Նորություններ

Թյուրքական ուղեղային կենտրոններն օկուպացված Շուշիում

04 / 07 / 2022

Հուլիսի 3-ին մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ուղեղային կենտրոնների և դիտորդների այցելությունն Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք: Ժողովին, որը կազմակերպվել է Շուշիում ապօրինաբար գործող միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կողմից, մասնակցում են Թյուրքական պետությունների կազմակերպության պաշտոնատար անձինք, անդամ պետություններ Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ուղեղային կենտրոնների ղեկավարներ, ինչպես նաև Հունգարիան` դիտորդի կարգավիճակով:

Համաժողովում հիմնականում կքննարկվեն Ադրբեջանի կողմից ժամանակավորպես օկուպացված տարածքներում ապօրինի վերակառուցման աշխատանքներին Թյուրքական երկների կազմակերպության մասնակցության հարցերը, Ղրղզստանի կողմից առաջարկված Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջտարածաշրջանային պլատֆորմի ապագան, տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողությունները և դրանց ազդեցությունը թյուրքական պետությունների կազմակերպության վրա, ինչպես նաև անդամ երկրները կապող միջանցքի դերի բարձրացման հնարավորությունը, անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացումը և այլ թեմաներ։

Այցի շրջանակներում ադրբեջանական և թուրքական մի շարք պաշտոնատար անձինք արել են հայտարարություններ Շուշիի կարգավիճակի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Այսպես, Թյուրքական երկրների կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ղիսմաթ Գյոզալովը հայտարարել է, որ «Շուշին ոչ միայն ադրբեջանական մշակույթի օրրանն է, այլև ողջ թյուրքական աշխարհի… Ինչպես հայտնի է, Շուշին հռչակվել է 2023 թ.-ի թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ինչի կապակցությամբ պլանային աշխատանքներ են իրականացվում։ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում արդեն գործում է համակարգող խորհուրդ համատեղ այնպիսի եղբայրական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը, Թյուրքական ակադեմիան, Թյուրքական զարգացման միջազգային հիմնադրամը, նախապատրաստում է 2023 թ.-ին Շուշիում իրականացվելիք գործողությունների ծրագիր»:

Հիշեցնենք, որ 2022 թ.-ի մարտի 31-ին Թուրքիայի Բուրսա (պատմական Պրուսա) քաղաքում Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում Շուշին հռչակվել է 2023 թ.-ի թյուրքական աշխարհի մայրաքաղաք։

Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ուֆուք Ուլութաշը թյուրքական երկրների ուղեղային կենտրոնների արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է. «Շուշին դարձավ այն վայրը, որտեղ ստորագրվեց հռչակագիր՝ նշանավորելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նոր, էլ ավելի բարձր մակարդակ»: Վերջինս, ընդգծելով աշխարհաքաղաքականության կարևոր դերը` որպես միջազգային հարաբերությունների իրողություն, ավելացրել է. «Մենք նոր իրողության ի հայտ գալու ականատեսն ենք ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո, ուկրաինական հակամարտության համատեքստում դիտարկում ենք աշխարհաքաղաքական փոփոխություններ»:

Հիշեցնենք, որ 2021 թ.-ի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև ստորագրվեց Շուշիի հռչակագիրը Ադրբեջանի կողմից ժամանակավորպաես օկուպացված քաղաքում: Այն ևս մեկ անգամ փաստեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սերտաճումը դուրս է եկել մեկ այլ` ավելի բարձր մակարդակ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը` ասելով. «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Հայաստանը պետք է գիտակցի, որ [կոնֆլիտկտի լուծման] քաղաքական ճանապարհը չընտրելու դեպքում կրկին պարտություն է կրելու: Այս երկիրը պետք է օգտվի պահից: Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը պետք է ընկած լինի բոլոր հարցերի հիմքում, այդ թվում՝ սահմանագծման և սահմանազատման»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չլինի, դա կարող է խանգարել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Սա թյուրքական պետությունների միջև օր օրի խորացող համագործակցության արդեն որերորդ արարն է, և նմանօրինակ իրադարձությունների մենք պարբերաբար անդրադարձել ենք «Հայկական ալիքում»: Բնավ պատահական չէ հայկական Շուշի քաղաքի ընտրությունը՝ որպես թյուրքական մշակույթի կենտրոն: Շուշիի վերջնական թրքացումը կնշանակի ողջ Արցախի թրքացում, իսկ Արցախի վերջնական կորուստը ի վերջո կհանգեցնի հայկական պետականության անկմանը: Դա է պատճառը, որ թյուրքական աշխարհում, մասնավորպաես` Թուրքիայում և Ադրբեջանում գիտակցում են Շուշիի կարևորությունն ու ատամներով կառչում հայկական բերդաքաղաքից: Մինչդեռ ՀՀ դե-ֆակտո վարչապետի համար այն «դժգույն և դժբախտ քաղաք է»:

Եվ կրկին անգամ գալիս ենք այն կարևոր եզրահանգմանը, որ աշխարհաքաղաքական այս կարևոր փուլում բոլոր խելամիտ առաջնորդները կնքում են դաշինքներ և սերտ կապեր հաստատում միմյանց հետ: Իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն չեն ստեղծում պետական շահերից բխող դաշինքներ, այլև քանդում են եղածն ու խարխուլ մակույկով թյուրքական բաց ծովում կեղծ խաղաղության կոչերի ներքո նավավարում են մինչև պետականության վերջնական կորուստ: Ընդ որում` խաղաղության օրակարգի հնարավոր ձախողման մասին արդեն անձամբ իրենք են բարձրաձայնում:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *