Թարգմանություն

Իսրայելից կատարվել է 92 թռիչք դեպի Ադրբեջան` վերջին 7 տարվա ընթացքում

07 / 03 / 2023

Իսրայելական «Haaretz»-ի հետաքննությունը, որը հիմնված է հանրությանը հասանելի ավիացիոն տվյալների վրա, ցույց է տալիս, որ վերջին յոթ տարիների ընթացքում ադրբեջանական «Silk Way» Airlines ավիաընկերության 92 բեռնատար ինքնառիթներ վայրէջք են կատարել «Օվդա»-ում՝ Իսրայելի միակ ավիաբազայում, որով պայթուցիկ նյութերը կարող են ներկրվել կամ արտահանվել։

Անցյալ հինգշաբթի ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել իսրայելական օդուժի՝ Էյլաթից հյուսիս գտնվող «Օվդա» բազայում։ Երկու ժամ մնալուց հետո, ինչպես միշտ, հին «Իլյուշին-76» ինքնաթիռն օդ է բարձրացել, թռել կենտրոնական Իսրայելի վրայով, թռիչքը շարունակել դեպի հյուսիս՝ Թուրքիայի վրայով, այնուհետև մեկնել արևելք՝ վերադառնալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Իսրայելը ռազմավարական դաշնակցության մեջ է Ադրբեջանի հետ վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Երկիրը հիմնականում շիա մահմեդական Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, իսկ դրա դիմաց Բաքուն, ըստ աղբյուրների, Իսրայելին նավթ է մատակարարում և հասանելիություն ապահովում դեպի Իրան:

Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը թույլ է տվել «Մոսադ»-ին ստեղծել առաջնային մասնաճյուղ՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Իրանում՝ Ադրբեջանի հարավային հարևանի մոտ, նույնիսկ ավիաբազա է պատրաստել՝ նախատեսված Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայելը Բաքվին վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգեր՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու սարքեր և այլն։

Ադրբեջանական «Silk Way»-ը Ասիայի խոշորագույն բեռնափոխադրող ավիաընկերություններից է և, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ծառայում է որպես ենթակապալառու աշխարհի տարբեր պաշտպանության նախարարությունների համար: Ընկերությունը շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և իսրայելական «Բեն-Գուրիոն» միջազգային օդանավակայանի միջև Boeing 747 բեռնատարներով, իսկ անցյալ տարի այն ծավալի առումով երրորդ ամենամեծ արտասահմանյան բեռնափոխադրողն էր «Բեն-Գուրիոն»-ում:

Առաջին անգամ բացահայտված թվերը ցույց են տալիս, որ 2016 թվականից ի վեր՝ ադրբեջանական ընկերության Իլ-76 ինքնաթիռներն առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդա» ավիաբազայում, որը քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների համար արտասովոր վայր է: «Silk Way»-ը այն շատ քիչ ավիաընկերություններից է, որը վայրէջք է կատարում «Օվդա»-ում։ 2008 թ․-ին «Silk Way»-ը նույնիսկ չեխական լրատվամիջոցների հետաքննության կենտրոնում էր, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանին վաճառելու համար արգելված զենքերն այնտեղ են հասել՝ չնայած զենքի էմբարգոյին՝ Իսրայելի միջոցով։

Ավիացիոն ոլորտի աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ավիացիոն օրենքն արգելում է պայթուցիկ նյութերի սովորական տեղափոխումը «Բեն-Գուրիոն» օդանավակայանից, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված տարածքի սրտում։ Միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ ներկրել և արտահանել, «Օվդա»-ում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան է։ Սակայն 2013 թվականի հոկտեմբերին Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Գիորա Ռոմը ստորագրել էր բացառություն ենթադրող որոշում, որը թույլ է տալիս «Silk Way» ինքնաթիռներին թռչել պայթուցիկ նյութերով, որոնք «դասակարգվում են որպես վտանգավոր նյութեր», «Օվդա»-յից դեպի Բաքվի ծայրամասում գտնվող ռազմական օդանավակայան:

«Silk Way»-ի այս ինքնաթիռները թույլտվության տրամադրումից ի վեր վայրէջք են կատարել «Օվդա»-յում գրեթե 100 անգամ: Տվյալները ցույց են տալիս դեպի Բաքու թռիչքների քանակը աճել է հատկապես 2016-ի կեսերին, 2020-ի վերջին և 2021-ի վերջին, որը համընկնում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակաշրջանների հետ։

Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է առաջին հերթին նավթի և գազի վրա, և իր ռազմավարական դաշինքի շրջանակներում այն դարձել Է Իսրայելի նավթի խոշորագույն մատակարարը։ Ըստ գնահատումների՝ Իսրայելի կողմից ներկրվող նավթի մոտ կեսը գալիս է Ադրբեջանից։

Անկախության առաջին տարիներին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ապավինում էին Խորհրդային զինանոցին, սակայն, Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, 2016 թվականից իրավիճակը փոխվել է, և այժմ Իսրայելը պատասխանատու է Ադրբեջանի սպառազինությունների գրեթե 70 տոկոսի համար:

2022 թվականի հոկտեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն այցելել է Ադրբեջան և հանդիպել Ալիևին։ Պաշտոնական հայտարարության մեջ Գանցն ասել է, որ իր այցը վերաբերում էր անվտանգության և քաղաքականության հարցերին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացմանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենք քննարկել են Իսրայելի պաշտպանական արդյունաբերության հետ բիզնեսի ընդլայնումը։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ շուտով առաջին անգամ դեսպանատուն կբացի Իսրայելում՝ այն անվանելով «պատմական քայլ»։

Այս այցից հետո Ադրբեջանի և նրա հարևան Իրանի միջև լարվածությունը սրվեց։ Եվ, հիմնվելով Լեռնային Ղարաբաղից ստացված վկայությունների վրա, Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ կրկին հասել են եռման կետի, և, հնարավոր է, հասունանում է ևս մեկ դաժան հակամարտություն։

Այդ ընթացքում ևս յոթ ադրբեջանական ինքնաթիռ վայրէջք է կատարել «Օվդա» ավիաբազայում։ Երկու ժամ հողի վրա անցկացնելուց հետո բեռնվելով նրանք վերադարձել են Բաքու:

Թարգմանությունը` Արփի Մադոյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *