Շուտով Արցախում և ողջ հայոց աշխարհում կտոնեն Արցախյան շարժման նշանակալի տարեթիվը ՝ 1991 թ․-ի դեկտեմբերի 10-ը: 31 տարի առաջ այդ օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե։ «Հայկական ալիքը» ներկայացնում է, թե ինչու և ինչ պայմաններում է անցկացվել հանրաքվեն:
Պատմական համատեքստը
Ինչպես հայտնի է, 1921 թ․-ին բոլշևիկների կուսակցական մարմինների որոշմամբ Արցախը՝ իր 90% հայ բնակչությամբ, հանձնվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Արցախցիները չդադարեցրին Հայաստանի հետ վերամիավորման համար պայքարը՝ այդ հարցը բարձրացնելով խորհրդային իշխանության բոլոր տարիներին՝ 1920-30 – ական թթ․-ին, Հայրենական մեծ պատերազմից հետո, 1962-65թթ․-ին, 1977թ․-ին և վերջապես 1987-88թ․-ին։
Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարից դեպի անկախություն
Արցախյան շարժումը բնական ճանապարհով հանգեց ԼՂԻՄ խորհրդարանի 1988թ. փետրվարի 20-ի որոշմանը։ Արցախի ժողովրդական պատգամավորների խորհուրդը պաշտոնապես դիմել է ադրբեջանական և հայկական ԽՍՀ ղեկավարությանը, ինչպես նաև ԽՍՀՄ իշխանություններին ՝ ինքնավարությունը Հայաստանի կազմ փոխանցելու խնդրանքով։ Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեցին, իսկ Հայաստանի Գերագույն խորհուրդը դրական պատասխան տվեց։ Դրանից հետո՝ 1988 թ․-ի հուլիսի 12-ին, Արցախի խորհրդարանը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։
Խորհրդային իշխանությունների հակազդեցության, ջարդերի, Արցախում շարունակվող բախումների, Կիրովաբադի (Գանձակ) և Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի հայ բնակչության տեղահանության ծանր պայմաններում 1989 թ․-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը պատմական որոշում կայացրեց, որում ասվում էր, որ Արցախն այլևս Հայաստանի մաս է ։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իշխող ուժ դարձած «Հայոց համազգային շարժումը» (ՀՀՇ) դեմ էին Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշմանը։Ամրապնդելով իր իշխանությունը՝ Տեր-Պետրոսյանին հաջողվում է առաջ տանել իր գիծը, ըստ որի՝ Արցախն ու Հայաստանը պետք է ոչ թե միավորվեն, այլ առանձին-առանձին գնան ինքնորոշման։ Այսպես, 1991թ.-ի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունում Հայաստանում ԽՍՀՄ-ից անկախության հանրաքվե անցկացնելու մասին՝ առանց Արցախի մասին նշելու։
Խախտելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը, 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը։ Խորհրդային օրենքի համաձայն՝ Ադրբեջանը պետք է անկախության հանրաքվե անցկացներ, իսկ նրա ինքնավարություններն ու կոմպակտ և էթնիկապես զանազան բնակչություն ունեցող շրջանները կարող էին առանձին քվեարկել։ Ադրբեջանը հանրաքվե չանցկացրեց։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանը կայացրել է տվյալ որոշումը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանը, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի պատգամավորների մասնակցությամբ, հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը։ 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունվեց «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» որոշումը։
Արդեն դրանից հետ՝ 1991թ. նոյեմբերի 27-ին, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի նստաշրջանում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգը», որի համաձայն իրականացվում էր հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումը։ Նստաշրջանի ընթացքում հաստատվել է հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 10-ը։
Հանրաքվե
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ջանում էր պայմաններ ստեղծել հանրաքվեի անցկացման համար հանրապետության ողջ տարածքում՝ ներառյալ նաև ադրբեջանաբնակ վայրերը։ Մասնավորապես, Շուշիի շրջանի ղեկավարությանը հեռագիր է ուղարկվել ՝ հանրաքվեին շրջանի ադրբեջանական բնակչության մասնակցությունը կազմակերպելու խնդրանքով։ Հանրապետության ադրբեջանաբնակ վայրեր են ուղարկվել քվեաթերթիկներ ։
Ընտրացուցակներում ընդգրկվել են ընտրելու իրավունք ունեցող 132 328 մարդ՝ հանրապետության՝ 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչները՝ հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ, հույներ: Քվեաթերթիկները կազմված էին հայերենով, ադրբեջաներենով և ռուսերենով և պարունակում էին հետևյալ հարցը․ «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»։
Հանրաքվեն անցկացվել է նորահռչակ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման և պատերազմի պայմաններում, որի զինված կազմավորումները գնդակոծում էին ԼՂՀ բնակավայրերը։ Չնայած ծանր պայմաններին ՝ հանրաքվեի ընթացքին հետևելու համար Արցախ են ժամանել միջազգային դիտորդներ, այդ թվում ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավորներ ։ Անկախ դիտորդների խումբը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն արձանագրել է համապատասխան ակտում:
Քվեարկության գործընթացը լուսաբանելու համար ԼՂՀ են ժամանել «Радио России», «Эхо Москвы», «Известия», «Московские новости», «Мегаполис-экспресс», «Столица», «Панорама», «Литературная газета», «Le Quotidien de Paris», «France-Press»-ի և մի շարք այլ պարբերականների ու գործակալությունների, ինչպես նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից հեռուստատեսության լրագրողներ և թղթակիցներ:
Փորձելով ձախողել հանրաքվեն՝ Ադրբեջանի ռազմական կազմավորումները հանրաքվեի օրը հրետակոծության են ենթարկել ԼՂՀ տարածքը և առաջին հերթին՝ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Պատերազմական այս գործողության զոհ Է դարձել 21 մարդ, որոնցից 10-ը տեղում մահացել են։
Չնայած դրան ՝ հանրաքվեն կայացավ։ Արցախի բնակիչները, տեսնելով, թե ինչպես են պայթում արկերն ու հրթիռները, այնուամենայնիվ գնում էին ընտրատեղամասեր։ Քվեարկության իրավունք ունեցող 132,328 մարդուց քվեարկել է 108,736-ը կամ գրանցված ընտրողների 82,2% -ը։ Փաստացի, բոլոր ընտրողները՝ բացառությամբ ընտրությունները անտեսած ադրբեջանական համայնքի։
Քվեարկության արդյունքում ԼՂՀ անկախությանը կողմ է քվեարկել 108․615 ընտրող կամ քվեարկությանը մասնակցածների 99,89%-ը, դեմ՝ 24-ը (քվեարկությանը մասնակցածների 0,02%-ը): Ելնելով քվեարկության արդյունքներից և հաշվի առնելով համընդհանուր հռչակագրի և մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի դրույթները՝ անկախ դիտորդները հայտարարեցին, որ ԼՂՀ բնակչությունը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։
Հանրաքվեից հետո
Արցախի ժողովրդի՝ մեծ կորուստների գնով ընտրած անկախությունը դեռ անրաժեշտ էր պաշտպանել։ Չճանաչելով հարևան հանրապետությունում անցկացված հանրաքվեն՝ Ադրբեջանը ակտիվացրեց ռազմական գործողությունները՝ ներգրավելով նախկին խորհրդային բանակի զինծառայողների թվից վարձկանների, աֆղան մոջահեդների, Բասաևի չեչեն գրոհայիններին և այլոց։
Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց լայնածավալ և ծանր պատերազմի։ Արցախի Պաշտպանության բանակը ջախջախեց կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի առավելություն ունեցող ադրբեջանական զորքերին։ Հայ մարտիկները ոչ միայն վտարեցին օկուպանտներին այն տարածքի մեծ մասից, որտեղ հռչակվել էր ԼՂՀ-ն, այլև դուրս մղեցին ադրբեջանական զորքերը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գտնվող պատմական հայկական հողերից ։
Պաշտպանելով հայկական Արցախը՝ 1991-94 թթ․-ի պատերազմում զոհվեցին 6000 հայ մարտիկներ, որոնց կեսից ավելին ԼՂՀ բնակիչներ էին։ Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները նույնպես մեծ էին՝ 1860 սպանված և անհետ կորած։
1991–1994թթ. Ադրբեջանի ագրեսիան ձախողվեց. թողնելով ավելի քան 28 000 սպանված և անհայտ կորած, նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք՝ 1994թ. մայիսին Ադրբեջանը ստիպված եղավ հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր ստորագրել Արցախի և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հետ։
Մարտական գործողությունները դադարեցին, Ադրբեջանը կուտակում էր ուժ և նախապատրաստվում նոր ագրեսիայի, որը կասեցվել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից 2016 թ․-ի ապրիլին։ 2020 թ․-ին, երբ Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի վրա, իրավիճակը Հայաստանում փոխվեց, բայց դա արդեն այլ պատմություն է։