Օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով:
Ներկայացված փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ այս համակարգրի ներդրումը պայմանավորված է «ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ»[1]:
Ասվում է, որ պայմանագրային ծառայության անցնելու դեպքում, որի ժամկետը 5 տարի է «անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»: Իսկ «շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն»:
Փաստացի, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները օրեցօր Հայաստանի շուրջ աճող սպառնալիքները հաշվի չառնելով` ամբողջ ուժով լծվել են բանակը վերջնականապես կազմաքանդելու գործին: Այստեղ երկու հետաքրքրական կետ կա`
- Նախ, այն ինչ նախկինում կոչվում էր փող տալ, բանակից ազատվել և համարվում էր կոռուպցիայի դրսևորում, այսօր դառնում է օրինական և հիմա օրենքի ուժով յուրաքանչյուր ոք, ով ունի բավարար միջոցներ կարող է փողի դիմաց ազատվել ծառայությունից:
- Եթե սա արվում է, այսպես կոչված, «պրոֆեսիոնալ բանակին» անցումը հնարավորինս արագ ապահովելու համար, ապա ունի վտանգավոր միտում: Թերևս, այս ողջ ինֆոկույտի մեջ ամենակարևոր միտքն այն է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ շատ արագ բանակը կազմաքանդելու և դրանից ոչ մարտունակ «պրոֆեսիոնալ բանակ» ստեղծելու:
Կրկին շեշտենք, որ սա տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մեր երկրի շուրջ վտանգավոր անցուդարձ է ծավալվում: Եվ դա էլ բավական չէ, ամբողջ աշխարհում է իրավիճակն ապակայունանում: Ըստ այդմ, աշխարհը գնում է ռազմականացման, և նույնիսկ այն երկրները, որոնք տարիներ շարունակ «պրոֆեսիոնալ բանակի» ջատագովներն են եղել, անցում են կատարում պարտադիր զորակոչին: Նման երկրներից է Լատվիան, որի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը հայտարարել էր, որ 2023 թ.-ի հունվարից երկիրն աստիճանաբար կանցնի պարտադիր զորակոչի համակարգին[2]:
Վերջին շրջանում այսպիսի միտում է նկատվում Եվրոպայի նաև այլ երկրներում, ինչը վերահաստատում է այն փաստը, որ աշխարհը գնում է դեպի ռազմականացում: Եվ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ լինելը բավարար երաշխիք չէ Լատվիայի համար, ուստի վերջինս որոշում կայացրեց աստիճանաբար վերականգնելու պարտադիր զորակոչը:
[1] «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, https://www.e-draft.am/projects/4679/justification?fbclid=IwAR0ZBsRtj-0ltjUd6EthdqSH75raPURzwGjbvRTCiCRMSjwv7aN7asBLA-0 (հղվել է 24.08.2022 թ.)
[2] Լատվիան վերադառնում է պարտադիր զորակոչին, https://hayaliq.com/latvianarmy/ (հղվել է 24.08.2022 թ.):