ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները դուրս չեն գա Լաչինի միջանցքից, քանի դեռ պատրաստ չէ շահագործման, այսպես կոչված, «այլընտրանքային» ճանապարհը: Մասնավորապես նշվել է, որ «նրանք ոչ մի սանտիմետր չեն շարժվի, քանի դեռ չկա նոր միջանցքը»:
Մ. Սելեզնյովը նաև ընդգծել է, որ այդ կապակցությամբ կա պայմանավորվածություն և կողմերը կապի մեջ են: Սակայն չի պարզաբանվում, թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, և որ կողմերի միջև է այն ձեռք բերվել:
«Նրանք կտեղափոխվեն միայն այն ժամանակ, երբ Լաչինի նոր միջանցքը բաց լինի: Եռակողմ հայտարարությունում նշված են այդ քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և միայն այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը` այդ ճանապարհի շուրջ»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ տեղի բնակչությանը` ազատելու Լաչինի միջանցքը, մասնավորապես` Բերձորն ու Աղավնոն: Իսկ եռակողմ կապիտուլյացիոն համաձայնագրով մեզ պարտադրված ճանապարհի հայկական հատվածը դեռևս պատրաստ չէ: Պատրաստ չեն նաև այն ենթակառուցվածքները, որոնք պետք է սնուցեն ողջ Արցախը, քանի որ եղածները Լաչինի միջանցքի հետ միասին անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ:
Մ. Սելեզնյովի հայտարարությունից հետո նաև անհասկանալի է, թե ում միջև է ձեռք բերվել պայմանավորվածություն` հենց օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ սահմանելու, և ինչով է պայմանավորված նմանօրինակ շտապողականությունը: