Նորություններ

Շանհայի համագործակցության կազմակերպությունն ընդլայնվում է

16 / 06 / 2022

Այս տարի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում (Ուզբեկստան) կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Ուզբեկստանի ԱԳ նախարար Վլադիմիր Նորովը, խոսելով գագաթնաժողովի օրակարգի մասին, նշել է. «Առանցքային հարցերից մեկը Շանհայի համագործակցության կազմակերպության հետագա ընդլայնումն է։ Իրանի Իսլամական Հանրապետության պարտավորությունների հուշագիրը ՇՀԿ անդամ երկրի կարգավիճակ ստանալու համար արդեն պատրաստ է ստորագրման։ Փաստաթուղթը գործնականում ճանապարհ կբացի մեր կազմակերպությունում մերձավորարևելյան այս խոշոր երկրի լիարժեք անդամակցության համար»[1]։

Ինչպես նշել է Վ․ Նորովը, Սամարղանդի գագաթնաժողովում պետությունների ղեկավարները կքննարկեն ՇՀԿ-ի առջև ծառացած նոր մարտահրավերներն ու խնդիրները ժամանակակից միջազգային հարաբերությունների խորը վերափոխման լույսի ներքո։ Նախատեսվում է հուշագրերի ստորագրում ՇՀԿ-ի և մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու նպատակով։ Այդպիսի կազմակերպություններից են Արաբական լիգան, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը (ԷԿՕՍՕՍ)։

Անդրադառնալով կազմակերպության ընդլայման վերաբերյալ հայտարարությանը` նշենք, որ Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովին ուսումնասիրվելու են 10 երկրների կողմից ներկայացված հայտերը` ՇՀԿ-ի գործունեությանը լիիրավ անդամների, դիտորդների և երկխոսության գործընկերների ձևաչափով մասնակցելու նպատակով։ Հայտնի է, որ անդամության հայտ է ուղարկել նաև Բելառուսը, իսկ Ադրբեջանի նախագահը դեռևս այս տարի փետրվարին Ռուսաստանի լրատվական գործակալությունների տնօրենների հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ձեռք բերել դիտորդի կարգավիճակ ՇՀԿ-ում[2]։ Նման հայտ է ներկայացվել նաև Հայաստանի կողմից։ Հիշեցնենք, որ 2016 թ․ ապրիլի 16-ից Հայաստանն ունի կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ[3]։ Ինչպես նշել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը[4]։ Վերջինս նաև ավելացրել է. «Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, կարևոր գործոն են, որոնք պետք է հաշվի առնել։ Միևնույն ժամանակ ՇՀԿ անդամ երկրները միակարծիք են՝ կազմակերպությունում երկկողմ հակասություններ չմտցնելու հարցում»:

Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն ստեղծվել է 21 տարի առաջ` հունիսի 15-ին։ Հիմնադրման օրից կազմակերպությունը նպատակ է հետապնդել նպաստելու բազմակենտրոն աշխարհակարգի ամրապնդմանը։ Կազմակերպության հիմնական կոնցեպտն անվտանգության ապահովումն է, մասնավորապես` Կենտրոնական Ասիայում։ Բազմիցս կազմակերպության շարքեր է փորձել սողոսկել նաև Թուրքիան` ձգտելով դառնալ մշտական անդամ։ Նման փորձեր արվել են` սկսած 2005 թ.-ից, իսկ 2016 թ.-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առհասարակ հայտարարեց, որ ՇՀԿ-ն կարող է դառնալ այլընտրանք Թուրքիայի համար այդքան սպասված ԵՄ անդամակցության փոխարեն։ Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում օրավուր աճող Թուրքիայի ազդեցությունը, տարածաշրջանի ռազմավարական կարևորությունն ու պայթյունավտանգ վիճակը` ակնհայտ է, որ թուրքական ռազմական ներկայության գործոնի ավելացման դեպքում տարածաշրջանում շատ լուրջ սպառնալիքներ ի հայտ կգան։

Համաշխարհային գործընթացների այս փուլում արդեն ակնհայտ է, որ աշխարհը գնում է դեպի բազմաբևեռություն և բազմակենտրոնություն։ ՇՀԿ-ը դա փաստող լավագույն օրինակներից է։ Սակայն մեզ համար կարևոր է հասկանալ, թե նման վերադասավորումների ֆոնին ինչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը։ Այսօր ՀՀ-ը աշխարհաքաղաքական պրոցեսներում գնալով իջեցնում է իր կարգավիճակը` վերածվելով միջազգային հարաբերությունների սուբյեկտից օբյեկտի։ Այսօր առավել քան երբևէ Հայաստանի համար կենսական են ամուր դաշնակցային շրջանակների ընդլայնումն ու թուրք-ադրբեջականական տանդեմին երբեմնի հակակշռող իր գործոնի վերականգնումը։ Սակայն քանի դեռ հայաստանյան քաղաքական դաշտում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից առաջ է մղվում միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջանի» հասնելու օրակարգը, ասվածը դժվար իրագործելի է։

Սյուզան Նաջարյան, միջազգայնագետ

 


[1] ШОС в системе внешнеполитических приоритетов Нового Узбекистана, 15.06.2022, https://dunyo.info/ru/site/inner/vladimir_norov_shos_v_sisteme_vneshnepoliticheskih_prioritetov_novogo_uzbekistana-nzi (հղվել է 15.06.2022 թ․)։

[2] Алиев заявил, что Азербайджан нацелен на статус наблюдателя в ШОС, 24.02.2022,  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/13831835 (հղվել է 15.06.2022 թ․)

[3] Միջազգային կազմակերպություններ (ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ), https://www.mfa.am/hy/international-organisations/7 (հղվել է 15.06.2022 թ․)

[4] ШОС изучает вопрос получения Арменией и Азербайджаном статуса наблюдателя, 25.03.2022 թ․, https://e-cis.info/news/568/99149/ (հղվել է 15.06.2022 թ․)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *