Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են Թուրքիային ռուսական (ЗРС) С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր։ Այս մասին օգոստոսի 15-20-ը Մոսկվայում ընթացող «Բանակ-2022» միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ФСВТС) տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Ընդ որում, ստորագրված փաստաթուղթը ենթադրում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում։
Շուգաևը հայտնել է, որ ներկայումս ընդանում է պայմանագրի գործնականում իրականացումը։ «Ընթացիկ տարում ձևավորված քաղաքական բարդ իրադրությունը բացասական է ազդել գործընկերների հետ ռուսական կողմի փոխազդեցության որոշ ասպեկտների վրա։ Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ընթանում է երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների հունով»,-ասել է նա։
Հետաքրքրական է, որ այս պահին զուգահեռ ընթանում են բանակցություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների մատակարարման և մոդեռնիզացիայի խնդրի շուրջ։ Այս նպատակով օգոստոսի 15-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տեխնիկական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ։ Այդ մասին օգոստոսի 1-ին հայտնել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Մոսկվայի կողմից Թուրքիային ЗРС С-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է դեռ 2017 թ․-ին։ ՆԱՏՕ անդամ երկրներից Թուրքիան առաջինը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից, ինչն աննախադեպ երևույթ էր։ Թուրքիայի այս քայլը առաջ բերեց ԱՄՆ-ի և առհասարակ ՆԱՏՕ-ի բացասական արձագանքը, միջազգային սկանդալ ծավալվեց երկու երկրների միջև։ Վաշինգտոնը շարունակաբար ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա ռուսական С-400 համակարգերից ամերիկյան Patriot համանման համակարգերի օգտին հրաժարվելու համար՝ սպառնալով չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը, սակայն Թուրքիան մերժել է այդ առաջարկը։
Ի վերջո, 2021 թ․-ի ապրիլի 22 -ին ԱՄՆ-ը պաշտոնապես հեռացրեց Թուրքիային F-35-երի արտադրման՝ Համատեղ հարվածային կործանիչների ծրագրից (Joint Strike Fighter program)։ Դրանից հետո՝ 2021 թ․-ի հոկտեմբերի 8-ին, Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու և իր ունեցած 80 կործանիչները արդիականացնելու համար։
2022 թ․-ի հունիսի 29-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ընթացքում Էրդողանը խոսել է Թուրքիայի` F-16 կործանիչների արդիականացման և նոր ռազմական ինքնաթիռների պահանջի մասին։ Ինչպես հայտնում էին թուրքական աղբյուրները, Բայդենը բառացի նշել էր․«Վաշինգտոնում վայրէջք կատարելուն պես կաշխատեմ F-16-երի հարցը լուծելու համար և ջանքեր կգործադրեմ, որպեսզի այն ընդունվի Կոնգրեսի կողմից»։
Ասուլիսի ընթացքում Բայդենը հաստատել էր այս լուրերը՝ նշելով․ «Ինչպես ես ասել էի դեկտեմբերին, մենք պետք է վաճառենք F-16 ինքնաթիռները և արդիականացնենք դրանք։ Մեր շահերից չի բխում դա չանելը։ Ես դեկտեմբերից ի վեր իմ դիրքորոշումը ընդհանրապես չեմ փոխել։ Ինձ պետք է Կոնգրեսի հավանությունը դա անելու համար և ես կարծում եմ՝ մենք կստանանք այն»։
Հուլիսի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է երկրի պաշտպանական բյուջեի մեջ փոփոխությունը, որով խստացվում են Թուրքիային F-16-ների մատակարարման պահանջները։ Այն արգելում է ԱՄՆ վարչակազմին վաճառել Թուրքիային F-16-ները կամ թույլատրել ինքնաթիռների և դրանց արդիականացման բաղադրիչների արտահանումը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը Կոնգրեսին չի հաստատել, որ սարքավորումների նման փոխանցումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը պետք է մանրամասն նկարագրի այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, որ F-16-ները չօգտագործվեն Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու համար։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ ականատես ենք, թե ինչպես է Թուրքիային հաջողվում հմտորեն մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ բարձրացնելով իր աշխարհաքաղաքական կշիռը։ Նախ, Թուրքիան հանդես եկավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելությունը ստանձնելու նախաձեռնությամբ։ Թուրքական դիվանագիտության խոշոր հաղթանակներից էր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն ու դրա արդյունքում ստորագրված փաստաթուղթը, որը ստորագրվել է նաև Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի կողմից։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ Թուրքիան չի միացել հակառուսական պատժամիջոցներին։ Թուրքիան երկար ժամանակ դիվանագիտական առևտուր էր իրականացնում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, որն, ի դեպ, շարունակվում է առ այսօր։ Իսկ հիմա ականատես ենք, թե ինչպես չհրաժարվելով ռուսական С-400-ներից՝ Թուրքիան ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ F-16-ների գնման և արդիականացման հարցում՝ շահելով ԱՄՆ նախագահի աջակցությունը։
Ըստ էության, Թուրքիան հստակ ցուցադրում է, որ ՆԱՏՕ անդամ լինելով հանդերձ՝ ինքնուրույն է իր արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելու հարցում։ Չնայած նրան, որ Թուրքիան պատերազմի ընթացքում առաջնային պլան է մղել իր շահերը և ոչ դաշնակցային պարտավորությունները, և մի շարք քայլեր առաջ են բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ անդամ մյուս դաշնակիցների դժգոհությունը, այնուամենայնիվ Արևմուտքն ու ԱՄՆ-ը բավական զգուշավոր են Թուրքիայի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևոր նշանակությունը Արևմուտքի համար տարածաշրջանում ռուսական ազդեցությանը հակակշռելու հարցում։ Եվ թեկուզ ժամանակ առ ժամանակ երկու երկրների հարաբերությունները լարվում են, այնուամենայնիվ Թուրքիան և ԱՄՆ-ն կապված են բազմաթիվ ընդհանուր շահերով, ինչն, ի վերջո, ստիպում է գնալ փոխշահավետ զիջումների ոչ առանցքային հարցերում, օրինակ՝ Թուրքիայի համաձայնությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, և դրա դիմաց՝ Բայդենի կողմից «կանաչ լույսը» F-16-ների վաճառքի հարցում։