունը, որն այսօր տիրում է ԱՄՆ արտաքին քաղաքական համայնքում, այսպիսով, չպետք է տագնապի պատճառ հանդիսանա: Եթե Սառը պատերազմի մեծ ստրատեգներից պահանջվեց մոտ հինգ տարի՝ հիմնարար մոտեցում ստեղծելու համար, ապա այս սերդից ավելի լավ արդյունք ակնկալելը ամենաքիչը ամբարտավանություն կլինի։

Թարգմանությունը՝ Քնարիկ Ջալաթյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *