Թարգմանություն

Ինչո՞ւ են մարդիկ այդքան ատում ռեալիզմը

18 / 01 / 2023

Սույն հոդվածի հեղինակն է «Foreign Policy»-ի սյունակագիր, Հարվարդի համալսարանի և Ռոբերտ և Ռենե Բելֆերների անվան հետազոտությունների կենտրոնի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սթիվեն Ուոլթը։

 Այս դպրոցի ներկայացուցիչները չեն հավակնում բացատրելու ամեն ինչ և ամեն կերպ, բայց նրանք կանխատեսել էին Ուկրաինայի շուրջ հակամարտության հավանականությունը վերջինիս բռնկումից շատ առաջ:

 Քաղաքագետ Ռոբերտ Գիլփինը մի առիթով գրել է. «Ոչ ոք չի սիրում քաղաքական ռեալիստներին»: Նրա գանգատը հատկապես տեղին է այսօր, երբ Ուկրաինայում շարունակվող ողբերգությունը հարուցել է ռեալիզմի դեմ ուղղված քննադատության ալիք: Նշենք նրանցից մի քանիսի անունները՝ Էն Էփլբաում և Թոմ Նիքլս՝ «The Atlantic» ամսագրից, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր և «Foreign Policy»-ի սյունակագիր Ադամ Թուզ, «New Statesman»-ում, Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Սևա Գունիցկի և Մայքլ Մազար «Rand Corporation»-ից: Նույնիսկ «Financial Times»-ից Էդվարդ Լյուկը, որը մշտապես ԱՄՆ-ի և համաշխարհային քաղաքականության ամենախորաթափանց մեկնաբաններից մեկն է, վերջերս կարծիք հայտնեց, որ «արտաքին քաղաքականության «ռեալիզմի» դպրոցը վերջին ժամանակներում սարսափելի ճնշման է ենթարկվել, որի մեծ մասը՝ թերևս արդարացիորեն»։

Այդ զայրույթի մեծ մասն ուղղված էր իմ գործընկերոջ և երբեմնի համահեղինակ Ջոն Միրշայմերի դեմ և մասամբ հիմնված է այն տարօրինակ պնդումների վրա, որ ռուս-ուկրաինական ճգնաժամին նպաստելու մեջ Արևմուտքի ունեցած դերի մասին նրա տեսակետները ինչ-որ կերպ նրան դարձնում են «պուտինամետ» և մասամբ էլ հիմնված են «հարձակողական ռեալիզմի» նրա տեսության որոշ լրջորեն թերի մեկնաբանությունների վրա։

Մեկ այլ ակնհայտ թիրախ է դարձել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, ում վերջին մեկնաբանությունները՝ Մոսկվայի հետ խաղաղության բանակցություններ սկսելու, Ուկրաինայում տարածքային փոխզիջման գնալու և Ռուսաստանի հետ մշտական ​​խզումից խուսափելու անհրաժեշտության մասին, դիտվում են որպես ռեալիզմի բարոյական սնանկության բացահայտում: Ինչպես կբացատրեմ ստորև, Քիսինջերը բացառություն է ռեալիզմի ​​ավանդույթներից, բայց դրանով հանդերձ, միևնույնն է, հարմարավետ թիրախ է դրա քննադատների համար:

Այստեղ եղած հեգնանքը դժվար է չնկատել: Բոլոր մակարդակների ռեալիստները բազմիցս զգուշացրել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը լուրջ անախորժությունների կհանգեցնի: Սակայն այս նախազգուշացումները թեթևամտորեն անտեսվել են նրանց կողմից, որոնք պնդում էին, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը կհանգեցնի Եվրոպայում կայուն խաղաղության: Հիմա, երբ պատերազմ է սկսվել, մարդիկ են զոհվում, իսկ Ուկրաինան քարուքանդ է լինում, կարծում եք ՆԱՏՕ-ի անվերջ ընդլայնման ջատագովները կթոթափե՞ն իրենց իդեալիստական ​​պատրանքները և սթափ ու իրատես կդառնան այս հարցերի շուրջ: Ընդհակառակը, տեղի ունեցավ ճիշտ հակառակը․ այն մարդիկ, որ դա ճիշտ են հասկացել, ենթարկվում են հարձակման, մինչդեռ նրանք, որ հավատում էին, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Եվրոպայում կստեղծի խաղաղության ընդարձակ գոտի, պնդում են, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը մեծապես չի թուլացել և լիովին չի պարտվել։

Այս երևույթն այնքան էլ զարմանալի չէ, քանի որ ռեալիզմը երբեք էլ «ժողովրդականություն չի վայելել» ԱՄՆ-ում։ Այն համարվում է միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կարևոր ավանդույթ, բայց նաև զգալի թշնամանքի թիրախ է։ Օրինակ՝ 2010 թ.-ին Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Լեյքը Միջազգային հետազոտությունների ասոցիացիային ուղղված ուղերձով քննադատեց ռեալիզմը և այլ պարադիգմները` անվանելով դրանք «աղանդ» և «պաթոլոգիա», որոնք շեղում են ուշադրությունը «կարևոր բաները սովորելուց»: Դեռևս 1990-ականներին, երբ շատերը հավատում էին, որ լիբերալ ​​արժեքները տարածվում են աշխարհով մեկ, քաղաքագետ Ջոն Վասկեսը երկար հոդված հրապարակեց «Բանբեր ամերիկյան քաղաքագիտության»-ում (American Political Science Review), որտեղ նա պնդում էր, որ ռեալիզմը «դեգեներատիվ» հետազոտական ​​ծրագիր է, որից պետք է հրաժարվել:

Ըստ այսմ՝ հարց է ծագում, թե ինչու այսքան շատ մարդ չի համակրում ռեալիզմը: Միգուցե ես ամենաանկողմնակալ դատավորը չեմ այս հարցում, բայց ահա թե ինչ է կատարվում իմ կարծիքով:

Ռեալիզմը բավականին մռայլ հայացք է նետում քաղաքականության վրա, նույնիսկ իր ավելի մեղմ տարբերակներով հանդերձ: Այն ենթադրում է, որ մարդիկ անհույս այլասերված են, և որ չկա հնարավորություն` որևէ կերպ վերացնելու շահերի բախումը անհատների կամ նրանց կողմից ձևավորված սոցիալական խմբերի միջև: Ավելին՝ ռեալիզմի բոլոր տարբերակներն ընդգծում են անկայունությունը, որն առաջանում է համընդհանուր գլոբալ իշխանության բացակայության հետևանքով, որն էլ իր հերթին կարող էր պարտադրել համաձայնություններ և թույլ չտալ պետություններին հարձակվել միմյանց վրա: Երբ բռնությունը դառնում է հավանական, բոլոր տեսակի մարդկային խմբերը՝ լինեն դրանք ցեղեր, քաղաք-պետություններ, փողոցային ավազակախմբեր, աշխարհազորայիններ, ազգեր, պետություններ և այլն, փնտրում են իրենց անվտանգությունն ապահովելու ուղիներ, ինչը նշանակում է, որ վերջիններս խիստ հակված կլինեն մրցակցելու իշխանության համար։

Հակառակ որոշ քննադատների պնդումների՝ ռեալիստները այս հատկանիշները չեն դիտարկում որպես երկաթյա օրենքներ, որոնք կարգավորում են պետության յուրաքանչյուր քայլը: Նրանք նաև չեն համարում, որ համագործակցությունն անհնար է կամ միջազգային ինստիտուտներն անօգուտ են, և ոչ էլ համարում են, որ մարդիկ չունեն գործելու ազատություն կամ այլ ընտրություն կատարելու կարողություն, երբ նրանք ձգտում են պաշտպանել իրենց շահերը: Ռեալիստները պարզապես պնդում են, որ միջազգային անարխիան (այսինքն՝ տիրապետող կենտրոնական իշխանության բացակայությունը) հզոր խթաններ է ստեղծում պետությունների միջև մրցակցության համար: Այս խթանները դժվար է կառավարել կամ հաղթահարել:

Դժվար չէ հասկանալ, թե ինչու են շատերը դժկամորեն վերաբերում մարդկային իրավիճակի վերաբերյալ նման հոռետեսական տեսակետներին, հատկապես, երբ թվում է, որ վերջինս իրավիճակից հստակ ելք չի առաջարկում։ Իրական հարցը հետևյալն է․ արդյոք սա միջազգային քաղաքականության վերաբերյալ ճշգրի՞տ տեսակետ է: Հաշվի առնելով հակամարտություններն ու տարաձայնությունները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության ընթացքում և շարունակվում են մինչ օրս, և պետությունների՝ իրենց անվտանգության համար մտահոգվելու միտումը՝ ռեալիզմի փաստերն առաջին հայացքից ուժեղ են:

Երկրորդ՝ ռեալիզմի կենտրոնացումը ուժային քաղաքականության վրա ստիպում է շատ մարդկանց համարել դրա կողմնակիցներին որպես չափազանց ֆիքսված ռազմական ուժի վրա և հակված «բազեական» (կոշտ ռազմական ուժի կողմնակիցներ) լուծումների: Բայց այս տեսակետը պարզապես կեղծ է․ բացառությամբ Քիսինջերի (որը Վիետնամի պատերազմի ժամանակ «բազեն» էր և 2003 թ․-ին աջակցում էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը)՝ ամենահայտնի ռեալիստները հիմնականում հակված են եղել դեպի «աղավնին» (երկխոսության և փոխզիջումների կողմնակիցներ): Ջորջ Քենան, Ռեյնհոլդ Նիբուր, Վոլտեր Լիպման, Հանս Մորգենթաու և Քենեթ Վոլց․նրանք բոլորն էլ քննադատում էին դեպի Վիետնամ ԱՄՆ ներխուժումը, իսկ նրանց գիտական ​​իրավահաջորդները 2003 թ. Իրաքի դեմ Բուշի վարչակազմի պատերազմական արշավին ընդդիմացող առավել հայտնի ձայներից էին:

Երրորդ՝ ռեալիզմը նաև համարվում է էթիկական կամ բարոյական նկատառումների հանդեպ չեզոք կամ նույնիսկ թշնամական հայեցակետ։ Այս մեղադրանքում կա ճշմարտության բաժին, քանի որ ռեալիզմի տեսական հիմքը բացահայտ կերպով չի ներառում արժեքներ կամ իդեալներ: Ինչպես անունն է ենթադրում, ռեալիզմը փորձում է աշխարհը տեսնել «այնպես, ինչպիսին այն իրականում կա», և ոչ այնպես, ինչպես մենք կցանկանայինք, որ այն լիներ: Այնուամենայնիվ, ինչպես նշել են Մայքլ Դեշը և այլք, ռեալիստների մեծամասնությունը նաև առաջնորդվում է խորը բարոյական պարտավորություններով, գիտակցում է միջազգային քաղաքականության և՛ ողբերգական բնույթը, և՛ բարոյական գործելու կարևորությունը՝ չնայած այլ կերպ վարվելու ճնշմանը: Ռեալիստների համար վեհ նպատակներն ու բարի մտադրությունները բավարար չեն, եթե արդյունքում ընտրությունը հանգեցնում է ավելի մեծ անկայունության կամ մարդկային տառապանքի:

Չորրորդ՝ ռեալիզմը չի վայելում ժողովրդականություն ԱՄՆ-ում, քանի որ այն հակասում է ամերիկյան բացառիկության մասին լայնորեն տարածված համոզմունքին, այն գաղափարին, որ ԱՄՆ ունի բացառիկ բարոյական արժեքներ և միշտ գործում է հանուն մարդկության բարօրության: Ռեալիստների համար առանց կենտրոնական իշխանության աշխարհում ապահով և անկախ մնալու անհրաժեշտությունը հաճախ հանգեցնում է նրան, որ շատ տարաբնույթ պետություններ զարմանալիորեն գործում են նույն կերպ: Օրինակ՝ ԱՄՆ և նախկին ԽՍՀՄ միանգամայն տարբեր էին իրենց ներքին կարգերի, քաղաքական գաղափարախոսությունների և տնտեսական համակարգերի առումով, սակայն Սառը պատերազմի ժամանակ մրցակցության ճնշումը հանգեցրեց նրան, որ յուրաքանչյուրը ձևավորի և առաջնորդի խոշոր դաշինքներ՝ տարածելով իրենց սեփական գաղափարախոսությունը հնարավորինս շատ, ստեղծելով տասնյակ հազարավոր միջուկային զենքեր, ներխուժելով շատ այլ երկրներ, վարելով ապակառուցողական փոխպատերազմներ և սպանելով օտարերկրյա առաջնորդներին: Գերի լինելով մրցակցությանը` այս երկու շատ տարբեր երկրները վարում էին բավականին նման արտաքին քաղաքականություն:

Անշուշտ, ռեալիստները գիտակցում են, որ ներքին քաղաքականությունը կարևոր է, և որ կան էական տարբերություններ, օրինակ, մի կողմից նացիստական ​​Գերմանիայի և մյուս կողմից էդվարդյան Բրիտանիայի միջև: Բայց այնտեղ, որտեղ իդեալիստներն շտապում են աշխարհը բաժանել «լավ» և «վատ» պետությունների և վերջիններիս մեղադրում են աշխարհի խնդիրների մեջ, ռեալիզմը գիտակցում է, որ նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրները ունակ են մյուսների հանդեպ գործել սարսափելի արարքներ, եթե համարեն, որ իրենց սեփական կենսական շահերը վտանգված են:

Դեռևս 1960-ականներին, օրինակ, Ջոնսոնի վարչակազմն այնքան անհանգստացած էր, որ Հարավային Վիետնամը կդառնա կոմունիստական ​​աշխարհի մաս, որ գրեթե կես միլիոն զինվոր ուղարկեց Խաղաղ օվկիանոս՝ այնտեղ կռվելու։ Այդ զինվորներից 58000-ը չվերադարձան։ ԱՄՆ զինվորականները օգտագործել են նապալմ (այրվող նյութ), «Ագենտ օրանժ» (մարդկային առողջության համար վտանգավոր բուսասպան քիմիկատ – խմբ) և երկրի վրա նետել մոտ 8 միլիոն տոննա զինամթերք: Երբ դա էլ արդյունք չտվեց, Նիքսոնի վարչակազմը ներխուժեց Կամբոջա՝ խարխլելով տեղի փխրուն կառավարությունը և ակամա օգնելով ցեղասպան կարմիր կխմերների ռեժիմին գալ իշխանության։ Վիետնամը թույլ երկիր էր՝ ավելի քան 8000 մղոն հեռավորության վրա մայրցամաքային ԱՄՆ-ից: Սակայն նրա ղեկավարներն իրենք իրենց համոզել էին, որ այդ գործողություններն անհրաժեշտ են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար:

1979 թ. հուլիսին՝ մեկ տասնամյակից էլ քիչ անց, Կարտերի վարչակազմն անհանգստացավ, երբ Նիկարագուայում ժողովրդական ապստամբությունը տապալեց ամերիկամետ բռնապետ Անաստասիո Սոմոզային, ճիշտ այնպես, ինչպես 2014 թ. փետրվարին Ուկրաինայում Մայդանի ապստամբությունը հանգեցրեց ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը։ Երբ նրանք իշխանության եկան 1981 թ. հունվարին, Ռեյգանի վարչակազմը պատասխանեց՝ կազմակերպելով և զինելով ապստամբների բանակը՝ կոնտրաներին, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը աջակցում էր Ուկրաինայում անջատողական զինյալներին: Նիկարագուան ընդամենը 4 միլիոնանոց աղքատ երկիր էր, սակայն ԱՄՆ պաշտոնյաները այն համարում էին լուրջ սպառնալիք: Մոտ 30000 նիկարագուացիներ զոհվեցին Կոնտրայի պատերազմում, ինչը համարժեք է մոտավորապես 2․5 միլիոն ամերիկացիների կորստին, եթե հաշվենք տոկոսային համարժեքը:

Անցյալում ԱՄՆ-ի սխալ վարքագծի այս օրինակները որևէ կերպ չեն արդարացնում այն, ինչ այսօր անում է Ռուսաստանը: Եթե ​​մենք հետևողական լինենք, ապա այս բոլոր գործողությունները (ներառյալ [ԱՄՆ-ի] Իրաք ներխուժումը) պետք է խստորեն դատապարտվեն ինչպես ռազմավարական, այնպես էլ բարոյական հիմքերով։ Այնուամենայնիվ, դրանք գալիս են հիշեցնելու, որ բոլոր տեսակի կառավարությունները բռնի գործողություններ կիրականացնեն, եթե զգան սպառնալիք, նույնիսկ եթե նրանց մտահոգությունները երբեմն երևակայական են: Բայց այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, որն իրեն համարում է առաքինության տեսանկյունից եզակի և որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները հազվադեպ են ընդունում կամ պատասխանատվություն կրում սխալների համար, մարդկանց հիշեցնելը, որ ԱՄՆ ղեկավարները երբեմն վարվել են այնպես, ինչպես այսօր վարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար լավագույն միջոցը չի լինի` նրանց մեր կողմը գրավելու համար:

Այս երևույթը հատկապես ուժեղ է արտահայտվում պատերազմի ժամանակ, երբ ժողովրդական աջակցություն ստանալու հասկանալի ցանկությունը դրդում է կառավարություններին իրենց գործն անվանել լիովին արդար և իրենց հակառակորդներին ներկայացնել որպես չարիքի մարմնացում: Այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ի նախկին գործողությունները կարող են կապ ունենալ Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության հետ, չի արդարացնում Պուտինի … որոշումը կամ ռուս զինվորականների պահվածքը, բայց պետք է բուռն արձագանք առաջացնի նրանց կողմից, որոնք փորձում են հակամարտությունը ներկայացնել որպես պարզ բարոյականության խաղ բռնի ագրեսորի և անմեղ զոհի, ինչպես նաև վերջինիս բարեխիղճ և նույնքան անմեղ ընկերների միջև։

Ռեալիստները գիտակցում են, որ վատ բաներ տեղի ունենում են, և որ որոշ պետություններ իրենց ավելի վատ են դրսևորում, քան մյուսները, բայց նրանք նաև հասկանում են, որ բոլոր պետություններն անկատար աշխարհում մրցակցում են անվտանգության համար, և որ ոչ մի երկրի վարքագիծ չի կարող կատարյալ լինել: Այդ իսկ պատճառով՝ ռեալիստները դիվանագիտությունը և փոխզիջումները դիտարկում են որպես առանց ռազմական ուժի կիրառման տարաձայնությունները հարթելու և հակասությունները լուծելու կարևոր գործիք: Ընդհակառակը՝ եթե չար առաջնորդները կամ վարչակարգերը միանձնյա պատասխանատու են աշխարհի բոլոր ձախողումների համար, ինչպես պնդում են լիբերալները, նեոպահպանողականները և այլ իդեալիստները, միակ լուծումը չարագործներին մեկընդմիշտ ոչնչացնելն է: Խնդիրն, ավաղ, այն է, որ ձեր կողմից չարիք համարվող կառավարություններից ձերբազատվելու փորձը սովորաբար հանգեցնում է բազմաթիվ մարդկանց մահվան: Եվ որոշ հանգամանքներում, ինչպես օրինակ Ուկրաինայի ներկայիս պատերազմը, դա կարող է հանգեցնել ավելի լայն և վտանգավոր հակամարտության:

Վերջիվերջո, ռեալիզմն ընդհանուր առմամբ չի վայելում ժողովրդականություն, քանի որ դրա կողմնակիցները տհաճորեն միշտ ճիշտ են: Իհարկե, ոչ միշտ, քանի որ արտաքին քաղաքականությունը բարդ գործ է, որտեղ տիրում են անորոշությունը և տարբեր տեսություններ, որոնք կարող են օգնել քաղաքական գործիչներին, լավագույն դեպքում կոպիտ գործիքներ են: Օրինակ՝ ռեալիստների մեծ մասը, այդ թվում՝ ես, զարմացած էինք, որ Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն գոյատևեց և ընդլայնվեց։

Սակայն ռեալիստները իրավացի էին ՆԱՏՕ-ի ընդլայնման, Պարսից ծոցում կրկնակի զսպման, Իրաքում պատերազմի, միջուկային զինանոցից հրաժարվելու Ուկրաինայի չարաբաստիկ որոշման, Չինաստանի վերելքի հետևանքների և Աֆղանստանում ազգակերտման ցնորամտության հարցում: Եվ սրանք ընդամենը մի քանիսն են բազմաթիվ օրինակներից:

Սա վատ արդյունք չէ, հատկապես, երբ հաշվի ենք առնում ռեալիզմի բազմաթիվ քննադատների հանգամանքը։ Բայց ես կասկածում եմ, որ դա ռեալիզմը կդարձնի ավելի ժողովրդականություն վայելող, նույնիսկ եթե պետությունների մեծ մասը շարունակի գործել քիչ թե շատ այնպես, ինչպես ներկայացնում է ռեալիզմը:

Թարգմանությունը` Սյուզան Նաջարյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *