Փետրվարի 3-ին Բաքվում մեկնարկել է Հարավային գազային միջանցքի հարցերով Խորհրդակցական խորհրդի շրջանակներում 9-րդ նախարարական նիստը։ Նիստին մասնակցում են Եվրահանձնաժովի, Ռումինիայի, Թուրքիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ալբանիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Խորվաթիայի ներկայացուցիչներ։
«Հարավային գազային միջանցքը» խողովակաշարերի համակարգ է, որով նախատեսվում է «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրից արդյունահանած ադրբեջանական գազը փոխադրել Թուրքիա և ԵՄ երկրներ։ 3500 կմ երկարություն ունեցող գազամուղը բաղկացած է երեք հատվածից՝ Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), Տրանսատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազամուղներ:
Նիստի ընթացքում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի արտահանումը Եվրոպա։
«Ադրբեջանից բնական գազի արտահանումն աճում է։ 2021 թվականին այն կազմել է մոտ 19 մլրդ մ3, անցյալ տարի՝ 22,6 մլրդ մ3։ Իսկ այս տարի ակնկալում ենք 24,5 մլրդ մ3։ Սա նշանակում է, որ Եվրահանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագիրը հաջողությամբ իրականացվում է»,- ընդգծել է Ալիևը։
Նախագահը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ընդլայնում է գազի մատակարարման աշխարհագրությունը։ Փետրվարի 3-ին նոր համաձայնագիր են ստորագրելու Ադրբեջանի և Ռումինիայի պետական նավթայի ընկերությունները՝ SOCAR-ը և Romgaz-ը, որի համաձայն՝ 2023-24թթ․-ին Ռումինիային հավելյալ գազ կմատակարարվի։
«Քննարկումները, որոնք մենք այսօր ունենում ենք, տեղի են ունենում էներգետիկ շուկաների գլոբալ փոփոխության պայմաններում։ Համաշխարհային աճը վտանգի տակ է. իսկ էներգետիկ անվտանգությունն առաջին խնդիրն է, որը ստիպում է մտածել։ Խորհրդատվական խորհուրդը հնարավորություն է ցույց տալու, որ Եվրոպան և Ադրբեջանը միասնական են էներգետիկ անվտանգության և կայունության ապահովման իրենց աշխատանքում»,- ասել է Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը:
Ըստ Սիմսոնի՝ Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների աճը համընկնում է նաև Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման հետ։
Հիշեցնենք, որ Հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ստորագրվել էր «Եվրահանձնաժովողի կողմից ներկայացված Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր», որով նախատեսվում էր ավելացնել Հարավային գազային միջանցքով Ադրբեջանից ԵՄ գազային մատակարարումները՝ 8 մլրդ խորանարդ մետրից հասցնելով 20 մլրդ խորանարդ մետրի։
Արցախում շուրջ 54 օր շարունակվող բլոկադայի և հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ձմռան պայմաններում գազամատակարարման պարբերաբար դադարեցման ֆոնին Բաքվում անցկացվող միջոցառմանը մասնակցելը ագրեսոր երկրի նկատմամբ Արևմուտքի երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է։ Պատահական չէ, որ մի քանի անգամ ԵՄ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ նպաստելով Ադրբեջանի անպատժելիության արմատավորմանը։ Առնվազն միամտություն է կարծելը, որ աշխարհում, որտեղ յուրաքանչյուր ազգային պետություն առաջնորդվում է իր պետական շահերով, Եվրոպայի քայլերը երբևիցե կանցնեն հայտարարությունների և զուտ դիտորդական լիազորություններ ունեցող առաքելությունների մակարդակից այն կողմ։