Նորություններ

«Ռոսատոմը» զարգացնում է միջուկային համագործակցությունը Թուրքիայի հետ

21 / 07 / 2022

Ռուսական ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ «Ռոսատոմը», մտադիր է Թուրքիայում կառուցել Միջուկային գիտության և տեխնոլոգիաների կենտրոն և այդ հարցով բանակցություններ է վարելու Թուրքիայի հետ։ Այս մասին հուլիսի 20-ին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ»-ի  գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, ով գտնվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։

Ա․ Լիխաչովը մասնավորապես նշել է․ «Ես արդեն խոսել եմ ատոմային նախագծի խոշոր գիտական բարձր տեխնոլոգիական բաղադիչի մասին։ Մենք խոսակցություն ենք վարելու [թուրքական կողմի հետ] միջուկային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման մասին։ Դա շատ կարևոր իրավասություն է։ Այն թույլ կտա կիրառել միջուկային տեխնոլոգիաների ոչ միայն էներգետիկ, այլև մյուս առավելությունները՝ կապված նյութագիտության, միջուկային բժշկության, գյուղատնտեսության և շատ այլ ուղությունների հետ, որոնք բարելավում են մարդկանց կյանքի որակը»։

Հարցին, թե արդյոք Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմական էլեկտրակայան և ներգրավել «Ռոսատոմ»-ին, Լիխաչովը պատասխանել է, որ հաշվի առնելով ռուսական պետական կորպորացիայի հետ համագործակցության դրական փորձը՝ դա տրամաբանական կլիներ. «Այդ հարցով բանակցություններ ենք վարում Թուրքիայի կառավարության հետ։ Մենք այստեղ հնարավորություններ ենք տեսնում երկու ուղղություններով։ Առաջին հերթին դա նոր հարթակ տեղափոխվելն է։ Մասնավորապես Սինոփի տարածք, որը վաղուց որոշվել էր Թուրքայի կառավարության կողմից որպես հերթական տեխնոլոգիայի տեղակայման հնարավոր կետ։ Ինձ թվում է, որ հաշվի առնելով «Աքքույու» ԱԷԿ-ի փորձը՝ տրամաբանական կլիներ ներգրավել «Ռոսատոմ»-ին այդ տարածքի յուրացմանը»։ Սակայն, վերջնական խոսքը, ըստ նրա, Թուրքիայի ղեկավարությանն է։

2021թ․ նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր «Աքքույու» ատոմակայանից հետո երկրորդ և երրորդ ատոմակայանների շինարարության նախագծերը մեկնարկելու Թուրքիայի մտադրությունների մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը 2021թ․ին Սոչիում բանակցությունների ընթացքում քննարկել են նոր բլոկների կառուցման հավանականությունը։

Ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը ատոմակայաններ է կառուցում և սպասարկում տարածաշրջանի տարբեր երկրներում։ «Աքքույու»-ն Թուրքիայիում կառուցվող առաջին ատոմակայանն է։ Նախագիծը իրականացվում է 2010թ․-ի մայիսի 12-ին ՌԴ-ի և Թուրքիայի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով։ «Ռոսատոմ»-ը հանդիսանում է «Akkuyu Nuclear» ընկերության մեծամասնական բաժնետեր, որն իր վրա է վերցրել ատոմակայանի նախագծման, շինարարության, սպասարկման և շահագործման պարտավորությունները։ Ըստ կանխատեսումների՝ ատոմակայանը կբավարարի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջմունքի մինչև 10%-ը։ Առաջին էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2023թ․-ին։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թ․-ի հունիսի 8-ին Հայաստանի կառավարությունը հրաժարվել էր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից: Այդ մասին ԱԺ-ում հայտնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ հայկական կողմը որոշել է հրաժարվել ռուսական վարկից ու կիսատ մնացած աշխատանքներն ավարտել սեփական միջոցներով: Հայաստանի ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացվում էին Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Հաշվի առնելով, որ նորոգման աշխատանքները նախատեսվածից երկար էին տևել՝ ՀՀ կառավարությունը դիմել էր Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը՝ վարկային վճարումները մեկ տարով հետաձգելու խնդրանքով։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *