Չնայած բազմաթիվ հանգամանքներին և զգուշացումներին, այդ թվում՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի կողմից, ով նշել էր, որ այս որոշումը կդիտարկվի որպես «ծայրահեղ թնամական» ՌԴ-ի նկատմամբ՝ այսօր ՀՀ դե ֆակտո ԱԺ–ը 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը: Հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կունենա և ինչ կարժենա այս քայլը Հայաստանի Հանրապետության համար, «Հայկական ալիք»-ը զրուցել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, ով հանգամանալից ներկայացնում է հարցի իրավական և քաղաքական կողմերը.
«Նախ՝ իրավիճակն ունի երկու ասպեկտ՝ իրավական և քաղաքական: Հռոմի ստատուտը նույն Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն է, և Հռոմի ստատուտ անվանումը գալիս է այն հանգամանքից, որ 1998 թ.-ին այդ փաստաթուղթը ստորագրվել է Հռոմում: Հայաստանը 1999 թ.-ի հոկտեմբերին ստորագրել էր փաստաթուղթը, սակայն 2004 թ.-ին ՍԴ-ն այս փաստաթուղթը ճանաչել էր հակասահմանադրական, և փաստաթուղթը չէր վավերացվել:
Ըստ ՍԴ-ի՝ հակասահմանադրականության հիմքն այն էր, որ ՄՔԴ կանոնադրությունը վավերացնելու և դրա իրավազորության տակ հայտնվելու պարագայում մենք ունենում էինք վերպետական արդարադատությունն իրականացնող մարմին, իսկ Սահմանադրությունը հստակ սահմանում էր, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Այսինքն՝ հակասահմանադրականության մի հիմքն այն էր, որ դրսի միջազգային ատյանը, վերպետական մարմինը չէր կարող իրականացնել արդարադատություն մեր երկրի իրավազորությանը վերաբերող հարցերի հետ կապված, իսկ երկրորդը՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդիր էր առաջանում համաներում կիրառելու և ներում շնորհելու ընթացակարգերում, քանի որ կրկին ՄՔԴ կանոնադրությունը մի շարք բացարձակ իրավասություն սահմանող ընթացակարգեր ուներ:
Եվ այսպես, ի՞նչ տեղի ունեցավ: 2022 թ.-ից սկսվեց բարձրաձայնվել Հռոմի ստատուտի վավերացման հարցը: Եվ անկախ այն հանգամանքից, որ ՍԴ-ի կողմից նախկինում հակասահմանադրական ճանաչված միջազգային փաստաթղթերը չեն կարող ՍԴ-ի համար նորից քննության առարկա դառնալ՝ իշխող ուժը, պատճառաբանելով, որ ՍԴ-ն կարող է այս գործընթացը որպես նոր վարույթ ընդունել և իր աշխատանքային պատճառաբանված որոշման հիման վրա նորից այն քննության ընդունել, հաշվի առնելով նաև, որ ՍԴ-ի նախորդ որոշումից հետո երկու անգամ սահմանադրական փոփոխություններ են երկրում տեղի ունեցել, իրավունքի զարգացում է արձանագրվել և այլն՝ ընդունեց քննության: Ես գտնում եմ, որ դա տեղի ունեցավ հակաիրավական ճանապարհով: Եվ ինչպես ենթադրվում էր, այս անգամ՝ 2023 թ.-ին, դա սահմանադրական ճանաչվեց՝ անկախ այն հանգամանքից, որ սրա վերաբերյալ նաև հատուկ կարծիքներ ներկայցրին ՍԴ երեք դատավորներ՝ Խունդկարյանը, Թովմասյանը և Թունյանը: Նրանցից ամեն մեկն իր հատուկ կարծիքում մի խնդրահարույց կոմպոնենտի անդրադարձել է, թե ինչու պետք է, դիցուք, սահմանադրական չճանաչվեր և սահմանադրական ճանաչվելու պարագայում ինչ խնդիրներ կլինեն ՄՔԴ կանոնադրության հետ՝ մեր երկրի սահմանադրականության հարցի տեսանկյունից:
Շատ կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ բացի այն, որ ընթացակարգային առումով ՍԴ-ի քննության ենթարկելու հանգամանքն էր խնդրահարույց, այլև այն, որ մեր երկրում երկու անգամ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել: Կարևոր է ընդգծել, որ այն դրույթը, համաձայն որի՝ Հայաստանում արդարադատություն են իրականցնում միայն դատարանները՝ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, մնացել է անփոփոխ: Այն նույնությամբ կրկնված է, ինչպես 1995 թ.-ին ընդունված Սահմանադրության տեքստում: Այսինքն՝ այդ հիմնավորումներն էլ այդքան փաստարկված չեն: Իհարկե, լավ է մի կողմից, որ թե՛ միջազգային և թե՛ ներպետական բոլոր հնարավոր գործիքակազմերից օգտվենք: Եվ սա հերթական միջազգային կառույցն է, որին Հայաստանը կարող է դիմել հատկապես պատերազմական, ցեղասպանության, մարդկային հանցագործությունների համատեքստում, ինչը մեզ հետ հատկապես վերջին երեք տարիներին տեղի է ունեցել, և մենք փաստարկված ապացույցներ ենք ներկայացնում: Բայց դրան զուգահեռ՝ մյուս կողմից մենք ունենք նախ այն օրինակը, որ սկսած 44-օրյա պատերազմից՝ այդ նույն հանցագործությունները հավաստող ու դրանց վերաբերյալ դիմումներ ենք ներկայացրել ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, և այդ դիմումները բավարարվել են: Միջազգային արդարատության դատարանն Արցախի շուրջ 10 ամիս տևած բլոկադայի հետ կապված որոշում էր կայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ պարտադրելով բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը և ապահովել մարդասիրական օգնության տրամադրումը: Այդ որոշումն այդպես էլ մնաց անկատար: Ադրբեջանի կողմից այն քամահրական վերաբերմունքը, որով նա ընդհանրապես չէր արձագանքում այս միջազգային կառույցների կողմից ընդունված որոշումներին, որևէ գնահատանք ու հետևանք չունեցավ հենց այդ միջազգային կառույցների կողմից: Այսինքն՝ հարվածի տակ դրված է իրենց հեղինակությունը, խախտվել են իրենց գործունեության հիմքում ընկած ամենաանկյունաքարային ու հենարանային կարգավորումներն ու սկզբունքները: Իսկ Ադրբեջանը, դրանք չկատարելով, ոչ մի անգամ նույնիսկ չնչին պատժամիջոցի չենթարկվեց: Այս դեպքում, երբ նժարին դրված են լրջագույն գործընկերային, դաշնակցային հարաբերություններ, և գիտենք, որ վավերացման պարագայում մեզ համար ավելի վատ հետևանքներ են լինելու, ինչու՞ է ՀՀ իշխող ուժը գնում այս ճանապարհով, երբ նույնիսկ ՌԴ-ն շատ կոպիտ, շատ ծանր դիվանագիտական խոսույթով զգուշացրել է, որ սա ընկալվելու է որպես թշնամական քայլ: Ես սա որակում եմ որպես Հայաստանի կողմից դիվանագիտական տապալում և կրկին հակահայկական գործընթաց:
Այսպիսով, ինչու՞ է ՌԴ-ն այս ամենին այդքան կտրուկ արձագանքում: 2022 թ.-ին շուրջ երկու տասնյակ պետություններ դիմել էին ՄՔԴ՝ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հետ կապված պատերազմական հանցագործություններին գնահատանք տալու ընթացակարգեր մեկնարկելու կապակցությամբ: Դրան զուգահեռ Հայաստանում սկսվեց ստատուտի՝ քաղաքական խոսույթ մտցնելու և ՍԴ ներկայացնելու գործընթացը: Սա՝ առաջին: Երկրորդ՝ 2023 թ.-ի ապրիլին ՄՔԴ-ն արդեն միջազգային հետախուզում ու կալանքի կիրառում հայտարարեց ՌԴ նախագահի և նրան կից երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի նկատմամբ: Դա ենթադրում էր, որ բոլոր այն պետությունները, որոնք վավերացրել են ՄՔԴ կանոնադրությունը և գտնվում են դրա իրավազորության ներքո, պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին և նրան կից երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին, եթե նրանք այցելեն իրենց երկրներ:
Հայկական կողմը հիմնավորում էր, որ միջազգային իրավունքում կա, այսպես կոչված, նախագահի անձեռնմխելիության ինստիտուտ, որ իրենք Ռուսաստանի հետ հատուկ համաձայնագիր կնքելու առաջարկ են ներկայացրել, որ նրանց նկատմամբ այս ստատուտի իրավազորությունը տարածելուց բացառություններ կսահմանեն: Նախ՝ համաձայնագիր կնքելու փաստը Ռուսաստանը հերքել է՝ նշելով, որ իրենց նման թուղթ է ներկայացվելու, իսկ հայկական կողմն այդպես էլ չի ներկայացրել մեր հանրությանը, որ ուղարկվել են այդպիսի փաստաթղթեր: Իրենք պնդում են, թե այդպիսի առաջարկ եղել է: Ազնիվ կլիներ, որ ներկայացվեր, եթե, իհարկե, եղել է, որովհետև ես ինքս ուսումնասիրել եմ կանոնադրությունը, և նման համաձայնագրի հնարավորություն և իրավական հիմք, ըստ էության, բացակայում են, և հղումը, որ արվում է կանոնադրության 96-րդ կետին, ավելի շատ մեկնաբանելի է ՄՔԴ-ի համար հեշտացված ընթացակարգեր ստեղծելու, պետությունների կողմից նրանց որոշումներն ի կատար ածելու տեսանկյունից, ոչ թե հակառակը՝ ինչ-որ անձանց ու պաշտոնյաների օգնելու՝ որպիսի խուսափեն այդ մարմնի կողմից ընդունված որոշումների իրագործվելուց:
Իսկ ինչ վերաբերում է անձեռնխելիությանը՝ դրա հենց նախադեպն ունենք: 2023 թ.-ի ապրիլին այդ հետախուզումը հայտարարվեց, դրանից հետո ՀԱՀ-ում պետք է տեղի ունենար ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին պետք է ներկայանար ՌԴ նախագահը, իսկ ՀԱՀ-ը բավականին զարգացած երկիր է, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետություն է, որտեղ կան և՛ միջազգային իրավունքի բավականին լուրջ մասնագետներ, և՛ լուրջ փորձագիտական համայնք: Եվ իրենք հորդորեցին Ռուսաստանի նախագահին չմեկնել իրենց պետություն, որովհետև նշել էին, որ չեն կարող երաշխավորել նրան չձերբակալելու հանգամանքը, քանի որ ՀԱՀ-ը վավերացրել է Հռոմի ստատուտը և գտնվում է ՄՔԴ-ի իրավազորության ներքո: Այսինքն՝ ևս մեկ փաստ է գալիս պնդելու, որ նման համաձայնագրի հնարավորություն եթե լիներ, ամենայն հավանականությամբ, իրենք կօգտվեին դրանից:
Եվ, վերջապես, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը չեն վավերացրել այս կանոնադրությունը: Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը չեն գտնվում ՄՔԴ-ի իրավազորության ներքո: Հետևաբար՝ այս մարմնի կողմից ընդունված ակտերը որևէ էական գործիքակազմ չեն հանդիսանալու նրանց վրա ազդելու համար:
Իսկ մեր իշխող ուժը ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու փոխարեն անհասկանալի կերպով սրում է ՌԴ-ի հետ հարաբերությունները: Մինչ ստատուտի վավերացումը մեր երկրի ղեկավարի կինն այցելում է Ռուսաստանի դեմ պատերազմող երկիր՝ Ուկրաինա: Հաշվի չառնելով ՌԴ-ի կողմից բազմաթիվ ուղիղ և ծանր նախազգուշացումները, որ այդ փաստաթղթի վավերացումն իրենց կողմից ընկալվելու է որպես թշնամական քայլ, սակայն հաշվի առնելով, որ մեր թշնամի պետությունները չեն գտնվում ՄՔԴ իրավազորության ներքո, հաշվի առնելով, որ միջազգային կառույցների կողմից ընդունված հայամետ որոշումների ու փաստաթղթերի՝ Ադրբեջանի կողմից անկատար մնալու դեպքում որևէ լրջագույն ընթացակարգ տեղի չի ունենում, ինչպես նաև հաշվի առնելով, որ, ըստ էության, ՌԴ-ի հետ արդեն վատթար հարաբերություններ ունենք, Հռոմի ստատուտն, այնուամենայնիվ, վավերացվում է:
Այս քայլը հակահայկական է, նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել դրա առնչությամբ: Չպետք է մոռանանք նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել են նաև այս իշխանության անփութության, ինչու չէ, նաև դիտավորության և դիվանագիտական գործընթացները տապալելու հետևանքով: Իհարկե, սա նաև ռուսական կողմի տապալումն է, քանի որ նրանց խաղաղապահների պատասխանատվության գոտում Արցախում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, որովհետև կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, համաձայն որի՝ իրենց խաղաղապահ զորքերը պետք է այդ փաստաթղով նշված իրավիճակն Արցախի Հանրապետությունում պահպանեին գոնե մինչև 2024 թվականը, բայց իրենց առաքելությանը հավատարիմ մնալ չկարողացան: Սա էլ իրենց տապալումն է, սակայն մեր պետությունը շարունակում է տարբեր հարցերով կախում ունենալ Ռուսաստանից. այնտեղ հսկայական հայկական համայնք ունենք, ՌԴ-ն տնտեսական տեսանկյունից լրջագույն լծակներ ունի մեր նկատմամբ, և այս պայմաններում թշնամական հարաբերությունների ձևավորումը լրջագույն հարված է առաջին հերթին մեր հասարակությանը: Որովհետև պատկերացրե՛ք, օրինակ, եթե գազի և լույսի արժեքներն էականորեն բարձրացվեն և այլ տնտեսական ու սոցիալական պայմաններ բարդացվեն, բնականաբար, դրա պատասխանատուն լինելու է իշխանությունը, իսկ հետևանքները կրողները՝ մենք՝ հայ հանրությունն ու հասարակությունը»: