«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ «Հայկական ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակներում հրապարակվել է նույնանուն հետազոտությունների շարքի հերթական աշխատանքը, որ նվիրված է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնախնդրին։ Հետազոտող Սյուզան Նաջարյանը «44-օրյա պատերազմից 444-օրյա գերություն. հայ ռազմագերիները Ադրբեջանում» զեկույցում մանրամասն անդրադառնում է թե՛ հարցի քաղաքական և թե՛ իրավական կողմերին։ «Հայկական ալիքը» հրապարակում է հետազոտության սեղմագիրը և ամբողջական տարբերակը։
- Ադրբեջանական և Հայաստանի դե-ֆակտո հայկական իշխանությունների հայտարարությունների համաձայն, Ադրբեջանում այժմ պահվում է 38 հայ գերի: Սակայն ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի և իր թիմի ջանքերով հայտնաբերվել են ապացույցներ ևս 80 անձանց գերեվարման փաստով:
- Մինչ օրս վերադարձած գերիների թիվը կազմում է 151 հոգի:
- 38-ից 37-ի նկատմամբ հարուցված է քրեական գործ:
- Հաստատված 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են:
- Գերիների նկատմամբ կտտանքները մասսայական բնույթ են կրում և հիմնված են հայատյացության քաղաքականության վրա: Խոշտանգումների ենթարկվել են անխտիր բոլոր գերիները` անկախ տարիքից և սեռից:
- Առանձնակի դաժանություն է դրսևորվել բարձրաստիճան զինվորականների և տարիքով մեծ գերիների նկատմամբ: Վերջիններս, ըստ ադրբեջանական կողմի ենթադրությունների, պետք է մասնակցած լինեին նախորդ 2 պատերազմներին:
- ՀՀ դե-ֆակտո իշխանությունները գերիների հարցը դարձրել են քաղաքական առևտրի թեմա` փոխանակելով նրանց մե՛կ քարտեզների, մե՛կ ադրբեջանցի դիվերսանտների դիմաց:
- Դե-ֆակտո իշխանությունների համար գերիների հարցը ոչ այլ ինչ է քան ներքաղաքական կյանքում շահարկումների և անձնական փառքին ծառայող գործիք:
- Գերիների հարցի լուծման համար կարևոր է քաղաքական որոշման առկայությունը, իսկ այդ պարագայում հարկավոր է դե-ֆակտո վարչապետի անմիջական ներգրավվածությունը:
- Քաղաքական գործիքակազմի անգործունակության պարագայում անհրաժեշտ է դիմել իրավական գործիքակազմին, որով այժմ զբաղվում են հայ իրավապաշտպանները:
Ուսումնասիրությունն ամբողջությամբ կարող եք գտնել ստորև կամ ներբեռնել այս հղումով։
Հայկական ուսումնասիրություններ #2 - Հայ ռազմագերիները Ադրբեջանում - armenianproject.com