Նորություններ

Ադրբեջանը զորամասեր է տեղակայում օկուպացված Քարվաճառում

27 / 06 / 2022

Մինչ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պատրաստում են ժողովրդին «խաղաղության դարաշրջանի» և Ադրբեջանի հետ համագործակցության, վերջինիս նախագահ Իլհամ Ալիևը Արցախի և ՀՀ-ի սահմանին հատուկ նշանակության ստորաբաժանումների զորամասեր է բացում, մեծացնում է բանակի թվաքանակը և հանդես է գալիս Հայաստանի հայրենասիրական ուժերի դեմ հերթական սպառնալիքներով։

Հունիսի 26-ին դեպի Արցախի Հանրապետության օկուպացված Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ Ի․ Ալիևը մասնակցել է հատուկ նշանակության (կոմանդոս) զորամասի բացման արարողությանը։ Վերջինս նշել է, որ ադրբեջանական զորքերը տեղակայվել են ամենուր, դեռևս 2021 թ․ դեկտեմբերի 24-ին Հադրութում բացվել է առաջին նմանօրինակ զորամասը, այժմ ևս նախատեսվում է նորանոր այդպիսի զորամասերի բացում։
Ի․ Ալիևը նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանական բանակն ուժեղացվել է, համալրվել նոր զինատեսակներով, և գործընթացը շարունակվելու է։ Թշնամական երկրի ղեկավարը ևս մեկ անգամ կիրառել է «Արևելյան Զանգեզուր» եզրույթը՝ նկատի ունենալով օկուպացված Քաշաթաղի շրջանը, որով անթաքույց տարածքային հավակնություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։ Ի․ Ալիևը նաև ընդգծել է, որ այսօր աշխարհում առաջնային է ուժի գործոնը, քանզի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները չեն գործում։

Ի․ Ալիևը դարձյալ սպառնացել է, որ եթե Հայաստանը փորձի նախանձախնդիր լինել սահմանների հստակեցման հարցում իր շահերը պաշտպանելու, «կփոշմանի»։ Նա նաև սպառնացել է, որ Հայաստանը «պետք է ընդունի հետպատերազմյան իրողությունները»։ Կարճ ասած՝ թշնամական երկրի ղեկավարը շարունակում է ուժի սպառնալիքի միջոցով իր կամքը պարտադրել ՀՀ դե-ֆակտո իշխանությանը։ Բայց սա ոչ միայն զուտ հետևանք է վերջին պատերազմում հայկական կողմի պարտության, այլ հենց ՀՀ դե-ֆակտո կառավարության քաղաքականության, որ 2018 թ․-ից Ադրբեջանի հետ գնաց սեպարատ բանակցությունների՝ նվազեցնելով միջազգային աջակցությունը, իսկ ներկայումս հակառակ թշնամական երկրներից եկող բացասական ազդակների՝ հայտարարում և քարոզում է Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալու հեռանկարի մասին։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *