Հունիսի 26-ին նշվում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը (International Day in Support of Victims of Torture)։ Այդ կապակցությամբ ՀՀ դե-ֆակտո օմբուդսմենը տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է նաև գերության մեջ հայ ռազմագերիների խոշտանգման խնդրին․ «Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց»[1]։
Հիշեցնենք, որ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային խոշտանգումների մասին առաջին անգամ՝ դեռ 2021 թ․ սեպտեմբերին, ծավալուն զեկույց էր հրապարակել նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը[2]։ Դրանից հետո ՀՀ ԱԺ դե-ֆակտո նախագահ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի, որում վերջինս մեջբերել էր ՄԻՊ զեկույցի մեջ եղած փաստերը, ասել էր․ «Ես էլ չհասկացա անկեղծ ասած էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»[3]։ Դրանից ընդամենը 10 օր անցած դե-ֆակտո վարչապետը ՄԱԿ ամբիոնից հայտարարել էր, որ «Մեր գերիների խոշտանգումների ենթարկ[վ]ելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»[4]։ Նույն այդ անձն ամիսներ առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ «[ռազմագերիները] մեզ կներեն 1 ամիս, 2 ամիս ավել գերության մեջ մնալու համար»[5]՝ ցույց տալով, որ իր համար այդ հարցն ունի ոչ թե ազգային, իրավական և բարոյական կողմ, այլ զուտ ներքաղաքական։
Նման իրարամերժ և ոչ կոնսիստենտ հայտարարություններից հետո բնական է, որ ՀՀ դե-ֆակտո կողմը չի կարող լուրջ ընդունվել միջազգային ասպարեզում և թեկուզ բանավոր մակարդակում նրա հնչեցրած մտահոգությունները հաշվի չեն առնվի, քանզի դրանցում չկա պետական անկեղծություն և հետևողականություն։
[1] Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ, 26.06.2022 թ․, https://www.ombuds.am/am/site/ViewNews/2276 (հղվել է 27.06.2022 թ․)։
[2] Թքել են սնունդի վրա ու ստիպել ուտել, ծեծելով սպանել են. ՄԻՊ-ի փաստերը՝ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ, 08.09.2021 թ․, https://www.panorama.am/am/news/2021/09/08/%D5%84%D4%BB%D5%8A-%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%B7%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4/2561683 (հղվել է 27.06.2022 թ․)։
[3] Ըստ Ալեն Սիմոնյանի՝ գերիների խոշտանգումը հնարած տեսարան է , 14.09.2021 թ․, https://www.youtube.com/watch?v=nIO-ErdFU1Y (հղվել է 27.06.2022 թ․)։
[4] Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին, 24.09.2021 թ․, https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2021/09/24/Nikol-Pashinyan-Speech-at-the-76th-General-Assembly-of-the-Unite/ (հղվել է 27.06.2022 թ․)։
[5] Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար. Փաշինյան, 07.06.2021 թ․, https://www.youtube.com/watch?v=IuylJwfVzfA (հղվել է 27.06.2022 թ․)։