ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսին Ասիա կատարվելիք այցի ընթացքում նաև Թայվան այցելելու հնարավոր պլանը հանդիպել է Չինաստանի կոշտ արձագանքին։ Այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «Չինաստանի բանակը ձեռքերը ծալած չի նստի և վճռական քայլեր կձեռնարկի արտաքին միջամտությունը դադարեցնելու համար»:
Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ այցը կղզի լրջորեն կխախտի «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, մեծապես կվնասի Չինաստան-ԱՄՆ ռազմական հարաբերությունները և կվատթարացնի իրավիճակը Թայվանում:
Վերլուծաբաններն իրապես կարծում են, որ հնարավոր են սուր զարգացումներ՝ թեպետ շատերը բացառում են ռազմական գործողությունների հնարավորությունը: Այնուամենայնիվ, հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը հաստատել է շաբաթավերջին Financial Times-ում հրապարակված զեկույցը, որում ասվում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հնարավոր այցի վերաբերյալ Չինաստանի նախազգուշացումներն «զգալիորեն ավելի կոշտ են», քան նախորդ դեպքում, երբ նա դժգոհ էր ԱՄՆ-ի քաղաքականությունից Թայվանի նկատմամբ:
Այսպիսով՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները շարունակ սրվում են՝ ուղեկցվելով կոշտ հռետորաբանությամբ և սեփական շահից ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ՝ անգամ ռազմական գործողությունների հնարավոր սցենարով:
Հիշեցնենք, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հովանու ներքո գործող անգլալեզու «Global Times» պարբերականը դեռ հունիսի 11-ին հանդես էր եկել խմբագրականով, որում անդրադարձ էր կատարել չին-ամերիկյան հնարավոր առճակատմանն ու Թայվանի հիմնախնդրի լուծման տեսլականին։ Խմբագրականը վերնագրված էր «Ցույց տալով դիրքորոշում, որ մենք չենք վարանի պատերազմել, կօգնենք հաստատել խաղաղություն Թայվանի նեղուցում»։
Այս հղումով կարող եք կարդալ Հայկական ալիքի անդրադարձը խմբագրականին: