Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունը մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը:
Հիշեցնենք, որ նախօրեին` հուլիսի 31-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դիմելով Սերբիայի քաղաքացիներին հայտարարել էր, որ ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը օգոստոսի 1-ի կեսգիշերը կսկսի գործողություն հյուսիսում, որի արդյունքում կարգելափակի Սերբիայի իշխանությունների կողմից տրված անձնական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը` զուգահեռ սկսելով սերբական համարանիշներով մեքենաները «Կոսովոյի Հանրապետության» համարանիշներով վերագրանցելու գործընթաց։
Միևնույն ժամանակ սերբական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Կոսովոյի հյուսիսում գտնվող քաղաքներում, որտեղ ապրում են էթնիկ սերբեր, տանգնապի ազդանշան է հնչել, և մոտ 200 ալբանացիներ հավաքվել են Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսն ու հարավը միացնող կամրջի մոտ։ Սերբերը սկսել են արգելապատնեշներ կանգնեցնել և փակել Պրիշտինայից Ռասկա տանող գլխավոր ճանապարհը: Դեպքի վայր են մեկնել Կոսովոյի անվտանգության ուժերն ու շտապօգնության մեքենաները։
Ա. Վուչիչը կոչ է արել կոսովոալբանական իշխանություններին խաղաղություն պահպանել և զգուշացրել, որ «Սերբիան կհաղթի» Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում։
«Սերբիան ունի Սերբիայի կարիքը, ոչ այնքան մեծ, ինչպես ասում են ուրիշները, բայց ոչ էլ այնքան փոքր, ինչի առթիվ ուրախ կլինեին բոլոր նրանք, ովքեր չեն կարող նույնիսկ պատկերացնել այն այդքան փոքր և բավարարվել նրա չափերով»[1],- նշել է նախագահը` հավելելով, որ Սերբիան ունի իր սահմանները` հաստատված Սահմանադրությամբ:
«Պրիշտինայի ռեժիմը փորձում է իրեն ներկայացնել զոհի դերում` օգտվելով աշխարհում ստեղծված իրավիճակից, որպեսզի խաղարկի «մինի-Պուտինի» կողմից եկող սպառնալիքի խաղաքարտը, իսկ ինքը` Կուրտին իրեն զգում է Զելենսկու դերում»,- ասել է Ա. Վուչիչը: «Կարծում եմ` մենք երբեք չենք եղել էլ ավելի դժվար և ծանր իրավիճակում, քան այսօր»,- հավելել է նախագահը` նշելով, որ Բելգրադը կհաղթի:
«Ըստ Սերբիայի Սահմանադրության՝ Կոսովոն Սերբիայի մի մասն է, ուստի մենք ամեն օր զենքով չենք շրջում, որպեսզի վերադարձնենք այն Սերբիայի սահմանադրական իրավական կարգի տիրույթ։ Մենք չենք ուզում հակամարտություններ և չենք ուզում պատերազմ… Մենք կաղոթենք խաղաղության համար և կձգտենք խաղաղության, բայց թույլ տվեք ուղիղ ասել, որ կապիտուլյացիա չի լինելու, և Սերբիան հաղթելու է: Միայն թող փորձեն հալածել, հետապնդել և սպանել սերբերին. Սերբիան հաղթելու է»,- ընդգծել է նախագահը:
Իսկ Սերբիայի իշխող կուսակցությունից պատգամավոր Վլադիմիր Ջուկանովիչն իր թվիթերյան էջում հրապարակում է արել[2], որում խոսել է հնարավոր «Բալկանների դենացիֆիկացիայի» մասին: «Ինձ անընդհատ թվում է, որ Սերբիան ստիպված է լինելու սկսել Բալկանների դենացիֆիկացիան: Ես կցանկանայի սխալվել»,- գրել է վերջինս:
Հետաքրքրական է նաև Թուրքիայի հերթական փորձը հանդես գալու որպես միջնորդ` Սերբիա-Կոսովո երկկողմ լարվածությունը նվազեցնելու հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղուն թվիթերյան իր էջում[3]: Սա Թուրքիայի առնվազն երկրորդ փորձն է «խաղաղությանմիջնորդի» դերում` ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո: Սրանով, իհարկե, թուրքական կողմը փորձում է հերթական դիվանագիտական դիվիդենտները հավաքել իր համար միջազգային ասպարեզում:
Ինչպես տեսնում ենք, իրավիճակն աշխարհում օրեցօր էլ ավելի է ապակայունանում, և որոշ երկրներ չեն կորցնում առիթն այդ իրավիճակից օգուտ քաղելու: Որոշ երկրներ էլ` Սերբիայի օրինակով, հրաժարվում են իրենց տարածքային ամբողջականությունը սակարկել և խախտել կարմիր գծերը: Իսկ որոշ երկրներ էլ` Հայաստանի օրինակով, վաղուց հատել են կարմիր գիծն ու իրենց ազգային և պետական շահերը դարձրել մանրադրամ թե՛ թշնամի երկրների և թե՛ անգամ դաշնակիցների համար:
[1] Vučić zabrinut – situacija dovedena do usijanja: “Molim Albance, ili…”, https://www.b92.net/info/vesti/index.php?yyyy=2022&mm=07&dd=31&nav_category=11&nav_id=2192006 (հղվել է 01.08.2022 թ.).
[2] Վլադիմիր Ջուկանովիչի թվիթերյան էջից, https://twitter.com/adv_djukanovic/status/1554090352998580226?cxt=HHwWhIC89aW8npErAAAA (հղվել է 01.08.2022 թ.):
[3] Մևլութ Չավուշօղլուի թվիթերյան էջից, https://twitter.com/MevlutCavusoglu/status/1553854468080472066 (հղվել է 01.08.2022 թ.):