Անվտանգություն, Տարածաշրջան

Փաշինյանը Հայաստանը տանում է խոշոր աղետի

18 / 10 / 2023

Փաշինյանի ստրասբուրգյան լալահառաչ ելույթը՝ ողողված Ռուսաստանին ուղղված մեղադրանքներով, խաղաղության աղերսներով և Հայաստանի նոր զիջումների մասին պատրաստակամության հայտարարություններով, արժանացավ ոչ միայն եվրոպական ծափերի, այլ «Զելենսկու հետքերով գնալու» մասին մեկնաբանությունների՝ Մոսկվայից, և խորհուրդների՝ Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայից։ 

Պարզվեց, որ 44-օրյա պատերազմի հենց երկրորդ օրը Ադրբեջանին անվերապահ աջակցություն հայտնած Սահակաշվիլուն, ով այժմ հարկադիր բուժում է ստանում Թիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում, հանկարծ սկսել է հետաքրքրել Հայաստանի ճակատագիրը։ Հենց դրանով բացատրելով իր՝ Փաշինյանին ուղղված խորհուրդների շարքի նպատակահարմարությունը պացիենտը կիսվել է Պուտինի հետ շփման իր փորձառությունից և զգուշացրել, որ անկախ ամեն ինչից «հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա ձեր արյան թշնամին է և կտապալի ձեզ՝ օգտագործելով իր ունեցած ամեն հնարավորություն՝ ներքին անկարգություններ, պատերազմական գործողություններ խրախուսող։ Նա ձեզ տնտեսապես կխեղդի և կկիրառի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը»։ «Հիբրիդային պատերազմ» տերմինն, ի դեպ, կարծես, գունավոր հեղափոխության առաջամարտիկների մեկ այլ ընդհանուր նախասիրություն է, որով ձգտում են բացատրել իրենց դեմ արդար ժողովրդական ցասումը։

Սահակաշվիլին հանուն Բալթյան երկրների նման ապրող Հարավային Կովկասի տեսլականի, որտեղ, «ի զարմանս» իրեն և Փաշինյանի Ալիևը ուժով հարցեր լուծելու, երկաթե բռունցի ու ռազմականացման մասին է խոսում, առաջակում է գնալ all-in, խաղասեղանին դնել ամեն ինչ՝ պահանջել անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից ու դիմել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Ու դե հետագայում ուղղակի սպասել, ինչպես այժմ սպասում են Վրաստանն ու Ուկրաինան։ Իսկ թե ինչ կլինի առանց այդ էլ կիսով չափ շրջափակման մեջ ապրող, պատերազմներից ու աղետներից ոչ մի կերպ չվերականգնվող հայ հասարակության ճակատագիրը Ռուսաստանի նման թշնամի ձեռք բերելու պարագայում Սահակաշվիլին չի հստակեցնում։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ խաղասեղանին հենց հայ ժողովրդին ու վերջինիս ճակատագիրը դնելու կոչ է անում, ինչի կարիքն, ի դեպ, դա առանց այդ էլ արդեն 5 տարի է անող Փաշինյանը չունի։ Վերջինս չունի նաև «բացեիբաց Բաքվին խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն հայտնելու» մասին խորհուրդների կարիք, քանի որ դա այն է, ինչով Փաշինյանը զբաղվում է այնպիսի հաճախականությամբ, որ նրա՝ ուտելիքի հանդեպ թուլությանը սակավ ծանոթները կարող են անգամ մոլորության մեջ ընկնել՝ մտածելով, թե այդ հայտարարությունների ընթացքում չի հասցնում անգամ ճաշել։

Սահակաշվիլու՝ Փաշինյանին ուղղված խորհուրդներն, այսպիսով, ժամանակավրեպ ու անտեղի են, քանի որ այդ ողջ մեթոդաբանությանը վերջինս քաջածանոթ է, քանի որ առավել «նոր սերնդի» գունավոր հեղափոխական է, և ի տարբերություն Սահակաշվիլու՝ դեռ արևմտյան «նա վերջացած է» մեսիջին, կարծես, չի արժանացել։ Վրաստանի նախկին նախագահի կողմից ավելի տեղին և հեռատես կլինեին խորհուրդները՝ բանտում հացադուլից սովամահ չլինելու և կալանավայրից կլինիկա տեղափոխվելու համար անհրաժեշտ սիմուլյացիաների վերաբերյալ։

Ինչ վերաբերվում է Մոսկվայից հնչած՝ «Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով» պնդմանը, ապա այստեղ մի քանի հարց կա։ Նախ, արդյոք Հայաստանը երբևէ արևմտյան հարացույցից նայելիս Ուկրաինայի չափ կարևորություն կունենա՞։ Այսինքն՝ անգամ Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական քայլերից հետո արդյոք հավաքական Արևմուտքը կստանձնի՞ գոնե մինիմալ պատասխանատվություն հայ ժողովրդի անվտանգության և Հայաստանի տարածքային ամբողջականությանն պահպանման համար։ Պատասխանը հստակ է՝ Արևմուտքի պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում՝ Թուրքիան, քայլեր կձեռնարկի, բայց, իհարկե, իր կանոններով։ Այս պայմաններում անվտանգության ու սուվերենության մասին խոսելը, իհարկե, զավեշտի կնմանվի։

Փաստացի, այո, Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով։ Բայց եթե նա անձամբ գնար այդ ճանապարհով, մեզ կմնար միայն «բարի ճանապարհ» մաղթելը։ Խնդիրն այն է, որ Զելենսկու ուղով նա Հայաստանը միտումնավոր դարձնում է մեծ տերությունների բախման գոտի, որի ընթացքում թափվելու է ոչ թե շվեդ կամ ֆրանսիացի, այլ հայ ժողովրդի արյունը։ Ու երբ այդ օրը գա, հայ հասարակությունը զարմանքով նկատելու է, որ հանուն արևմտյան վեհ գաղափարների Ռուսաստանի նկատմամբ «տղայական» հոխորտանքով քարեր նետող, ապա փոխարտգործնախարարի բերանով էժան արդարացումների լեզվով գերտերության հետ խոսող գլուխներից մազ չի պակասելու։ Ի տարբերություն, իհարկե, սովորական քաղաքացիների, ովքեր դեռ շանս ունեն պայքարելու Փաշինյանի դեմ՝ հանուն Հայաստանի իրական ինքնիշխանության և ազգային անկախության։

 

 

Related Posts