Արցախ, Վերլուծություն

Փաշինյանին չհաջողվեց անաղմուկ հանձնել Արցախը

18 / 08 / 2023

Նախօրեին ավարտվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման խնդրի վերաբերյալ լսումները: Այս մասին առավել մանրամասն՝ «Հայկական ալիք»-ի հոդվածում։

Հարցի նախապատմությունը

2018թ․-ին` Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո, սկսվեց հայկական բանակի գեներալների և բարձրաստիճան սպաների հետապնդումը, դադարեցվեց ԶՈՒ վերազինման ծրագիրը, սկսվեցին խառնաշփոթ առաջացնող կադրային հաճախակի փոփոխություններ բանակում և հատուկ ծառայություններում։ Փչացան նաև դաշնակիցների հետ հարաբերությունները, իսկ նոր դաշնակիցներ այդպես էլ չհայտնվեցին։

Արդյունքում, 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Մարտական գործողություններն ավարտվեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությամբ։ Այդ պահի դրությամբ Ադրբեջանը գրավել էր Արցախի շուրջ 3,7 հազ․ քառ․ կիլոմետր տարածք, ևս 5 հազ․ քառ․ կիլոմետր Հայաստանի իշխանությունները հանձնել են նրան պայմանավորվածությունների համաձայն։ Արդյունքում, Արցախը Հայաստանի հետ կապվեց միայն, այսպես կոչված, «Լաչինի միջանցքով», որը պետք է վերահսկեին նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն Արցախ մուտք գործած ռուս խաղաղապահները։

Բանակցություններ

Եթե ներկա իրավիճակի սկզբում՝ նոյեմբերի 10-ի և այլ հայտարարություններով, Արցախի կարգավիճակը որոշված չէր, ապա 2022թ․-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ 2022թ․-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը՝ այն ժամանակ դեռ «էկոակտիվիստների» օգնությամբ։ 2023թ․-ի մայիսին՝ Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում, Փաշինյանը Բրյուսելում կրկին ստորագրեց մի փաստաթուղթ, որում ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ի տարբերություն «Պրահայի» փաստաթղթի՝ նշված էր նաև ճանաչված տարածքը՝ 86600 քառ. կմ։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը մտնում է իր կողմից ճանաչված Ադրբեջանի 86600 քառ.կմ տարածքի մեջ։

«Խաղաղության պայմանագիր»

Փաշինյանն ու իր թիմը բազմիցս հանդես են եկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին՝ դա ներկայացնելով որպես «լավ լուր», «կադաստրի թուղթ» ստանալ և այլն: Իսկ Արցախի «հայ բնակչության» իրավունքները Հայաստանի դե ֆակտո իշխանությունները պատրաստվում էին առանձին հարթակում քննարկել Բաքվի հետ: Այնուհետև ընդհանրապես հայտարարեցին, որ անհրաժեշտ է «երկխոսություն» Բաքվի և Ստեփանակերտի միջև։

Արցախի հանձնումը

Ադրբեջանն արցախահայության դեմ իր ցեղասպան գործողություններով ցույց է տալիս, որ Արցախը հանձնել, այն փաթաթելով որևէ քաղաքակիրթ փաթեթավորման մեջ, չի ստացվի։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները Արցախը հանձնում են Ադրբեջանին՝ քաջատեղյակ լինելով, թե ինչ ճակատագիր է պատրաստել նրանց համար Բաքվի նացիստական ռեժիմը։ Բայց փաշինյանական թիմը շատ կցանկանար դա անել հանգիստ մթնոլորտում՝ առանց շրջափակման և սովամահությունների՝ «ապրում են չէ՞ շվեդները Ալանդյան կղզիներում», «ժամանակ է պետք, միջազգային հանրությունը կպաշտպանի հայերի իրավունքները» սոուսի տակ և այլն: Իրավիճակի պարադոքսն այն է, որ Ադրբեջանը, որին ձեռնտու է Արցախի հանձնումը, ըստ էության, իր ցեղասպան գործողություններով արգելակում է գործընթացը։  Դրա պատճառը ևս հասկանալի է. Ադրբեջանը կարծում է, որ ամեն դեպքում Արցախը կստանա, և եթե Հայաստանը ստորացած, շրջափակման և սովի ֆոնին այն հանձնի, ապա ադրբեջանական նացիստական ռեժիմի համար դա ավելի լավ է։  Ավելի դանդաղ է, բայց ավելի շատ է համապատասխանում նրանց մոտեցումներին, տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի դերի մասին պատկերացումներին։

Քննարկումները ՄԱԿ-ում՝ հանձնումը կոծկող աղմուկ

Վերոնշյալի լույսի ներքո հասկանալի է, որ ՄԱԿ-ում քննարկումները, որոնք նախաձեռնվել էին Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից այլ կերպ չէին  էլ կարող ավարտվել։ Փաշինյանական Հայաստանն ինքն է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, բնականաբար, ինքն էլ նույնիսկ քննարկման չի դրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը՝ շրջափակումը շարունակելու դեպքում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումները սոսկ թզենու տերև են, գործունեության իմիտացիա, տեղեկատվական աղմուկ, որով Հայաստանի դե ֆակտո իշխանությունները փորձում են կոծկել այն, ինչ անում են՝ Արցախը հանձնում են Ադրբեջանին։ Այնուհետև առաջ է գալիս արդեն ողջ Հայաստանը ադրբեջանա-թուրքական տանդեմին հանձնելու հարցը։ Ինչու՞ են Հայաստանի դե ֆակտո իշխանությունները գնում դրան։ Փաշինյանն ու իր թիմը սպասարկում են Արևմուտքի շահերը, ոչ թե Հայաստանի։ Արևմուտքի նպատակը տարածաշրջանում հասկանալի է՝ Իրանին զրկել Հայաստանով անցնող ճանապարհից, Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից և Արցախից, Հարավային Կովկասում ստեղծել համատարած հակաիրանական և հակառուսական պլացդարմ։ Եթե հանուն դրա պետք  է գնալ «բրյուսելյան դավադրության» և հանձնել 120 հազար արցախահայությանը կամ 3 միլիոն հայաստանցու, դե, լավ չէ, բայց ի՞նչ արած, Մեծ խաղն Արևմուտքի համար ավելի կարևոր է։ Ժամանակին՝ 1938 թ․-ին, նացիստական Գերմանիային հանձնեցին 15 միլիոնանոց Չեխոսլովակիան։

Կճեղքե՞նք այս փակուղին

Ամեն ինչ հնարավոր է։ Ռուսաստանն ու Իրանը չեն պատրաստվում ընդունել պարտությունը։ Իրանն արդեն ներքաշված է խաղի մեջ. հենց նրա ջանքերն են Ադրբեջանին հետ պահում Սյունիքին հարվածելուց։ Ռուսաստանը, որի հետ Հայաստանն ունի սահմանների անվտանգության ապահովման երկկողմ պայմանագիր, առայժմ այնքան էլ ակտիվ չէ Ուկրաինայում պատերազմի պատճառով, բայց նաև հնարավորություններ ունի ազդելու Հարավային Կովկասում ուժերի դասավորվածության վրա։ Գետնի վրա դրանք են ռուսական ռազմաբազան, Հայաստանում ԱԴԾ սահմանապահ զորքերը և Արցախում խաղաղապահ զորախումբը։

Նշաններից մեկը, որ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի խորհրդարանի խոսնակ ընտրվելն է։ Այդպիսով, Արցախի իշխանության մեջ ուժեղանում է հայրենասիրական կուսակցությունը, և դա կարող է ունենալ դրական հետևանքներ:

Չափազանց կարևոր է ազգային դաշտի համախմբումը հենց Հայաստանում և հենց ազգային օրակարգի, այլ ոչ թե անհատի կամ կուսակցության շուրջ։ Անձը կամ կուսակցությունը կարող է հանդես գալ որպես ավանգարդ, բայց կարևոր է, որ մարդկանց միավորի գաղափարը։ Ո՞րն է այդ գաղափարը։ Կառուցել ուժեղ ազգային պետություն, որտեղ մարդիկ անվտանգ կլինեն: Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև ողջ աշխարհի հայերը միայն հիմա են գիտակցել, թե որքան ավելի անվտանգ էր երկիրը նախկինում, որքան կարող էին իսկապես հպարտ լինել․ նրանք ներկայացնում էին հաղթանակած երկիր: Իհարկե, նախկինում նույնպես խնդիրներ են եղել և՛ արտաքին, և՛ ներքին դաշտերում։ Համախմբված ազգային դաշտը, բացի երկրի (ներառյալ Արցախի) անվտանգության ապահովումից, պետք է նպատակ դնի, որ ապագայում նման խնդիրներ չլինեն։

Կարեն Իգիթյան, կովկասագետ

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *