Անվտանգություն, Նորություններ

Կթույլատրվի՞ ուժայիններին անդամակցել կրոնական և արհմիություններին

25 / 08 / 2022

Հայտնի է, որ օգոստոսի 23-ին ՀՀ դե-ֆակտո ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու ուժային կառույցների աշխատակիցների` արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցելու, ինչպես նաև՝ զինծառայողների պարագայում կրոնական կազմակերպություններ հիմնադրելու մասով օրենքով սահմանված արգելքը:

Դե-ֆակտո ՄԻՊ-ի կայքէջում նշվում է, որ «Խոսքը վերաբերում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերին, որոնցով ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է արհեստակցական միություններին անդամակցելու, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար նաև՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելու, իսկ զինծառայողների համար՝ կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելք»[1]:

Դիմումը հիմնավորվում է, իբրև թե, ուժայինների ազատությունների անհարկի սահմանափակումով` նշելով, որ արհմիությանը անդամակցելու արգելքն, օրինակ, զրկում է վերջիններիս իրենց «իրավունքների կոլեկտիվ պաշտպանության միջոցից»: Կրոնական կազմակերպություններին անդամակցելու մասով էլ նշվում է, որ «ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ»:

«Հայկական ալիք»-ը զրուցել է ուժային ոլորտին առնչվող իրավաբանների հետ` հասկանալու, թե նախ՝ ինչով է պայմանավորված սույն արգելքը, և ապա` ինչ ռիսկեր է պարունակում արգելքը վերացնելը:

Թե՛ արհմիությունների, թե՛ կրոնական կազմակերպությունների պարագայում ուժայինների անդամակցության դեպքում կա ծառայողական գաղտնիքների արտահոսքի տեսական վտանգ: Կրոնական կազմակերպությունների դեպքում կա նաև վտանգ, որ կրոնական որոշակի համոզմունքներ կարող են խոչընդոտ հանդիսանալ զինվորական ծառայության ընթացքում, հատկապես, երբ խոսքը գնում է որոշ, այսպես ասած, սպեցիֆիկ կրոնական կազմակերպությունների մասին:

Արգելքի վերացումով փաստացի մնում է օրենսդրական բացը, քանի որ արգելքը կամ դրա վերացումն ինքնին խնդիր չէ, այլ խնդիր է այն, որ չի առաջարկվում օրենսդրական որևէ կարգավորում, որի միջոցով հնարավոր կլինի վերահսկել այդ ոլորտը և թույլ չտալ, որ տեսական վտանգները դառնան գործնական:

Բացի այդ, մեզ հետ զրուցած իրավաբանների պրակտիկայում չեն եղել դեպքեր, երբ այս կամ այն ուժային կառույցի ներկայացուցիչ բողոքով դիմել է իրենց` արհմիություններին կամ կրոնական կազմակերպություններին անդամակցելու արգելքի և այդ արգելքից բխող իրենց իրավունքների խախտման մասով:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ հաշվի առնելով ՀՀ-ում այսօր գործող այլ ոլորտներին առնչվող արհմիությունների վիճակը՝ դժվար է ասել, որ արգելքի վերացմամբ և արհմիություններին անդամակցելով` ուժայինները կկարողանան ստանալ իրենց իրավունքների անհարժեշտ պաշտպանությունը:

Կարելի՞ է ասել, որ սա հերթական, լավագույն դեպքում` անհեռատես, վատագույն դեպքում` դավադիր քայլն է. մեր համոզմամբ՝ այո՛: Կարելի՞ է ասել, որ օրենսդրական բացի և այլընտրանքային օրենսդրական վերահսկողության բացակայության պարագայում սա վնաս կհասցնի ՀՀ ուժային կառույցներին. կրկին կարծում ենք` այո՛:

 

[1] ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան, https://www.ombuds.am/am/site/ViewNews/2326 (հղվել է 25.08.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *