Ուսումնասիրություն

Տոտալ ռազմականացում. «Հայկական նախագծի» նոր ուսումնասիրությունը

23 / 06 / 2022

Ձեզ ենք ներկայացնում «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակներում հետազոտող Միլենա Մքոյանի հեղինակած վերլուծությունը, որը նվիրված է ռազմականացման (միլիտարիզացիայի) գործընթացին ամբողջ աշխարհում և տարածաշրջանում։

Միջազգային անվտանգության հորիզոնում 2021 թ.-ի վերջից գերակշռում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սրվող առճակատումները։ Թողնելով մի կողմ ստեղծված ճգնաժամի պատճառների վերլուծությունը՝ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակը վերհանել է համաշխարհային ռազմականացման խնդիրը, որը մինչ այդ թվում էր սառըպատերազմյան անցյալում մնացած եւ ներկայումս ոչ արդիական գործոն: Մինչդեռ բազմաթիվ գլոբալ ու տարածաշրջանային միտումներ վկայում են համաշխարհային ռազմականացման խնդրի մասին՝ արձանագրելով, որ երկրները շարունակում են ապավինել զինմանը՝ մեծացնելով անվտանգային երկընտրանքը:

Ներկա ուսումնասիրությունն անդրադառնում է այդ միտումներին ավելի մանրամասնորեն՝ ընդգծելով հատկապես նրանք, որոնք ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով կապված են հայկական օրակարգին՝ ի հաստատումն այն բանի, որ աշխարհը գնում է ռազմականացման, եւ ցանկացած միակողմանի խաղաղասիրական օրակարգ կեղծ է եւ լի աղետներով:

Կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմական ծախսերի բոլոր քանակական ցուցանիշներն աճում են՝ արձանագրելով համաշխարհային եւ տարածաշրջանային ռազմականացում, ինչն ուղեկցվում է համապատասխան քաղաքական որոշումներով եւ հայտարարություններով: Սա բավարար հիմք է տալիս պնդելու, որ համաշխարհային ռազմականացումը ոչ միակողմանի, ուկրաինական վերջին ճգնաժամից դեռ ավելի վաղ սկսված գործընթաց է՝ պայմանավորված ռեալպոլիտիկով, այլ բառերով՝ պետությունների ազգային շահերով եւ նպատակներով: Իսկ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների միակողմանի խաղաղասիրական քաղաքականությունը, որ ուղեկցվում է զինուժի կրճատմամբ եւ կազմաքանդմամբ, լի է միայն գոյաբանական աղետով, քանի որ մեր եւ մեզ մերձակա տարածաշրջաններում ակնհայտ է ռազմականացման միտումը, այդ թվում՝ հակահայկական ուղղվածությամբ։ Հետազոտություն ամբողջությամբ կարող եք գտնել ստորև կամ ներբեռնել այս հղումով։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ կարող եք գտնել ստորև կամ ներբեռնել այս հղումով։

Մքոյան Մ. - Տոտալ ռազմականացում, armenianproject.com

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.