
Հուլիսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանը վետո է կիրառել Սիրիային հումանիտար օգնություն հասցնելու համար «Բաբ ալ-Հավա» հսկիչ անցակետի գործողության ժամկետը 1 տարով երկարաձգելու հետ կապված Իռլանդիայի և Նորվեգիայի բանաձևի նախագծի դեմ։ Այդ անցակետի միջոցով օգնությունը Թուրքիայի տարածքով հասցվում էր Իդլիբ։ Ռուսաստանը դեմ է քվեարկել բանաձևին, ԱԽ անդամ մյուս բոլոր երկրները՝ կողմ, իսկ Չինաստանը ձեռնպահ է մնացել։
Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող «Բաբ ալ-Հավա» հսկիչ անցակետի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 10-ին։ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները կոչ են անում երկարաձգել անցակետի աշխատանքը։ Ընդ որում, համաձայն մեկ տարի առաջ ընդունված բանաձևի՝ սահմանային անցակետի պահպանման պայմաններից մեկը հումանիտար օգնության մատակարարումների ավելացումն էր Սիրիայի ողջ տարածքի հետ շփման գծերի միջոցով, այլ ոչ թե արտասահմանից։ Ռուսաստանը բազմիցս նշել է այս պայմանավորվածության չիրականացման մասին։
Իռլանդիայի և Նորվեգիայի պատրաստած բանաձևի նախագիծը նախատեսում էր անցակետի աշխատանքի երկարաձգում հուլիսի 10-ից մինչև 2023 թ։-ի հունվարի 10-ը, այնուհետև՝ ևս կես տարով։ Ռուսաստանը պատրաստել է այլընտրանքային նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է երկարաձգել անցակետի աշխատանքը մինչև 2023թ։-ի հունվարի 10-ը, որը հետագայում երկարաձգելու համար անհրաժեշտ կլինի ընդունել ԱԽ լրացուցիչ բանաձև։
Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, ելույթ ունենալով ԱԽ նիստի ընթացքում, հայտարարել է։ «Քվեարկության դրված փաստաթուղթը առաջին հերթին անտեսում էր Դամասկոսի շահերը, որն էլ հենց պետք է լինի բանաձևի գլխավոր շահառուն»։ Ըստ դիվանագետի՝ Իռլանդիայի և Նորվեգիայի նախագծում անտեսվում է այն փաստը, որ ԱԽ-ը և ընդհանրապես ՄԱԿ-ը «ի վիճակի չեն եղել իրականացնել այն խնդիրները, որոնց լուծման վրա [ԱԽ անդամները] միաձայն համաձայնել են աշխատել»։ Դա առաջին հերթին վերաբերում է երկրի հյուսիս-արևելք ներսիրիական երթուղիներով մատակարարումների կարգավորմանը։ Ըստ Դ․ Պոլյանսկու՝ դեմ քվեարկելով ռուսական բանաձևի նախագծին՝ արևմտյան երկրներն իրենք թաղեցին այդ մեխանիզմը և ցույց տվեցին իրենց վերաբերմունքը սիրիացիների ակնկալիքներին։
Հարևան երկրներից սահմանային անցակետերով Սիրիային հումանիտար և բժշկական բեռների հեշտացված մատակարարման ռեժիմը գործում է 2014 թ․-ից և երկարաձգվում է ամեն տարի։ Այդ մեխանիզմը հնարավորություն էր տալիս ՄԱԿ-ի հումանիտար կառույցներին և նրանց գործընկերներին օգտվել առճակատման գծերով անցնող երթուղիներից և 4 սահմանային անցակետերից, որոնցից 2-ը գտնվում են Թուրքիայի և Սիրիայի, 1-ը՝ Սիրիայի և Իրաքի, 1-ը՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին։ Երբ սիրիական բանակն սկսեց վերահսկողություն հաստատել ավելի շատ տարածքների վրա, Դամասկոսը և Մոսկվան սկսեցին հանդես գալ սահմանային անցակետերի աստիճանական կրճատման օգտին: