Արցախ

Լրանում է Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման 33-ամյակը

01 / 12 / 2022

Ուղիղ 33 տարի առաջ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստում կայացվեց Հայաստանն ու Արցախը վերամիավորելու պատմական որոշումը։

Ինչի՞ մասին էր փաստաթուղթը

Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած փաստաթղթում ասվում էր, որ այն հիմնված էԱրցախի ինքնորոշման վրա, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ժողովրդական պատգամավորների խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-իորոշումների վրա։

Նշենք, որ առաջին փաստաթղթում Արցախի լեգիտիմ և դեռևս սովետական ​​խորհրդարանը դիմել էր հայկական և ադրբեջանական ԽՍՀ իշխանություններին, ինչպես նաև ԽՍՀՄ իշխանություններին՝ խնդրանքով հաշվի առնել Արցախի հայ ժողովուրդի կամքը և ինքնավար մարզը ադրբեջանական ԽՍՀ-ից փոխանցել հայկական ԽՍՀ-ին։ 1988 թվականի հուլիսի 12-ին Արցախի խորհրդարանը որոշում ընդունեց Ադրբեջանական ԽՍՀ-ից ինքնավավար մարզի անջատման մասին։

Ինչպես նաև, Հայաստանի Գերագույն խորհուրդը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ճանաչել է Արցախի Ազգային խորհրդի լեգիտիմությունը, որն ընտրվել է 1989 թվականի օգոստոսի 16-ին շրջանի լիազոր ներկայացուցիչների համագումարում։ Փաստաթղթում ասվում էր, որ Հայաստանն ու Արցախը պատրաստվում են ստանձնել Հյուսիսային Արցախի, Շահումյանի շրջանիև Գետաշենի ենթաշրջանի հայության ազգային շահերը ներկայացնելու պատասխանատվությունը։

Պատմական կոնտեքստ

Այն բանից հետո, երբ 1921 թվականին Հայկական Արցախը ապօրինաբար ընդգրկվեց ԱդրԽՍՀ-ի կազմում, արցախահայությունը չդադարեց պայքարը Հայաստանի հետ վերամիավորվելու համար։ Դա պայմանավորված էր ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու ցանկությամբ, այլեւ Ադրբեջանի ղեկավարության կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացվող լուրջ ճնշումներով։

Արցախահայությունը դիմել է խորհրդային իշխանություններին՝ 1946 թվականին Հայրենական մեծ պատերազմից հետո՝ ինքնավար մարզը Հայաստանին փոխանցելու խնդրանքով։ Օգտվելով խրուշչովյան «ձնհալի» հնարավորություններից՝ 1963-ին հավաքվել է Արցախի մտավորականության ներկայացուցիչների 2500 ստորագրություն, իսկ 1965-ին՝ արդեն 45000 ստորագրություն։ 1977-ին նույնատիպ նախաձեռնություն տեղի ունեցավ՝ կապված ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների հետ և այլն։

1987 թվականին «Գորբաչովյան պերեստրոյկայի» հռչակումից հետո Արցախում 80.000 ստորագրություն է հավաքվել՝ ինքնավար մարզը Հայաստանին փոխանցելու խնդրանքով։ Եվ վերջապես, 1988 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ պատմական իրադարձություն՝ Արցախի ժողովրդական պատգամավորների խորհուրդը պաշտոնապես դիմեց Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ ղեկավարությանը, ինչպես նաև ԽՍՀՄ իշխանություններին՝ նույն պահանջով։

Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժել են, իսկ Հայաստանի Գերագույն խորհուրդը դրական է պատասխան տվել։ Դրանից հետո՝ 1988 թվականի հուլիսի 12-ին, Արցախի խորհրդարանը հայտարարեց ԼՂԻՄ-ից դուրս գալու մասին։

1989 թվականի հունվարի 12-ին ԽՍՀՄ իշխանությունները ստեղծեցին ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեն՝ դրանով իսկ հանելով այն Բաքվի անմիջական ենթակայությունից,սակայն լուծարեցին տեղական կառավարման մարմինները` ներառյալ Ժողովրդական պատգամավորների խորհուրդը։ Այդ իսկ պատճառով 1989 թվականի օգոստոսի 16-ին ստեղծվեց Արցախի Ազգային խորհուրդը։

1989 թվականի սեպտեմբերի 17-ին ԱդրԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց սահմանադրական օրենք, ըստ որի հանրապետությունը հռչակեց ինքնավար միավորներ ստեղծելու և վերացնելու իրավունքը։ Արդեն 1989 թվականի սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց պետական ​​ինքնիշխանության և խորհրդային օրենքների նկատմամբ հանրապետական ​​օրենքների գերակայության մասին։ ԱԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանի որոշմամբ վերացվեց Շահումյանի հայկական շրջանը։

1989 թվականի նոյեմբերի 28-ին խորհրդային իշխանությունների որոշմամբ լուծարվեց Հատուկ կառավարման կոմիտեն։ Ենթադրվում էր, որ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները «ԼՂՀ-ի հետ պարիտետային հիմունքներով կստեղծեին» հանրապետական ​​կազմկոմիտե և կվերականգնեին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործկոմի գործունեությունը։ Սակայն ԱդրԽՍՀ ղեկավարությունը չի կատարել խորհրդային իշխանությունների որոշման մեջ պարունակվող այս և մի շարք այլ էական պահանջներ։ Արդյունքում ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստն ինքնուրույն հայտարարեց իր գործունեության վերսկսման մասին և չճանաչեց կազմկոմիտեն։

Արցախում շարունակվող բախումների, Կիրովաբադի (Գանձակ) և Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի (բացառությամբ Շահումյանի շրջանի և Գետաշենի) հայ բնակչության տեղահանության պայմաններում, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը կայացրեց պատմական որոշումը։

Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի վերաբերմունքը Արցախին վերամիավորվելու որոշմանը

Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայոց համազգային շարժումը», որը հետագայում դարձավ Հայաստանում իշխող կուսակցություն, և ինքը՝ ապագա նախագահը, դեմ էին նման փաստաթղթի ընդունմանը` համարելով, որ այն ինքնորոշման հարթությունից խնդիրը տեղափոխում է Հայաստանի՝ Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին հարթություն։ 

Չնայած դրան, փաստաթուղթն ընդունվել և ստորագրվել է ինչպես Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահող Հրանտ Ոսկանյանի (որը լինելով կոմունիստ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, այդ պաշտոնը զբաղեցնում էր 1985 թվականից), այնպես էլ Արցախի Ազգային Խորհրդի նախագահող Վաչագան Գրիգորյանի կողմից։

1989 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանագրի կատարումը

Ինչպես վերը նշվեց, Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն ընդհանուր առմամբ դեմ էին Հայաստանն ու Արցախը վերամիավորելու որոշմանը։ Այսպիսով, 1989 թվականի մայիսին Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո ԵՊՀ-ում տեղի ունեցավ ՀՀՇ համագումարը, որտեղ գերակշռում էր այն տեսակետը, որ սխալ է գնալ «Միացման» կամ միավորման, փոխարենը անհրաժեշտ էր գնալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանապարհով։

1990 թվականի օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ։ Օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության Հռչակագիրը, որտեղ դեռևս հզոր Արցախյան շարժման շնորհիվ անդրադարձ կատարվեց ինչպես դեկտեմբերի 1-ի Արցախին վերամիավորվելու որոշմանը, այնպես էլ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ 

Սակայն արդեն 1991-ին, հզորացնելով իր իշխանությունը, Տեր-Պետրոսյանին հաջողվեց առաջ քաշել իր գիծը։ Այսպիսով, 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշումէ ԽՍՀՄ-ից անկախանալու հանրաքվե անցկացնել Հայաստանում՝ չնշելով Արցախը։

Ստանալով ՀՀՇ իշխանություններից հստակ ազդանշան, որ պաշտոնական Երևանը չի կատարի դեկտեմբերի 1-ի որոշումը, և Արցախը պետք է ինքնորոշվի առանձին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը։ Այնուհետև, Լևոն Տեր-Պետրոսյանը զգալիորեն թուլացրեց Արցախի դիրքերը, երբ 1991թ. սեպտեմբերի 23-ին ստորագրեց Ժելեզնովոդսկի կոմյունիկեն, որտեղ կրկին խոսվում էր ԼՂԻՄ-իմասին՝ որպես Ադրբեջանի մաս։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, արտացոլում էր հայության կամքը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայկական ԽՍՀ-ում։ Սակայն, իրենց հաշվարկներից ելնելով, Հայաստանում իշխանությունը վերցրած ՀՀՇ-ականները և նրանց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացին հակառակ ուղղությամբ։

Չնայած Արցախի վերաբերյալ` Հայաստանի խորհրդարանի այլ որոշումների բացակայությանը, դեկտեմբերի 1-ի հրամանագիրը չիրականացվեց։

Հեղինակ` Կարեն Իգիթյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *