Այս տարվա մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական կաբինետի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին․ «Շուտով կսկսենք նոր քայլեր մեր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու համար… Առաջն Աստված՝ այս գործողությունները կսկսվեն հենց մեր զինված ուժերը՝ հետախուզությունը և անվտանգության ուժերը ավարտեն պատրաստությունները»։
Հունիսի 2-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ռ․Թ․ Էրդողանի այս հայտարարությունը, նշել է․ «Անհանգստությամբ ընդունեցինք նման ուժային գործողության մասին հաղորդագրությունը։ Առանց Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարության համաձայնության՝ նման քայլը կնշանակի Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ուղղակի խախտում, այդ երկրում կառաջացնի լարվածության հավելյալ աճ։ Հույս ունենք, որ Անկարան կխուսափի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այդ էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացմանը»[1]։
Անդրադառնալով Սիրիա ներխուժման թուրքական պատրվակին՝ Մ․ Զախարովան նշել է․ «… Թուրք-սիրիական սահմանին վստահելի անվտանգություն կարելի է ապահովել միայն նրան հարող հատվածում Սիրիայի Արաբական Հանրապետության ուժային կառույցների զինծառայողների տեղակայմամբ։ Դա կլիներ Սիրիայի տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու մասին Անկարայի կողմից ոչ մեկ անգամ հնչած հայտարարությունների գործնական արտացոլումը»։
Մայիսի սկզբին միջազգային մամուլում լուրեր էին տարածվել, թե Ռուսաստանն իր զորքերը Սիրիայից փոխադրում է Ուկրաինա։ Հունիսի 12-ին Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալավ վերոնշյալ հայտարարություններին, նշել է․ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Սիրիայում և Ուկրաինայում ռուսական խմբավորումների միջև որևէ փոխկապակցվածություն չկա։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները և ունի համապատասխան ուժեր ու միջոցներ դրանց հասնելու համար։ Այլ խոսքերով՝ Սիրիայում ռուսական զորքերի քանակը, նրանց տեղակայումն ու տեղաշարժը երկրի ներսում որոշվում են բացառապես այս երկրում տիրող ռազմաքաղաքական խնդիրներով և որևէ այլ բանի հետ կապված չեն»[2] ։
Արդեն հունիսի 12-ին համացանցում լուրեր են հայտնվել, թե Ռուսաստանը զորքերը դուրս է բերում Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ քաղաքից, որտեղ Թուրքիան պատրաստվում է իրականացնել գործողությունը։
Հունիսի 15-ին ՌԴ նախագահի՝ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը չի ազդել Սիրիայում իրավիճակի նկատմամբ ուշադրության վրա․ «Շատերը ասում են, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրականացման հետ կապված Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայում իրավիճակին նվազել է։ Մի շարք եվրոպական երկրներում ցանկանում են տեսնել Սիրիայում իրավիճակի զարգացումը՝ ըստ իրենց շաբլոնի։ Ես ուզում եմ ասել, որ սիրիական կոնֆլիկտը և դրա կարգավորումը շարունակում են մնալ ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններում»[3]։
Խոսելով Անկարայի գործողության մասին՝ Ա․ Լավրենտևը նշել է․ «Մենք կարծում ենք, որ [գործողության իրականացումը] կլիներ ոչ խելամիտ քայլ, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը, լարվածության աճին և այդ երկրում զինված դիմակայության նոր փուլի»։ Ա․ Լավրենտևի խոսքով՝ Ռուսաստանը Սիրիայի հարցով Նուր-Սուլթանում կայանալիք բանակցություններում թուրք գործընկերներին կհորդորի ձեռնպահ մնալ այդ քայլից և լուծել ծագած մտահոգությունները կողմերի միջև երկխոսության միջոցով։
Նշենք, որ հունիսի 15-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Սիրիայի հարցով հերթական 18-րդ միջազգային հանդիպումը Աստանայի ձևաչափով, որը տևելու է 2 օր։ Օրակարգի կարևոր հարցերից մեկը Սիրիայի հյուսիսում նոր գործողություն իրականացնելու Անկարայի պլաններն են։
Հունիսի 13-ին թուրքական «Հյուրիեթ» թերթը հրապարակել է Սիրիայում Թուրքիայի նոր ագրեսիայի մեկնարկի հնարավոր ժամկետների մասին նյութ։ Ըստ թերթի` ագրեսիայի մեկնարկը կապված է Իրաքում ներկայումս Թուրքիայի կողմից իրականացվող «Ճանկ ու կողպեք» գործողության և Կուրբան Բայրամի՝ մուսուլմանական զոհաբերության տոնի ավարտի հետ, որն ընկնում է հուլիսի 9-12-ը։
[1] Ответ официального представителя МИД России М.В.Захаровой на вопрос СМИ, 02.06.2022, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/themes/id/1815837/ (հղվել է 15.06.2022 թ․)։
[2] Интервью Посла России в Сирии А.В.Ефимова сирийской газете «Аль-Ватан», 12 июня 2022 года, 14.06.2022, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/themes/id/1817687/ (հղվել է 15.06.2022 թ․)։
[3] Лаврентьев заявил, что спецоперация России на Украине не повлияла на внимание к Сирии, 15․06․2022, https://tass.ru/politika/14909237 (հղվել է 15.06.2022 թ․)։