Վերլուծություն

1918 թ. Մայիսյան հերոսամարտերի դասերը

05 / 06 / 2022

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին հանրապետության հռչակման և թուրքական զորքերի դեմ հաղթանակի տարեդարձը։ Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել այդ ճակատագրական օրերին, և ինչ դասեր կարող ենք քաղել։

Ի՞նչ է տեղի ունեցել

Եթե կարճ պատասխանենք, ապա 1918 թ․ մայիսին Օսմանյան Թուրքիան ներխուժեց Արևելյան Հայաստան՝ փորձելով ավարտին հասցնել հայերի դեմ ցեղասպանությունը՝ գլխովին ոչնչացնելով հայ ժողովրդին։ Սակայն Ապարանի և Ղարաքիլիսայի մարտերում հայկական ստորաբաժանումներն ու աշխարհազորը կանգնեցրին թշնամուն, իսկ Սարդարապատի մարտերում՝ ջախջախեցին թուրք զավթիչներին։

Դրությունը կովկասյան ճակատում 1918 թ-ին

1914 թ․-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը։ Օսմանյան կայսրությունը ռազմական գործողություններ սկսեց Ռուսաստանի դեմ Սև ծովում և կովկասյան ճակատում։ Ռուսաստանում հայտարարվեց Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար հայ կամավորականների հավաք, և հազարավոր հայեր անդամագրվեցին կամավորական գնդերին։ 1915 թ․-ին Օսմանյան Թուրքիան ձեռնամուխ եղավ կայսրության հայ բնակչության ոչնչացմանը՝ ցեղասպանությանը, ինչի արդյունքում Արևմտյան Հայաստանը զրկվեց բնիկ ժողովրդից, սպանվեց 1.5 մլն հայ։ 1914-1916 թթ․ մարտերում ռուսական բանակն ունեցաց լուրջ առաջխաղացում կովկասյան ճակատում՝ ազատագրելով Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ռազմաճակատի գիծն անցնում էր Տրապիզոնից մինչև Երզնկա ու Վան, որտեղ կանգնած էր ռուսական 300.000-անոց բանակը։ Սակայն պատերազմից հոգնածությունն ու այլ բազմաթիվ պատճառներ հանգեցրին Ռուսաստանում 1917 թ․ փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններին։ Այդ ժամանակ ռուսական բանակի թվաքանակը 10 միլիոն էր, որից 100.000-ը հայեր էին՝ ցրված Բալթիկ ծովից մինչև Սև ծով տարբեր ռազմաճակատներում։

1917 թ․-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական բանակն սկսեց կազմաքանդվել։ Զինվորներն ինքնակամ լքում էին դիրքերը և ուղևորվում տուն։ Թուրքական բանակը ևս բարդ կացության մեջ էր, ուստի՝ 3-րդ բանակի հրամանատար Վեհիբ փաշան առաջարկեց կովկասյան ճակատում զինադադարի մասին համաձայնություն ստորագրել։ Դա տեղի ունեցավ Երզնկայում դեկտեմբերի 12-ին։ 1918 թ․-ի փետրվարին ռուս զինվորների մեծ մասն արդեն լքել էր կովկասյան ճակատը, որի պաշտպանությունը մնաց հայկական, վրացական կորպուսների և հունական դիվիզիայի վրա։ Սրանցից ամենամեծաքանակն ու մարտունակը հայկականն էր՝ 15.000 թվակազմով։ Նախկին 300.000-անոց ռուսական բանակի փոխարեն ռազմաճակատի պաշտպանությունը մնաց 25.000-անոց եռակազմ ուժերի վրա, որոնց կազմում էին մի քանի հարյուր ռուս սպաներ, որ հասկանում էին, որ Թուրքիայի դեմ կռվելը բխում է Ռուսաստանի շահերից։ Ինչ վերաբերում է ռուսական բանակի մնացյալ 100.000 հայ զինծառայողներին, նրանց մեծ մասը տարածաշրջանում տիրող անկարգությունների պատճառով չկարողացավ վերադառնալ տուն։ Նրանց մի մասը կուտակվեց Բաքվում՝ դառնալով Բաքվի կոմունայի բանակի հիմքը։

Թուրքիայի նպատակները

Չնայած թուրքերը պարտություն էին կրում Առաջին աշխարհամարտում՝ այդուհանդերձ, պլանավորում էին հասնել երկու կարևոր ռազմավարական նպատակի՝ ավարտել հայերի դեմ ցեղասպանությունը և ստեղծել երկրորդ թյուրքական պետություն Կովկասում՝ Ադրբեջանը։ Հավաքելով առավել մարտունակ ստորաբաժանումները՝ 1918 թ․ փետրվարի 12-ին թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, 100.000-անոց բանակով հարձակման անցան կովկասյան ճակատում։ Երզնկան ընկավ հենց նույն օրը, փետրվարի 13-ին՝ Բաբերդը, փետրվարի 24-ին՝ Տրապիզոնը։ Թուրքական բանակի առաջխաղացման մեծ արագությունը կապված էր հայկական, վրացական և հունական ստորաբաժանումների փոքրաթիվ լինելու հետ։ 1918 թ․ փետրվարի 27-ին Էնվեր փաշան արձակեց գաղտնի հրաման՝ 3-րդ բանակին կարգադրելով ներխուժել Արևելյան Հայաստան և «լուծել հայկական հարցը»․ «Իրերի դրությունը պահանջում է հայ ժողովրդի լիակատար ոչնչացում»[1].

Թուրքական նախապայմանների կատարումը և թուրքերի նոր ագրեսիան

 1918 թ․ մարտի 1-ին Անդրկովկասյան Սեյմը պաշտոնապես պատերազմի մեջ մտավ Թուրքիայի հետ՝ միաժամանակ բանակցություններ սկսելով Տրապիզոնում։ Մարտի 3-ին բոլշևիկյան Ռուսաստանը կնքեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, ըստ որի՝ պարտավորվեց զիջել 1878 թ․-ին ձեռք բերած տարածքները՝ Կարսը, Արդահանը, Բաթումը։

1918 թ․ մարտի 12-ին՝ երկշաբաթյա մարտերից հետո, թուրքերը գրավեցին Էրզրումը, ապրիլի 5-ին՝ Սարիղամիշը, ապրիլի 7-ին՝ Արդահանը։ Հայկական կորպուսին հաջողվեց կանգնեցնել թուրքերին Կարսի մատույցներում, որտեղ կար 600 հրանոթ և մեծաքանակ զինամթերք։ Ռազմաճակատի գիծը կրճատվեց, բացի դրանից՝ կորպուսն արդեն գործում էր Արևելյան Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում էր ավելի քան 1.4 մլն հայկական բնակչություն։ Վրացական կորպուսի կազմավորումը, սակայն, տապալվեց, իսկ հունական դիվիզիայի մարտիկները մնացին Պոնտոսի տարածքում՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը։ Ապրիլի 15-ին թուրքերն առանց մարտի գրավեցին Բաթումը։ Անդրկովկասյան Սեյմը միանգամից ընդունեց թուրքական կողմի վերջնագիրը՝ ճանաչելու Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանները։ 1918 թ․ապրիլի 22-ին թուրքական պահանջով Սեյմը հայտարարեց անկախ Անդրկովկասյան Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության հռչակման մասին։ Օսմանյան կառավարությունը հայտարարեց, որ եթե այսուհետ Անդրկովկասը Ռուսաստանի մաս չէ, ապաԲրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը վերջինիս վրա չի տարածվում, և կարիք կա առանձին խաղաղության պայմանագիր կնքելու։ Թուրքերը, սակայն, պնդում էին, որ կկնքեն այդ պայմանագիրը միայն իրենց նախապայմանների կատարումից, այն է՝ զորքերը մինչև 1877 թ․սահմանները հետ քաշելուց հետո։ Անդրկովկասյան կառավարության ներկայացուցիչ Չխենկելին հրամայեց հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանին անհապաղ հանձնել Կարսը։ 1918 թ․ ապրիլի 25-ին հայկական զորքերը թողեցին Կարսը։ Թուրքերը գրավեցին բերդը՝ հրետանիով և բանակային պահեստներով հանդերձ։ Հայկական ստորաբաժանումները հետ քաշվեցին դեպի 1877 թ․-ի սահմաններ։

1918 թ․ մայիսի 10-ին բացվեց Բաթումի խաղաղության վեհաժողովը։ Ստանալով Կարսն առանց մարտի՝ թուրքերն առաջ քաշեցին նոր պահանջներ՝ հանձնել Երևանի, Թիֆլիսի և Քութայիսիի նահանգների կեսը, ինչպես նաև դեպի Նախիջևան երկաթուղին։ Մինչ բանակցություններ էին ընթանում, թուրքերը կարճատև հանգիստ տվեցին իրենց զորքին, վերազինեցին, ուժեղացրին հրետանին Կարսում նվաճված ռազմավարով և ձևավորեցին աշխարհազորի օգնական ջոկատներ։

Հայաստան ներխուժելու համար թուրքերն ստեղծեցին 7 դիվիզիայից բաղկացած երկու խմբավորում։ Հիմնականը «Կարս» բանակային խմբավորումն էր՝ բաղկացած 5 դիվիզիայից, որ պիտի հարվածեր Ալեքսանդրապոլի, այնտեղից՝ Երևանի ուղղությամբ։ Վերջինիս հարավից՝ Իրանից աջակցելու համար, առաջ էին շարժվելու 4-րդ կորպուսի ևս 2 դիվիզիա։ Ներգրավված էին նաև քրդական հեծելազորի ջոկատները և տեղի մուսուլմանական աշխարհազորը։ Մոտավոր հաշվարկներով այս գործողությանը թուրքական կողմից մասնակցում էր 60.000-անոց զորք, որին դիմակայում էին հայկական կորպուսի 15.000-20.000 մարտիկները և աշխարհազորը։

1918 թ․ մայիսի 15-ի գիշերը թուրքերը նոր վերջնագիր հղեցին՝ առավոտյան ժամը 6-ին հանձնելու Ալեքսանդրապոլը։ Չսպասելով ժամկետի ավարտին՝ թուրքերն սկսեցին ինտենսիվ հրետակոծություն, որից հետո 4 թուրքական դիվիզիաներ՝ շուրջ 35.000 մարդու հաշվով, անցան հարձակման։ Թուրքերը պատահական չէին ընտրել ժամանակը՝ հաշվի առնելով, որ հայերն այդ օրը տոնում էին Սուրբ Զատիկը, ինչպես նաև տեղյակ լինելով բանակցությունների վարման փաստից՝ կորցրել էին զգոնությունը»։ Հայկական կորպուսը, պարտություն կրելով, նահանջեց երեք ուղղություններով։ Մի մասն Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ գնաց հյուսիս, մյուսը՝ Նազարբեկյանի գլխավորությամբ՝ արևելք՝ դեպի Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), երրորդը՝ երկաթգծի երկայնքով՝ դեպի հարավ՝ Էջմիածին ու Երևան։ Շուրջ 4000 հայ գերի ընկավ և դաժանորեն սպանվեց։

Արևելյան Հայաստանի պաշտպանության կազմակերպումը 

Թուրքական զորքերի հարձակման գլխավոր ուղղությունը Երևանն էր, որտեղ նահանջում էին գեներալ Մովսես Սիլիկյանի անջատ-անջատ ստորաբաժանումները։ Թուրքերը պլանավորում էին հարվածել Երևանին երեք ուղղությամբ․ ուժեղացված 36-րդ դիվիզիան պետք է հարձակվեր Ալեքսանդրապոլ-Էջմիածին ուղղությամբ, իսկ 9-րդը, շրջանցելով Արագած սարի լեռնազանգվածը, դուրս էր գալու Էջմիածնի թիկունք։ Հարավից Երևան պետք է հասնեին 4-րդ կորպուսի դիվիզիաները։ Եթե պլանը հաջողվեր, ամբողջ Արարատյան դաշտը կգրավվեր թուրքերի կողմից, իսկ հայկական զորքն ու բնակչությունը կոչնչացվեին։

Թուրքերը, սակայն, չէին կարող անուշադրության մատնել նաև Նազարբեկյանի ու Անդրանիկի զորքերին, այդ իսկ պատճառով՝ 11-րդ դիվիզիան շարունակեց արշավանքը դեպի Ղարաքիլիսա, իսկ 5-րդ դիվիզիան շարժվում էր Հայաստանի հյուսիսով՝ նպատակ ունենալով հասնել Ելիզավետպոլ (Գանձակ) և գրավել նախկին Ռուսական կայսրության մուսուլմանաբնակ շրջանները։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, առանց օսմանյան զորքերի նորաստեղծ Ադրբեջանի կառավարությունը չէր էլ կարողանա հասնել «իր» հանրապետության մայրաքաղաք՝ Գանձակ։

Մայիսի 18-ին Հայաստանի ռազմաքաղաքացիական վարչության ղեկավար Արամ Մանուկյանը խորհրդակցություն ունեցավ կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի (Տփղիսեցի) հետ, որին առաջարկվում էր թողնել Էջմիածինը և տեղափոխվել ավելի ապահով վայր։ Կաթողիկոսը հրաժարվեց լքել վեհարանը։ Երկու արցախցի գնդապետներ՝ Պողոս Բեկ-Փիրումյանը և Դանիել Բեկ-Փիրումյանն աջակցեցին կաթողիկոսի որոշումը և հայտարարեցին, որ իրենց ստորաբաժանումները, հատկապես՝ արցախյան հրաձգային գունդը, պատրաստակամ են պաշտպանելու Էջմիածինը։

1918 թ․ մայիսի 21-ին 36-րդ թուրքական դիվիզիան, ուժեղացված հեծելազորային գնդով, հարվածային և սակրավորային գումարտակներով, 1500-անոց քրդական հեծելազորով, հրետանային մարտկոցով (40 միավոր հրանոթ), գրավեց Սարդարապատ գյուղը։ 9-րդ դիվիզիան արշավում էր հյուսիսից՝ անցնելով լեռնանցքը և զբաղեցնելով Բաշ Ապարանը։ Իսկ 5-րդ թուրքական դիվիզիան մարտեր էր մղում Անդրանիկի ուժերի դեմ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։

Կաթողիկոսի հրամանով մայիսի 21-ից 29-ն անդադար ղողանջում էին Արարատյան դաշտի եկեղեցիների զանգերը՝ ժողովրդին կոչելով զենքի։ Հոգևորականները եկեղեցու հետևորդներից կազմում էին ջոկատներ՝ միանալով գործող կանոնավոր ստորաբաժանումներին։ Այդ մարտերին ընդհանուր թվով մասնակցել են 400 հոգևորականներ։

Մ․ Սիլիկյանը տեղակայեց իր շտաբը Էջմիածնում՝ Սարդարապատի և Ապարանի միջև, որտեղ ըստ թուրքական ռազմական պլանի՝ պետք է փակվեր թուրքական երկկողմ հարձակման աքցանը։ Իմանալով, որ Իրանի կողմից արշավող թուրքական 4-րդ կորպուսը դեռևս հեռու է և հարավից կարող են հարձակվել միայն վերջինիս առաջապահ խմբերը՝ Մ․ Սիլիկյանը հրամայեց պայթեցնել Արաքս գետի կամուրջները՝ ափի պաշտպանությունն այնուհետև վստահելով զեյթունցիներից բաղկացած հատուկ հեծյալ 2-րդ գնդին (հրամանատար՝ փոխգնդապետ Սարգիս Սալիբեկյան), որի կազմում էին վանեցի աշխարհազորայիններից բաղկացած 2 վաշտերը։

           Մովսես Սիլիկյանին նվիրված հուշատախտակ Երևան քաղաքում։

Իսկ հիմնական ուժերը Սիլիկյանը բաժանեց իրար գրեթե հավասար երկու ջոկատի։ Ապարանի ուղղությամբ՝ ընդդեմ թուրքական 9-րդ դիվիզիայի, Սիլիկյանն ուղարկեց Դրոյի զորքը՝ վերջինիս հատկացնելով Զալինյանի և Դոլուխանյանի հրամանատարությամբ 2-րդ և 6-րդ հեծյալ գնդերը, ինչպես նաև փոխգնդապետ Կորոլկովի պարտիզանական հեծյալ գունդը և Սիլինի ղեկավարած սահմանապահ գումարտակը։ Թուրքական 36-րդ դիվիզիայի դեմ Մ․ Սիլիկյանն ուղարկեց գնդապետ Դ․ Բեկ-Փիրումյանի սարդարապատյան ջոկատը, որին մաս էին կազմում արցախցիների 5-րդ հրաձգային գունդը (հրամ․՝ Պողոս Բեկ-Փիրումյան), Պերեկրեստովի պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հայկական 1-ին հատուկ հեծյալ գունդը (հրամ․՝ Զոլոտարյով), որի դասակներից մեկի հրամանատարը ԽՍՀՄ ապագա մարշալ և կրկնայի հերոս Հովհաննես Բաղրամյանն էր։

Մ․ Սիլիկյանն ամենավտանգավոր ուղղություն էր համարում հյուսիսայինը, այդ պատճառով՝ ռեզերվը տեղակայեց Խզնաուզ (այժմ՝ գ․ Արագած, Արագածոտնի մարզ) գյուղում՝ փոխգնդապետ Կարապետ Հասանփաշյանի հրամանատարությամբ։ Ռեզերվն ընդհանուր թվով բաղկացած էր 800 զինվորից և 4 հրանոթից։

1918 թ․ մայիսի 22-ին Դրոյի և Դ․ Բեկ-Փիրումյանի ուժերը թուրքերին հասցրին պատասխան հարվածներ։ Դրոյի զորքը կարողացավ թուրքերին 30 կմ դուրս շպրտել Բաշ Ապարանից՝ դեպի Սպիտակի լեռնանցք։ Իսկ Դ․ Բեկ-Փիրումյանի զորքերը վճռական հարվածով ազատագրեցին Սարդարապատը։ Թուրքական 36-րդ դիվիզիայի ստորաբաժանումներն արագ ուշքի եկան և կազմակերպված կերպով ամրացան Արաքս կայարանին հարող բլրաշարերի վրա։ Արցախի և Իգդիրի գնդերը մեկը մյուսի հետևից կրկնում էին հարձակումները, սակայն հրետանու և գնդացիրների քանակական առավելություն ունեցող թուրքերը հետ էին մղում վերջիններիս։ Բանն այն է, որ Սարդարապատի ճակատում հայկական միակ մարտկոցին դիմակայում էին թուրքական չորսը, որոնց կրակը ճնշել չէր հաջողվում։

Մայիսի 24-ին Մ․ Սիլիկյանը կոչով դիմեց հայ ժողովրդին՝ «… Ոտքի, ի գործ դեպի սրբազան պատերազմ…»։ Կոչը տվեց իր արդյունքները․ Արևելյան Հայաստանի աշխարհազորայիններն սկսեցին հորդելով միանալ գործող զորքին։ Մայիսի 24-ին հարձակման անցան Թ․ Նազարբեկյանի զորքերը (7000 մարդ, 10 հրանոթ և 20 գնդացիր)՝ հարվածելով իրենց հետապնդող թուրքական 11-րդ դիվիզիային։ Չնայած թվաքանակ անհավասարությանը (թուրքերն այստեղ ունեին 10.000 մարդ, 70 հրանոթ և 40 գնդացիր), հայերը հաղթեցին՝ թուրքերին 5 կմ հետ շպրտելով Ղարաքիլիսայից։ Թուրքերից համար ստեղծված վտանգավոր դրություն․ եթե Թ․ Նազարբեկյանի զորքերը շարունակեին ջախջախել 11-րդ դիվիզիային, 9-րդ դիվիզիան օղակված կմնար Արագածի կիրճերում, որտեղ մարտեր էր մղում Դրոյի ուժերի դեմ։ Հաշվի առնելով, որ հայկական զորքերին թևանցելով օղակելու պլանն արդեն չի աշխատել՝ թուրքական հրամանատարությունը 9-րդ դիվիզիան հանեց ապարանյան ուղղությունից՝ այն վերաուղղելով դեպի Ղարաքիլիսա՝ 11-րդ դիվիզիային օգնության։ Մայիսի 28-ին թուրքերն արդեն երկու դիվիզիաների ուժերով հարվածեցին Թ․ Նազարբեկյանի ուժերին և ծանր մարտերով գրավեցին Ղարաքիլիսան։Հայկական զորքի հակահարձակումն արդյունք չտվեց․ նրանց մի մասը գրոհեց թուրքերին, իսկ մյուս մասը ժամանակին հրաման չստացավ, որովհետև թուրքերը գերեվարել էին սուրհանդակին։

Բաշ Ապարանից թուրքական զորքերի հեռանալուց հետո ապահովվեց սարդարապատյան ճակատի հյուսիսը, և Մ․ Սիլիկյանը միանգամից Խզնաուզի ջոկատն ուղարկեց օգնության դեպի Սարդարապատ։ Արագընթաց կերպով անցնելով եռնային ճանապարհներով՝ ջոկատը շրջանցեց թուրքական ուժերի ձախ թևը և մայիսի 27-ին Սարդարապատում հայկական ուժերի հերթական դիմահար հարձակման հետ միաժամանակ հարվածեց թիկունքից։ Այս մի հարվածին արդեն թուրքական զորքերը չդիմացան, սկսեցին անկանոն նահանջել ընդհուպ մինչև Ալեքսանդրապոլ։ Սա պատմական հաղթանակ էր, քանզի հայերը ջարդեցին թուրքական կանոնավոր բանակին՝ պաշտպանելով Սուրբ Էջմիածինը և Արևելյան Հայաստանի մայրաքաղաք Երևանը։

Սարդարապատում հայկական զորքի հաղթանակից հետո բանակցություններում թուրքերի շեշտադրումները փոխվեցին։ Մինչ այդ՝ դեռ մայիսի 23-ին, Խալիլ բեյն ինքնահավան կերպով հայտարարում էր հայկական պատվիրակությանը, որ հաղթողներն իրենք են, հաղթվողները՝ հայերը, ուստի վերջիններս պիտի ընդունեն իրենց պայմանները։ Սակայն մայիսի 27-ից Խալիլ և Վեհիբ փաշաներն սկսեցին հաճոյախոսություններ տեղալ հայկական զորքի հասցեին՝ ասելով նաև, որ օսմանյան կառավարությունը դեմ չէ Կովկասում Հայաստանի ստեղծման…

Այսպիսով՝ Հայաստանը լուծեց իր առջև դրված խնդիրը՝ փրկել հայ ժողովրդին ֆիզիկական վերացումից և ստեղծել հայկական պետություն։ Հետևաբար՝ թուրքերը չկարողացան հասնել Էնվերի դրած խնդրին։ Փոխարենը, սակայն, կարողացան հասնել Գանձակ և ստեղծել Ադրբեջանը։

Սարդարապատի դասերը

 Հաշվի առնելով, որ հայությունը կրկին կանգնած է նմանատիպ սպառնալիքների առաջ՝ պետք է վերստին հիշել 1918 թ․-ի դասերը։ Միայն ազգային էլիտայի կողմից ղեկավարվող ուժեղ պետությունը կարող է կենտրոնացնել ռեսուրսները ճիշտ ուղղություններ և հասնել սահմանված նպատակներին։ Միայն ուժեղ բանակի առկայությունը կարող է լինել ուժեղ բանակցային փաստարկ։ Հողեր հանձնել այն հույսով, որ Թուրքիան կամ Ադրբեջանը կբավականանան դրանով, միամտություն է, որովհետև ստանալով տարածքի մի մասը պատերազմով, մյուսը՝ պայմանագրով՝ ագրեսորը նոր պահանջներ է առաջ քաշում և նոր պատերազմ սկսում։

Ուսանելի է նաև, որ հայ ժողովրդի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, բանակի և քաղաքական ղեկավարության միասնությունը բերում են հաջողության։ 1918 թ․-ին մարդիկ չէին մտածում, թե ինչու պիտի արցախցիները կամ իգդիրցիները պաշտպանեն Երևանը։ Ծնունդով Տփղիսից (Թիֆլիս) կաթողիկոս Գևորգ Սուրենյանցը հրաժարվեց լքել Էջմիածինը։ Ծնունդով Վարդաշեն (այժմ՝ աղավաղված-թյուրքացված՝ Օղուզ) գյուղից էթնիկ ուդի Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ Երևանն ու Էջմիածինը փրկեցին Արցախի և Իգդիրի գնդերը, էրզրումցիների գումարտակները, մշեցիների, զեյթունցիների, վանեցիների ջոկատները, եզդիական հեծյալ գունդը։ Լոռիում, իսկ հետո Սյունիքում ու Նախիջևանում կռվում էին արևմտահայերը՝ Անդրանիկի հրամանատարությամբ։ Ռազմաճակատի բոլոր հատվածներում կռվում էր տեղական աշխարհազորը։ Իսկ թիկունքային և կազմակերպչական աշխատանքը հոգում էր ծնունդով սյունեցի, Շուշիում կրթություն ստացած Արամը, որ մինչ այդ գլխավորել էր հայերի ինքնապաշտպանությունը Վանում։ Հետագայում մայիսյան հերոսամարտերի մասնակից, հրետանային բրիգադի հրամանատար Խաչատուր Արարատյանն իր հուշերում գրել է․ «Երևանի շրջանում իշխանությունը ամուր գտնվում էր Արամ Մանուկյանի ձեռքերում, որը համերաշխ գործում էր ժողովրդին ու զորքին ոգեշնչող գեներալ Սիլիկյանի և Դրոյի հետ… Եվ եթե հայերիս հետ հաշվի էին նստում այն ժամանակ և հաշվի են նստում այժմ, ապա այդ ևս վերագրում եմ բացառապես երեք անձանց՝ Արամին, գեներալ Սիլիկյանին, Դրոյին»։

Կարեն Իգիթյան, քաղաքագետ

[1] Валерий Шамбаров, “За веру, царя и отечество!”, Москва, “Алгоритм”, 2003, стр. 614.

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *