Դեկտեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մինչև Պրահայի հանդիպումը Ադրբեջանը համաձայնել է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը:
«Եվ այդ ամենից ելնելով՝ ռուսական կողմը ձևակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին , և այնտեղ ներառված էր կարգավիճակի հետաձգման հարցը։ Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ և Ալմա-աթայի հռչակագրով։ Իսկ Ալմա-աթայի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։
․․․Իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում»։
Ակնհայտ է, որ դե-ֆակտո իշխանությունները միտումնավոր տապալում են Արցախի կարգավիճակի շուրջ ցանկացած քննարկման հնարավորություն՝ վճռական լինելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցում։ Սրանով նաև այլընտրանքային տարբերակ առաջարկելու հնարավորություն չի մնում միջնորդ երկրների համար, քանի որ բանակցության անմիջական կողմ հանդիսացող Հայաստանը փաստացի ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և արցախահայության «իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովում» լղոզված ձևակերպման միջև ընտրում են վերջինը, սա նշանակում է որ իրենք են գիտակցված տանում արցահայությանը դեպի ցեղասպանություն, որի նախապատրաստման մեջ մեղադրում են Ադրբեջանին: