Հուլիսի 18-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել Իրանի պետական ռադիոհեռուստաընկերությանը, որը հեռարձակել է ռուսական «Россия 24» հեռուստաալիքը։ Շեշտելով, որ Իրանը Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցն է՝ Պեսկովը նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները էլ ավելի են աշխուժացել բոլոր ոլորտներում՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ տնտեսական փոխազդեցության։
Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցներին՝ Դ․Պեսկովը նշել է․ «Իրանը առաջին տասնամյակը չէ, որ գտնվում է այս կամ այն պատժամիջոցների տակ։ Իրանը հարմարվել է դրան, որ զարգանա և բարձրացնի իր ժողովրդի բարեկեցությունը՝ չնայած բոլոր այդ սահմանափակումներին, որոնք, մեր խորին համոզմամբ, միջազգային իրավունքի տեսանկյունից բացարձակ անօրինական են։ Մենք նույնպես սովոր ենք պատժամիջոցներին։ Սխալ է կարծել, որ դրանք միայն վերջին 4 ամիսներում կիրառված պատժամիջոցներն են։ Դեռևս Խորհրդային Միության ժամանակներից մեր երկրի դեմ բազմաթիվ սահմանափակումներ են մտցվել, որոնց ընդհանուր քանակը չափվում է հազարներով։ Սակայն դա այն գինն է, որ մեր երկիրը և Իրանը վճարում են սեփական անկախության և ինքնիշխանության համար։ Մենք Ռուսաստանում ասացվածք ունենք․ «Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»։ Եվ ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն կառուցելու երկկողմանի համագործակցություն, որը մեզ թույլ կտա նվազագույնի հասցնել այդ երկկողմանի պատժամիջոցների վնասները»։
Պեսկովը նշել է, որ անցած տարի Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ծավալը գերազանցել է 4 մլրդ դոլարը․ «Թեև միգուցե ճիշտ չէ ԱՄՆ դոլարով հաշվելը։ Եվ ժամանակի ընթացքում, զարգացնելով բանկային և ֆինանսական ոլորտում համագործակցությունը, մենք վերջ կտանք այդ պրակտիկային։ Միայն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը աճել է 31%-ով։ Դա դրական դինամիկա է։ Եվ ես կարծոմ եմ, որ մենք, իսկապես, հնարավորություններ ունենք և՛ արդյունաբերության, և՛ տեխնոլոգիական, և՛ խաղաղ ատոմի ոլորտներում»։
Ըստ Պեսկովի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ կարելի է հասնել ավելի բարձր նշաձողի։ Նա իրատեսական է համարել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը մինչև 15 մլրդ դոլարի հասցնելը։
Պեսկովը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ պայմանագիր՝ նշելով, որ հունիսին Իրան կատարած այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանական կողմին է հանձնել պայմանագրի տեքստի իրենց տարբերակը, որը հավանության է արժանացել Իրանի ԱԳ նախարարի կողմից։
Ըստ Պեսկովի՝ հուլիսի 19-ին՝ Թեհրան այցի ընթացքում, Վ․ Պուտինը, բացի սիրիական հակամարտության կարգավորման հարցով «Աստանայի գագաթնաժողովին» մասնակցելուց, նաև հանդիպումներ է ունենալու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաև «տարածաշրջանային թեժ կետերը»։
Անդրադառնալով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամկետներին՝ Պեսկովը նշել է․«Կասկած չկա, որ հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն բանից հետո, երբ նրա բոլոր նպատակները կիրականացվեն։ Ռազմական գործողության համար հստակ ժամանակային շրջանակներ չկան»։
Իրանի և Ռուսաստանի օրինակով տեսնում ենք, որ ժամանակակից աշխարհում երկրները, որոնք հստակ գիտակցում են իրենց ազգային շահերը և հետևողական են սեփական անկախության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, պետք է պատրաստ լինեն որոշակի գին վճարելու դրա դիմաց։ Քանի որ սպառազինությունների մրցավազքի և ուժի՝ որպես միջազգային հարաբերությունների հիմնական գործոնի դարաշրջանում կեղծ խաղաղասիրական օրակարգով պետությունները պարտվում են՝ կորցնելով և՛ անկախությունը, և՛ ինքնիշխանությունը։ Վերջիվերջո, տեղին է հիշել հայտնի ասացվածքը. «Պատերազմի և խայտառակության միջև խայտառակությունն ընտրողը ստանում է և՛ պատերազմ, և’ խայտառակություն»: