Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանը։
Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Առաջինը Գլխավոր դատախազությունն էր այդ դեպքի առնչությամբ արված հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ հարցաքննվել էին, սակայն Քննչական կոմիտեն քրեական վարույթը կարճել էր:
Սա առաջին դեպքը չէ, որ բացարձակ անտարբերություն և անհարգալից վերաբերմունք է դրսևորվում Արցախյան երրորդ պատերազմի մասնակիցների, մասնավորապես՝ զոհվածների, գերիների, անհայտ կորածների և նրանց ծնողների նկատմամբ՝ անտեսելով նրանց բարոյական իրավունքներն ու արդարացի պահանջները, շուրջ երկու տարի շարունակվող անորոշությունն ու հոգեկան ապրումները։ Հիշեցնենք, որ գերիների հարցն այլևս ամբողջությամբ տեղափոխվել է քաղաքական առևտրի դաշտ և մատնվել է լիակատար անուշադրության, մինչդեռ Ադրբեջանը չի զլանում հնարավորության դեպքում բարձրաձայնել Արցախյան առաջին պատերազմից ի վեր, իբրև թե, «անհետ կորած 4000 ադրբեջանցիների» մասին։ Երբ պետությունը ի վիճակի չէ, մեր դեպքում՝ պարզապես չի ցանկանում կատարել սեփական քաղաքացիների նկատմամբ ստանձնած պարտավորությունները, քաղաքացիներն են դիմում դատարան, սակայն խամաճիկ դատական համակարգն, ըստ էության, իրականացնում է «վերևից» եկող հրամանները։