Սեպտեմբերի 11-ին համացանցում աղմուկ բարձրացավ Շիրակի մարզպետարանի կայքում տեղադրված «ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (2022-2026 թթ.)» վերնագիրը կրող փաստաթղթի շուրջ: Մասնավորապես` ֆեյսբուքյան օգտատեր Դերենիկ Մալխասյանն իր էջում գրառում էր կատարել` ասելով, որ «փաստաթղթում տեղ են գտել ձևակերպումներ ու անհայտ ծագման տեղեկություններ, որոնք պարզապես խայտառակություն են»:
Օգտատերը հանգամանալից անդրադարձ է կատարել փաստաթղթում տեղ գտած անճշտություններին: Այսպես, վերջինս ընդգծել է, որ համաձայն փաստաթղթի` «1840 թ. Ալեքսանդրապոլը պաշտոնապես դարձել է քաղաք, իսկ 1850 թ. դարձել է Էրիվանի գավառի Ալեքսանդրապոլի շրջանի կենտրոն»: Հետաքրքրական է «Էրիվանի գավառ» ձևակերպումը, այսինքն` բավական չէ նահանգը դարձել է գավառ, մի բան էլ ալիևյան ձևակերպումներն են փաստաթղթում տեղ գտել: Իսկ Ալեքսանդրապոլի գավառն առհասարակ վերածվել է շրջանի։ Օգտատերը նաև առանձնացրել է Գյումրի քաղաքի անվան ծագումնաբանության վերաբերյալ մեկնաբանությունը փաստաթղթում, որտեղ ասվում է. «Գյումրին իր անվանումը վերցրել է Ախուրյան գետի Գյումրիգետվտակի անվանումից, որը հոսում է համայնքից ոչ հեռու»: Ընդ որում, նշված է, թե Գյումրի գետակը անցնում է համայնքից ոչ հեռու, այն ինչ Գյումրի գետակն անցնում է քաղաքի ուղիղ մեջտեղով: Իսկ Գյումրու պատմաճարտարապետական 5 հուշարձանների շարքին դասել են գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը:
Հետաքրքրական է նաև ռուսական ռազմաբազայի նկարագրությունը, որը ներկայացված է թե՛ որպես օգուտ, թե՛ որպես սպառնալիք։
Չբացառելու համար անմեղության կանխավարկածը, չենք շտապի բոլոր մահացու մեղքերը բարդել փաստաթուղթն անմիջականորեն կազմողի վրա: Սակայն փաստը, որ քաղաքացիների ահազանգից հետո փաստաթուղթը շարունակում է մնալ մարզպետարանի կայքէջում` առանց շտկումների, տեղիք է տալիս կասկածների: Այստեղ, թերևս, պետք է ընդգծվի վերին օղակների անպատասխանատվությունն ու անփութությունը, եթե, իհարկե, նման վարքը կարելի է այդպես կոչել:
ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ու նրանց մարզային մանկլավիկները մեկ անգամ չէ, որ ակնհայտորեն ի ցույց են դրել իրենց արհամարհական վերաբերմունքը ազգային ինքնության ու նրա զանազան դրսևորումների նկատմամբ: Այս աղետը կարելի է դասել մեկ շարքում հայոց եկեղեցու պատմության դասերի, բուհերից հայոց լեզվի դասաժամերի վերացման, եկեղեցու և պատմության դերի նվազեցմանը և աստիճանական ոչնչացմանն ուղղված քայլների հետ: