«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատության, լրագրողների և օգտատերերի պաշտպանությունը, հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ինդեքս» տարեկան զեկույցը:
Ըստ զեկույցի՝ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 180 երկրներից 51-րդն է՝ 68.97 միավորով։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանը աճ է գրանցել․ 2021 թ․-ին Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը։
Այս կոնտեքստում կարևոր է հիշել, որ ընդամենը մեկ ամիս առաջ` հուլիսի 4-ին, տուգանվել է «5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը: Ավելի հետաքրքրական է պատճառաբանությունը, որն է` ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների չափից դուրս շատ լուսաբանումը: Կարծում ենք` միանգամայն խոսուն պատկեր է, թե որքան ազատ է մամուլը այժմ Հայաստանում և որքանով է խրախուսվում բազմակարծությունն ու խոսքի ազատությունը:
Նշվում է նաև, որ 2018 թ․ «թավշյա հեղափոխությունից» հետո «մեդիադաշտը ընդլայնվել է»։ Ուշագրավ է, որ կազմակերպությունը «բարգավաճող անկախ առցանց լրատվականների» շարքում են ընդգրկել նաև Արևմուտքի շահերը սպասարկող լրատվականներ, որոնցից որոշները «ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու»։ Հատկանշական է այն, որ «անկախ» լրատվականները հերիք չէ այդքան էլ անկախ չեն, մի բան էլ Արցախյան երրորդ պատերազմից հետո քարոզում են թշնամիների հետ խաղաղասիրական կեղծ օրակարգ, Արցախը Ադրբեջանի կազմում պատկերող քարտեզներ, թուրք «քաղաքագետների» հետ հարցազրույցների շարքեր և պրոթուրքական ու պրոադրբեջանական թեզեր։