«Սերբիայի իշխանությունը կպաշտպանի Կոսովոյի և Մետոհիայի իր քաղաքացիներին, եթե դա չանի ՆԱՏՕ-ն»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նախագահը հանդես է եկել այս հայտարարությամբ կիրակի` օգոստոսի 21-ին, Կոսովոյի սերբերի առաջնորդների հետ ունեցած հանդիպումից հետո` Պրիշտինայի` սեպտեմբերի 1-ից սերբական փաստաթղթերով մեքենաների մուտքը արգելելու որոշման առնչությամբ:
Անցած հինգշաբթի` օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Ա. Վուչիչի հանդիպումն Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ:
Հանդիպմանը ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավար Ժոզեպ Բորելի հետ միասին մասնակցել են ԵՄ երկխոսության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը և Արևմտյան Բալկաններում ԱՄՆ ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարը։ Բորելը, երկխոսության ավարտից հետո ասել է, որ Վուչիչն ու Կուրտին չեն կարողացել համաձայնության գալ կարգավորման շուրջ, սակայն պայմանավորվել են շարունակել քննարկումն առաջիկա օրերին։
Մինչ այդ չորեքշաբթի` օգոստոսի 17-ին, տեղի են ունեցել առանձին երկկողմ հանդիպումներ Ա. Վուչիչի և Ա. Կուրտիի մասնակցությամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:
Կուրտին բանակցությունների ժամանակ պնդել է, որ Կոսովոյի սերբերը 90 օրը մեկ փոխեն պաշտոնական Բելգրադի կողմից տրված փաստաթղթերը՝ մուտքի ժամանակավոր հայտարարագրով և պարբերաբար դուրս գան այդ շրջանից, ինչը պաշտոնական Բելգրադի համար «բացարձակապես անընդունելի է»։
Իրավիճակը Կոսովոյի շուրջ սրվել էր դեռևս հուլիսի վերջին, երբ ուժի մեջ պետք է մտներ Պրիշտինայի կողմից ընդունված որոշումը` օգոստոսի 1-ից արգելելու սերբական փաստաթղթերով մեքենաների մուտքը:
Սակայն Սերբիան վճռական է տրամադրված և մտադիր չէ գնալ որևէ զիջման, որը հետագայում կստիպի իրեն հրաժարվել նաև Կոսովոյից և, ըստ այդմ, կխախտի իր տարածքային ամբողջականությունը:
Հիշեցնենք, որ Սերբիայի սահմանադրությամբ, Կոսովոն համարվում է երկրի անբաժան մասը[1] և պաշտոնական Բելգրադը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:
[1] Constitution of The Republic of Serbia, https://www.ilo.org/dyn/natlex/docs/ELECTRONIC/74694/119555/F838981147/SRB74694%20Eng.pdf (հղվել է 22.08.2022 թ.)