Վերլուծություն

Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունն Աֆրիկայում

28 / 08 / 2023

Աֆրիկայի և աֆրիկյան պետությունների մասին համեմատաբար ավելի սակավ է խոսվում, սակայն այս տարածաշրջանում նույնպես ընթանում են շատ կարևոր քաղաքական գործընթացներ: Ավելին, այս մայրցամաքը ևս հանդիսանում է Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կետ, և աշխարհագրորեն Աֆրիկայից հեռու աշխարհաքաղաքական մի շարք կարևոր գործընթացներ հասկանալու համար պետք է և պարտադիր է ուսումնասիրել այս տարածաշրջանը ևս:

Ներածություն

Վերջին տասնամյակում գնալով ավելի է մեծանում հատկապես Աֆրիկայի երկրների դերը համաշխարհային քաղաքականության մեջ։ Այն երկրները, որոնք դեռևս 20-րդ դարի սկզբին, այնուհետև Սառը պատերազմի տարիներին և 21-րդ դարի սկզբին համարվում էին երրորդ աշխարհի երկրներ, այժմ իրենցից ներկայացնում են բավականին մեծ պոտենցիալով, ինքնուրույն երկրներ։ Մեծ խաղացողներն, իհարկե, նկատում են այս ամենը և այժմ փորձում են հաճոյանալ աֆրիկյան երկրներին՝ իրենց ազդեցության գոտիների շրջանակներն ընդլայնելու նպատակով։

Աշխարհաքաղաքական իրավիճակն Աֆրիկայում

Արևմուտքի քաղաքականությունն Աֆրկայում շատ հաճախ անվանում են նեոգաղութատիրական, և դա վերջին տարիներին Աֆրկայում նույնպես սկսեցին հասկանալ։ Արևմուտքը միշտ փորձել է պահպանել իր տնտեսական և մշակութային ազդեցությունն Աֆրկայում, սակայն աֆրիկյան երկրների պատմական հիշողությունը` դեռ գաղութատիրական, այնուհետև մանդատային կառավարման ժամանակներից, չի կորել և գրեթե բոլոր աֆրիկյան երկրները մշտապես շատ զգուշորեն են հաղորդակցվել Արևմուտքի՝ մասնավորապես Միացյալ Նահանգների հետ։

21-րդ դարի վերջին տասնամյակում Աֆրիկան շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև Ռուսաստանի մոտ։ Հատկապես ԱՄՆ-ի Լիբիա ներխուժումից հետո Աֆրիկայում սկսեցին Ռուսաստանի մեջ տեսնել այն ալտերնատիվը, որի հետ միասին կարող էին պայքարել արդեն պոստնեոգաղութատիրական Արևմուտքի դեմ։ Ռուսաստանն սկսեց օգնել Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրներին պայքարել ահաբեկչությունների դեմ, խորացրեց հարաբերությունները հատկապես Հարավաֆրիկյան Հանրապետության և Եթովպիայի հետ, ռազմական համագործակցություններ ձևավորեց Եգիպտոսի և Ալժիրի հետ՝ այդպիսով փոխելով աշխարհաքաղաքական իրավիճակն Աֆրիկայում։

Հարկ է նշել, որ իրենց ազդեցության գոտիները փորձում են նաև Աֆրիկայում տարածել այլ շատ լուրջ խաղացողներ ևս, ինչպիսիք են Չինաստանը և Թուրքիան։

Աֆրիկան ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում

Ուկրաինայում ռազմական գործողություններն սկսվելուն պես աֆրիկյան շատ երկրներում ցույցեր սկսվեցին Ռուսաստանի օգտին: Եվ չնայած այդ ցույցերին մասնակցող մարդկանց սակավաթվությանը՝ այնուամենայնիվ, դրանք իրենցից արդեն ինչ-որ ցուցանիշ էին ներկայացնում։ 2020թ․ մարտին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկություն էր անցկացվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշման համար, աֆրիկյան մի շարք երկրներ չմասնակցեցին այդ քվեարկությանը, իսկ որոշներն անգամ դեմ արտահայտվեցին։

Աֆրիկյան շատ երկրներում ռուս-ուկրաինական հակամարտությունը հիմնականում ընկալվում է որպես միջնորդավորված պատերազմ (proxy war) Ռուսաստանի և Հավաքական Արևմուտքի մեջ, և այս պայմաններում Աֆրիկայի նման դիրքորոշում ունենալը  պայմանավորված է հենց քիչ առաջ նշված իրենց պատմական հիշողության հետ: Բացի այդ, Աֆրիկայի համար շատ կարևոր է պահպանել Ռուսաստանի հետ համագործակցությունը տնտեսական և անվտանգության ոլորտներում։

Չնայած նրան, որ Ռուսաստանն այժմ գտնվում է գերլարված վիճակում և պատժամիջոցների տակ է, այդուհանդերձ շարունակում է մշտապես հաղորդակցության մեջ լինել Աֆրիկայի հետ և զարգացնել համագործակցությունը, սակայն արդեն որոշակի դժվարություններով։ Անվտանգային հարցերում և ահաբեկչությունների դեմ պայքարում շատ մեծ է ռուսական ռազմական մասնավոր ընկերությունների դերը, որոնք մինչ օրս օգնում են աֆրիկյան երկրներին։ Տնտեսական հարցերում Ռուսաստանը շարունակում է Աֆրիկայում շատ ակտիվ իրականացնել իր ներդրումային ծրագրերը և փորձում է ընդլայնել առևտրի ոլորտը։

Հարաբերությունները շարունակում են նաև զարգանալ հումանիտար ոլորտում։ Վերջին տարիներին մեծանում է աֆրիկյան տարբեր երկրներից տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակներում Ռուսաստան ժամանած ուսանողների քանակը։ Ռուսաստանի մի քանի դպրոցներում այս տարվանից կրթական ծրագրում ներառվել են աֆրիկյան լեզուների ֆակուլտատիվ դասընթացներ, և այս հանգամանքն, իհարկե, ունենում է իր ազդեցությունը տարածաշրջանի և Ռուսաստանի միջև հումանիտար հարաբերությունների զարգացման վրա։

Ո՞վ է հաղթում Աֆրիկայում

Այժմ մեծ խաղացողների համար Աֆրիկան դարձել է արտաքին քաղաքականության շատ կարևոր ուղղություններից մեկը։ Ասել, թե ով է հաղթում Աֆրիկայում շատ դժվար է, քանի որ բացի Ռուսաստանից և Արևմուտքից Աֆրիկայում կա ևս մեկ շատ լուրջ խաղացող՝ Չինաստանը։ Այնուամենայնիվ, այս մայրցամաքի կարևորությունը գնալով մեծանում է համաշխարհային քաղաքականության մեջ։

Այս մայրցամաքի երկրները հասկանում են այս պայքարը և գիտակցում առկա սպառնալիքները։ Այդ իսկ պատճառով աֆրիկյան երկրները, միևնույն է, շարունակում են զգուշորեն շփվել այն բոլոր մեծ խաղացողների հետ, որոնց հետ համագործակցում են։ Նրանք նաև ստեղծել են տարբեր հարթակներ միմյանց միջև հաղորդակցություններն ավելի ինտենսիվ դարձնելու համար՝ այդպիսով նաև ցույց տալով իրենց ինքնուրույնությունը։ Այդպիսի հարթակներից է, օրինակ, Աֆրիկյան միությունը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Արևմուտքի պայքարին, ապա կարելի է ասել, որ չնայած ռեսուրսների առումով Արևմուտքի առավելությանը՝ Ռուսաստանի հեղինակությունն Աֆրիկայում այս պահին ավելի բարձր մակարդակի վրա է։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը հաղթել է, քանի որ ազդեցության գոտիների ընդլայնման պայքարը դեռ ընթանում է, և այդ պայքարին միանում են արդեն այլ խոշոր խաղացողներ ևս։

Ամփոփում

Դարեր շարունակ Աֆրիկան գերտերությունների համար եղել է շատ կարևոր նշանակություն ունեցող մայրցամաք՝ հարուստ բնական ռեսուրսներով, և այժմ էլ շարունակում է այդպիսին մնալ, սակայն՝ պայմանների որոշակի փոփոխություններով։ Եթե առաջ գերտերությունները կոշտ ուժով էին տիրանում այս մայրցամաքին, ապա հիմա այստեղ տարածվում է հիմնական խաղացողների փափուկ ուժը։ Աֆրիկայում այժմ գոյություն ունի հիսունհինգ ինքնիշխան պետություն, որոնց հետ բոլորը փորձում են գտնել համագործակցության համար ընդհանուր նպաստավոր եզրեր բոլոր ոլորտներում՝ տնտեսականից մինչև ռազմական, հումանիտարից՝ իրավական։ Սա նաև կարող է աֆրիկյան երկրների համար արագ զարգանալու շատ լավ հնարավորություն դառնալ, և շատերն արդեն իսկ այդ զարգացման ճանապարհին են։ Կան նաև երկրներ, որոնք համաշխարհային շատ հարցերում արդեն ունեն որորշիչ ձայն։ Այդպիսի երկրներից են, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու Եգիպտոսը։

Աֆրիկան հատկապես վերջին տարիներին շատ է փոխվել, և այժմ գերտերությունները շատ հարցերում ստիպված են հավասարը հավասարին հաշվի նստել աֆրիկյան որոշ երկրների հետ։ Սա աֆրիկյան պետությունների համար 21-րդ դարի ամենամեծ ձեռքբերումներից է։

Գոռ Պլուզյան

 

Related Posts