Արցախ, Էսսե

Ո՞վ կլուծի Բաքու գերեվարված հայ ղեկավարների վրեժը

15 / 12 / 2023

2023 թ․ Արցախյան 4-րդ պատերազմի արդյունքում Ադրբեջանն առժամանակ հասավ իր ցեղասպանական նպատակներին՝ բռնի հայաթափելով Արցախը և ի լուր աշխարհի հայտարարելով արցախյան հարցի ավարտի մասին։

«Ցեղասպանություն» և «ցեղասպանական» բառերն այս համատեքստում օգտագործված են իրենց ամենաիսկական իրավական իմաստով՝ զերծ որևէ ուռճացումից կամ այլաբանությունից։ Ըստ որում՝ «քաղաքակիրթ ցեղասպանության» կողքին, ինչպես տեղի ունեցածը փորձում է ներկայացնել Ադրբեջանը՝ ստելով, թե արցախցիներն իրենց հոժար կամքով են դուրս եկել երկրամասից, գործ ունենք նաև ցեղասպանության ամենաեղերական դրսևորումների հետ, որպիսիք են մոր աչքերի առաջ մանկահասակ երեխայի սպանությունը, ամբողջ գյուղերի կենդանի բնաջնջումը և էլիտայի գլխատումը։ Սույն հոդվածի շրջանակներում անդրադառնալու ենք հենց վերջին՝ էլիտայի գլխատման/գերեվարման կետին՝ որպես Հին աշխարհից եկող և, ինչպես տեսնում ենք, մինչ օրս գործադրվող պատերազմական քայլ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից գերեվարվել և ներկայումս Բաքվում հալածվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ նրանք, որ կանգնած են արցախյան շարժման, պատերազմի կազմակերպման և բանակաշինության ակունքներում, որոնց կենսագրությունն ու անցած ճանապարհն անխզելիորեն կապված են Արցախի ու արցախակերտման հետ։ Այդ անձանցից են Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ով Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ եղել է Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակներից մեկի հրամանատարը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը՝ 1-ին պատերազմի ժամանակ համապատասխանաբար թիկունքի պետ և արտաքին գործերի նախարար, և զորահրամանատարներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը։

Սկսած հայոց գերեվարյալ արքա Արտավազդ Բ-ից, մինչև Ադոլֆ Հիտլեր, որի գանգի մասունքներն ամենայն հետևողականությամբ գերեվարվել և պահվում են Մոսկվայում՝ երդվյալ թշնամու առաջնորդի սպանությունը կամ գերեվարումը հայտնի է հայոց և համաշխարհային պատմությանը։ Այս երևույթի բացատրությունը բավականին պարզ է․ սա պատժի արքետիպ է, որի նպատակը գլուխը կտրելու միջոցով մնացյալ մարմինն անշարժացնելն ու հպատակեցնելն է։ Այսպիսի վկայություններ են պահպանվել նաև կրոնական տեքստերում, ինչպես օրինակ՝ Աստվածաշնչում, որի հերոսներից Հեսու արքան՝ Հրեաստանի 16-րդ թագավորը, մինչև վերջ հետապնդում և սպանում է իր թշնամի հինգ թագավորներին «և նրանց հինգին էլ կախեց ծառերից, և նրանք կախված մնացին ծառերից մինչև երեկո» (Հեսու 10.26)։

Ահա այս խորքային հիմնապատճառն է, որ բացատրում է Ադրբեջանի այդչափ հետևողականությունը հայոց արցախյան էլիտային հետապնդելու և գերեվարելու հարցում։ Սրանով ավարտվում է մեր պատմության զուտ նկարագրողական-բացատրական մասը։ Կարդալով շարունակությունը՝ Դուք կիմանաք, թե «առակս զինչ ցուցանէ»։

1112 թվականին Կիլիկիայի հայոց իշխան Թորոս Ա-ն արշավում է Կնդրոսկավիս ամրոցի վրա, որ պատկանում էր հայոց վերջին շահնշահ Գագիկ Բ-ին սպանած հույն իշխան Մանդալեի որդիներին։ Հենց այդ ամրոցում էր եղերական մահկանացուն կնքել հայոց վերջին թագավորը։ Մանդալեի որդիները խաբեությամբ հյուրընկալել էին նրան, ապա սպանել և աղեղի լարով խեղդամահ արել՝ մարմինը մեկ օր կախելով Կնդրոսկավիս ամրոցի պարսպից։ Հայոց իշխաններն այդ ժամանակ փորձել էին արշավել չարաբաստիկ ամրոցի դեմ, սակայն անառիկության պատճառով հաջողություն չէին ունեցել և հետ էին վերադարձել։ Դա 1080 թ․-ն էր։

Եվ ահա 32 տարի անց Թորոս իշխանն է արշավում այդ ամրոցի դեմ և չարաչար տանջելով սպանում բոլոր երեք եղբայրներին։ Նախքան սպանվելը եղբայրներից մեկը համարձակվում է լրբորեն հանդիմանել Թորոսին․ «դու Հայ մարդ ես, եւ մեք՝ Հոռոմ իշխանք, զի՞նչ կամիս պատասխանի տալ հոռոմոց թագաւորին, որ դատես զՀոռոմ մարդ», ինչին զայրացած հայ իշխանը պատասխանում է․ «ո՞վ էիք դուք, որ զայր հզօր եւ զօծեալ թագաւորն հայոց սպանանէիք, եւ կամ զի՞նչ պատասխանի ետուք ազգին հայոց»։ Այնուհետև Թորոս իշխանը հրամայում է, որ իր մոտ բերեն Գագիկ թագավորի թուրն ու հանդերձները և սկսում է դառնորեն արտասվել դրանց վրա…

Այս պատմությունն ազգային էլիտայի շարունակականության և ժառանգականության մասին է՝ որպես ինքնին ազգի տևականության և ժամանակի մեջ հաջորդական քաղաքական դիմագիծը պահելու դրսևորում։ Մյուս կողմից՝ այս պատմությունը նաև լեգիտիմության մասին է։ «Ինչո՞ւ ես հենց դու հայոց իշխանը» հարցը գտնում է հիմնավոր պատասխան՝ «որովհետև ես եմ վրեժ լուծել հայոց շահնշահի սպանության համար»։ Պատահական չէ, որ Թորոս իշխանից առաջ ուրիշները ևս փորձել էին դա անել։ Ինքը՝ Թորոսը, ուներ շարունակականությամբ պայմանավորված լեգիտիմության այլ աղբյուր ևս․ իր պապը եղել էր Գագիկ Բ-ի զինվորներից։ Սակայն այդ պարզ «մեխանիկական» հաջորդականությունից զատ պետք էր նաև հատուցման մեխանիզմի գործարկմամբ ցույց տալ, որ ինքը հայոց Բագրատունիների իշխանության կրողն ու շարունակողն է, ըստ այդմ՝ համընդհանուր հայոց իշխանության շառավիղը։

Մեր գիտահրապարակախոսական ակնարկն ավելի քան թափանցիկ ստացվեց։ «Ո՞վ պետք է լինի ապագա առաջնորդը» հարցի պատասխանի փնտրտուքները չպետք է շրջանցեն գերեվարյալ հայ իշխանների ու զորականների համար արդար հատուցման, նրանց ազատագրման, ինչպես նաև գերեվարման մեղավորներին ու պատասխանատուներին պատժելու թեմաները։ Անկախ նրանից, թե այսօր հասարակության որ շրջանակներում և ինչ չափով է գիտակցվում այն հանգամանքը, որ խոսքի առարկա անձանց՝ Բաքվում գերեվարված լինելը հարված է հայկական ազգային արժանապատվությանը և հայկական պետական իշխանության գաղափարին՝ ազգային նոր էլիտա լինելու հավակնություն ունեցող ուժերը պարտավոր են բազմապատիկ անգամ ավելի շատ հասկանալ և բազում քայլեր ավելի առաջ կանխատեսել այն, ինչ պարտավոր են անել՝ պատասխանատվություն ունենալով հայոց անցյալ, ներկայի և գալիք պատմությունների առաջ։

Ի վերջո այդ երանելի ապագա առաջնորդը պետք է իրապես այնքան երանելի լինի, որ կարողանա Թորոս իշխանի պես մեր թշնամիներին ասել՝ «ո՞վ էիք դուք, որ հայոց ղեկավարներին գերի առնեիք, և ի՞նչ պատասխան եք տալու հայ ազգին»…

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյան

Related Posts